Դեկտեմբերի 20-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները ավտոերթով շարժվելու են դեպի Արցախ: Այսօր դեկտեմբերի 18-ին, «Նախախորհրդարանում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց ավտոերթի մանրամասները. «Ակնհայտ է Արցախի աշխարհառազմավարական, համահայկական նշանակությունը մեր համար, ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը եւ արցախցին զերծ մնան Հայաստանի Հանրապետության քաղաքական անցուդարձից: Մենք կարեւորում ենք Արցախի դերը, մեր համար Արցախը Հայաստանի Հանրապետության համար մեկ մարզն է: Իրազեկման ավտոերթը սկիզբ է դնելու մեկ այլ գործընթացի, որ Արցախը պետք է լիարժեք կերպով իր դերի եւ նշանակությանը համապատասխան ներգրավվի մեր քաղաքական գործընթացների մեջ եւ իր վճռական խոսքն ասի»:
Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ նախաձեռնության նկատմամբ կապված այդ ավտոերթի հետ արդեն սպառնալիքներ եղել են. «Անգամ ասել են, որ Գորիսում կարող է մեզ սպասեն եւ հաշվեհարդար կտեսնեն մեզ հետ: Բնականաբար, այդ ամենին պետք է վերաբերել որպես ռեժիմի ջղաձգում եւ ժպիտով ընդունել դա: Մենք, բնականաբար, հաշվի չենք առնելու նման երեւույթները եւ շարունակելու ենք մեր քայլերը»:
Արցախում ավտոերթի մասնակիցներին միանալու են նաեւ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» կոմիտեի անդամները, որից հետո էլ Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի դիմաց տեղի է ունենալու Ժիրայր Սեֆիլյանի եւ արցախցիների հանդիպումը: Իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, մասնակիցները ավտոերթով կվերադառնան Երեւան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ