Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աբսուրդի թատրոն՝ ըստ փաստաբանի

Դեկտեմբեր 18,2014 14:29

Փաստաբան Դիանա Գրիգորյանը դատի էր տվել կրթության եւ գիտության նախարարությանը: Խնդիրը վերաբերում էր շուրջ երկու տասնյակ ուսուցիչներին, որոնք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ասուլիսում արված հայտարարության համաձայն ազատվել էին աշխատանքից՝ որոշ դասաժամերի կրոնական քարոզչությամբ զբաղվելու համար:

Դիանա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ԿԳ նախարարությունից պահանջել են ապացույցներ եւ փաստաթղթեր այն մասին, թե որ դպրոցներում եւ որ դասաժամերին ու որ ուսուցիչներն են կրոնական քարոզներ իրականացրել: «Չնայած նախարարը ուղղակիորեն հայտարարել էր այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն իրենք հրաժարվեցին փաստաթղթեր եւ ապացույցներ տրամադրել, հրաժարումը մենք վիճարկեցինք առաջին ատյանի վարչական դատարանում, առաջին եւ վերաքննիչ դատարանները մերժեցին մեր հայցապահանջը՝ պատճառաբանելով, որ նախարարությունն այդ մասին որեւէ տեղեկատվության չի տիրապետում: Հարց է առաջանում, եթե նախարարությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում, ինչպե՞ս է նախարարը պաշտոնական հայտարարություն անում: Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ նման հայտարարություն նախարար Արմեն Աշոտյանն արել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով ստացած կամ փողոցում լսած ինֆորմացիայի հիման վրա: Ծիծաղելի է, բայց հենց այդ հիմքով էլ դատարանը մերժեց մեր հայցապահանջը: Մենք վերաքննիչ ատյան էլ բողոք ներկայացրինք, որը խուսափեց այդ մասով որեւէ պատասխան տալուց, ընդամենն ասացին, որ եթե նախարարության ներկայացուցիչն ասում է, որ նախարարությունը չի տիրապետում այդ ինֆորմացիային, ուրեմն չի տիրապետում:

Միեւնույն ժամանակ ասացին, որ իբր պահանջել ենք անձի վերաբերյալ տեղեկատվություն, հետեւաբար չեն կարող տրամադրել: Եթե հարցնում եմ՝ ո՞ր դպրոցներում է քարոզչություն իրականացվել, դա անձի՞ վերաբերյալ տեղեկատվություն է, եթե դուք շենքը, շինությունը նույնականացնում եք անձի հետ, ուրեմն դա ձեր իրավագիտակցական մակարդակի մասին է խոսում: Փաստորեն Վերաքննիչ վարչական դատարանն էլ շենքը, շինությունները նույնականացրեց անձի հետ ու մեր հայցը չբավարարվեց: Վճռաբեկն էլ հետ վերադարձրեց հայցը՝ ասելով, որ վարույթ ընդունելու հիմքերն առկա չեն»,-ողջ գործընթացը ներկայացրեց փաստաբանը:

Նա ցավով փաստեց, որ կոնկրետ մանկավարժներ իրեն չեն դիմել, որովհետեւ վախի մթնոլորտից ելնելով՝ խուսափում են իրենց իրավունքները պաշտպանել: «Ամեն դեպքում մենք ուղղակի փորձել ենք ընդհանուր տեղեկատվություն ձեռք բերել նախարարության կողմից հրապարակված փաստերի վերաբերյալ, եւ արդեն երկրորդ դեպքն է, երբ որեւէ մարմին հայտարարություն է անում, մենք փորձում ենք հայտարարության հետեւից գնալ եւ պարզել հիմքերը, ստանում ենք պատասխան, որ չունի հիմք, նախարարը տեղեկատվությունը ստացել է ֆեյսբուքյան էջից կամ փողոցում քայլելուց է լսել: Սա աբսուրդի թատրոն է»,-հավելեց Դիանա Գրիգորյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Ինքնասիրահարված և ամբարտավան սափրագլուխը տեղով աբսուրդ է….
    Մարդու աչքերի մեջ նայելով իր ցինիզմը առաջ կտանի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031