«Թվում է, թե կան բավարար հիմքեր, որոնք բավարար կլիներ, որպեսզի իրավապահները կատարեին որոշակի գործնական քայլեր, փոխարենը՝ ոստիկանությունը հայտարարություն է տարածում, որ շատ տարօրինակ գործ է, ավտոմեքենաները կայանվել են հատկապես այնպիսի վայրերում, որտեղ սովորաբար նրանք չեն կայանվում»,- այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «Նախախորհրդարանում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, փաստաբան Հայկ Գրիգորյանը:
Նա համարում է, որ այդ հայտարարությունը իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Մեքենաները կայանված են եղել սեփականատերերի մշտական կայանավայրերում, առավել եւս այն դեպքում, երբ դրանցից երկուսը կայանված են եղել իրավապահ մարմինների շենքերի դիմաց. «Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության շենքը ունի ոչ միայն տեսաձայնագրություն ապահովող սարքեր, այլ նաեւ ձայնային ազդանշաններ ձայնագրող սարքավորումներ: Այդ պարագայում ոստիկանության հայտարարությունը, որ փաստի առիթով բացակայում են ձայնագրություններ, եւս շատ կասկածելի են թվում»:
Հայկ Գրիգորյանը նշեց, որ չնայած քրեական գործեր են հարուցվել, բայց քննչական որեւէ գործողություններ չեն կատարվել, ի հայտ չեն բերել հանցագործություն կատարած անձանց եւ փորձ է արվում ամեն մի հրկիզումը դիտել որպես առանձին դրվագ, ոչ թե որպես կազմակերպված միջոցառում. «Ուշագրավ է մեկ այլ դրվագ, որը իրավապահ մարմինների ուշադրությունից վրիպել է. Սյունիքի մարզի մարզպետի հաստիքին նշանակված անձնավորության թիկնապահը կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնացել է «Նախախորհրդարանի» ակտիվ անդամ Գեւորգ Գասպարյանին: Այդ սպառնալիքները հնչեցնելուց հետո մարզպետարանը, որը պետական մարմին է, պաշտոնապես ներողություն է խնդրում կատարվածի համար նրանից: Այնինչ այդպիսի սպառնալիք հնչեցնելը քրեական օրենսգրքով պատժվող արարք էր, որը պետք է իրավապահների քննության առարկա դառնար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ