Դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայանը: Այն կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայջրմուղկոյուղի ՓԲԸ կեղտաջրերի մաքրման տնօրեն Սեբուհ Բերբերյանը, Fichtner GMBH խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Մայքլ Ուլիխը և «Արփա-Սևան» շինարարական ընկերության տնօրեն Պարույր Հակոբյանը:
Հայաստանում Եվրոպական միության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ ԵՄ-ն իր գործընկերների հետ ուրախ է ֆինանսավորել այս համապետական ծրագիրը: «Եվրոպական միությունը ծրագրի իրականացման համար տրամադրել է 7.6 մլն եվրո դրամաշնորհ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո: Ես ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Ջերմուկ քաղաքը ծրագրի շահառու 17 համայնքներից մեկն էր»,- նշեց դեսպանը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը և մյուս գործընկերներին՝ կեղտաջրերի մաքրման այսպիսի կայան կառուցելու հնարավորություն ընձեռելու համար: «Այս ծրագիրն ավելի ընդգրկուն է՝ Կապանից մինչ Նոյեմբերյան բազմաթիվ համայնքներ են ընդգրկված ծրագրում: Այս ծրագրի շրջանակներում մենք կառուցել ենք կեղտաջրերի մաքրման երկու կայան. մեկը՝ Ջերմուկում, մյուսը՝ Դիլիջան քաղաքում, որը նույնպես շուտով շահագործման կհանձնվի: Նախորդ ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսավորվել են նույն կազմակերպությունների կողմից, մենք կառուցել ենք ևս երեք մաքրման կայան Վարդենիսում, Գավառում և Մարտունիում: Ուրախալի է, որ Հայաստանում կա կամք շարժվելու շրջակա միջավայրի պահպանության քաղաքակության ուղղությամբ»,- նշեց Պատրիկ Լորենը:
Կարդացեք նաև
Ծրագրի նպատակն է ՀՀ 7 մարզերում 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկույուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը: Այսպիսով՝ կբարձրանա 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը` խմելու ջրի մատակարարման տևողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելին քան 14 ժամ, ինչպես նաև կապահովվի ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:
Ջրի մաքրման նոր կայանների կառուցման նպատակով կատարվելիք ներդրումը կհանդիսանա առաջին քայլը բնակավայրերի մեծ մասում համապատասխան որակի մաքրման բացակայության պատճառով ջրային պաշարների աղտոտվածության ներկա մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:
Մամլո հաղորդագրություն