Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են 300 դրամ դարձնել ուղեվարձը

Դեկտեմբեր 18,2014 13:45

Այսօր Նոր Նորքի զանգվածները սպասարկող երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել. նրանք փակել են Նորքի 9-րդ զանգված տանող գլխավոր ճանապարհը: Այսօր «Հենարան» ակումբում ասաց «Ուղեւորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը, որը նաեւ վստահեցրեց, որ այսօր 40 երթուղի չի աշխատել:

Եղիազարյանի փոխանցմամբ` վարորդները պահանջում են կամ ուղեվարձը 100 դրամից դարձնել 300 դրամ, կամ վառելիքը`գազը եւ դիզվառելիքը իրենց վաճառեն այն գնով, որով մտնում է Հայաստան, կամ անվադողերն էժանացնեն, կամ էլ կառավարությունը սուբսիդավորի երթուղագծերը սպասարկող ընկերություններին:

Հրանտ Եղիազարյանն ասաց, որ եթե կառավարությունը չսուբսիդավորի, ինքը չի պատկերացնում, չգիտի, թե ինչ կլինի:

varordner-2 Varordner-1 varordner-3

Անցյալ տարի, երբ ուղեվարձի բարձրացման խնդիր էր դրված, խոսվում էր 150 դրամ ուղեվարձի մասին, սակայն պարոն Եղիազարյանն ասաց, որ այս գինն էլ բավարար չէ աշխատելու համար. «Արդեն ուշ է, շատ ուշ է: Եթե այն ժամանակ մեր շատ հարգելի ակտիվիստները, շատ հարգելի, իրենց ունեցած սեփական մեքենաներով քաղաքացիներին տանում էին Երեւանի տարբեր փողոցներ, եւ ասում էին ոչ 150 դրամին, այո` 100-ին, գիտեք ինչի ես չեմ նեղանում դրա համար: Ինձ էլ հաճելի չէ ավել 50 դրամը, բայց ես գիտակցում եմ, որ այդ 50 դրամը այն բուֆերը կլիներ, որը հնարավորություն կտար աշխատել»: Եղիազարյանի խոսքերով` երթուղիները սպասարկող ընկերություններին բանկերը վարկեր չեն տրամադրում:

«Ինձ չի բավարարում այն կեցվածքը, որ ուղեւորը շախմատի ձիու կեցվածքով երթեւեկում է, ինձ չի գոհացնում, բայց մինչեւ ուղեվարձը չբարձրանա, այդ մարդիկ չեն կարողանալու շարժակազմ փոխել, ինչպես որ չկարողացան մինչեւ հիմա: Նրանք այսօր բանկրոտ են»:

37 երթուղու սեփականատեր «Լյուդվիգ եւ որդիներ» ընկերությունը, ինչպես ասաց պարոն Եղիազարյանը, 800 հազար դոլարի ներդրում է կատարել, բայց վնասով է աշխատում: Հարցին` եթե վնասով է աշխատում, ապա թող հրաժարվի իր բիզնեսից, Եղիազարյանն ասաց. «Նա այնքան պետք է աշխատի, որ գոնե 400 հազարը հետ բերի»: Եթե վնասով է աշխատում, ապա ինչպե՞ս է կարողանալու այդ գումարը հետ բերի, այս հարցին Եղիազարյանը նույն պատասխանը տվեց` «Ներդրում է արել, պիտի աշխատի, որ փողը հետ բերի»: 5 անգամ նույն հարցը հնչեցվեց. եթե վնասով է աշխատում, ինչպես դուք եք պնդում, ինչո՞ւ չի հրաժարվում բիզնեսից, ինչպես է վնասով աշխատելու դեպքում գումարները հետ բերելու, Եղիազարյանը նորից նույն պատասխանը տվեց. «Պետք է աշխատի, որ գումարը հետ բերի»:

Հիշեցնենք, որ երեկ էլ միկրոավտոբուսների վարորդները գործադուլ էին արել, Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանը հանդիպել է նրանց հետ, որից հետո վարորդները գիծ են դուրս եկել: Մեր այն հարցին, թե` ինչպե՞ս է Նավասարդյանը համոզել ըմբոստ վարորդներին նորից դուրս գալ ու վնասով աշխատել, ուղեվարձի թանկացման  վստահեցում եղե՞լ է, Եղիազարյանն ասաց. «Նավասարդյանն ասել է, որ այսօր ժամը 5-ին Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունը հրավիրել է  հերթական հանդիպման, չգիտենք` ի՞նչ կասեն, ասել են` վաղը ձեր ղեկավարությունը կգա մեզ մոտ, ասելու բան ունենք, գնացեք աշխատեք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031