Դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումն ու ֆինանսական շուկայում տիրող անկայունությունը Հայաստանի՝ ճգնաժամ ապրող Ռուսաստանից կախյալ զարգացման ուղղակի հետեւանք է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Այն պատժամիջոցները, որ կիրառվում է Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից, բնականաբար, արտացոլվում է մեր տնտեսության վրա, որը կախյալ, պերիֆերիկ տնտեսություն է Ռուսաստանի համար եւ միշտ շահագործվել է»,-ասում է Աշոտ Եղիազարյանը:
Այն, թե ինչն է ազդում դրամի փոխարժեքի վրա, տնտեսագետի խոսքով հանրահայտ է՝ ռուսական ռուբլու անկմամբ պայմանավորված նվազել են արժութային մուտքերը Հայաստան, կա նաեւ արտարժույթի որոշակի արտահոսք Հայաստանից:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ստեղծված իրավիճակում Հայաստանի համար միակ ելքը համարում է զարգացման կախյալ ճանապարհից դուրս գալն ու այլընտրանքին՝ Եվրաասոցացմանը վերադառնալը:
Կարդացեք նաև
«Փաստացի մենք կորցրել ենք արտահանումը դեպի Ռուսաստան, տրանսֆերտները նվազագույնի են հասցվել: Այս գործընթացը կշարունակվի ու կխորանա»,-«Մեդիալաբին» ասում է Աշոտ Եղիազարյանը:
Հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի ԿԲ-ն, դոլար-դրամ հարաբերակցությունը եթե ոչ նախկին մակարդակին, ապա գոնե որոշակի կայունության հասցնելու համար, Աշոտ Եղիազարյանը պատասխանում է.
«ԿԲ-ի կառավարության հարց չկա: Հարցն ավելի ընդգրկուն է՝ պետք է դուրս գալ այդ կախյալ վիճակից, պետք է վերականգնել ԵՄ հետ հարաբերությունները ամբողջ ճակատով, զարգացնել Իրանի հետ կապերը: Մեր տնտեսության մեջ պետք է պակասեցնել ՌԴ ազդեցությունը»:
Տնտեսագետի գնահատմամբ, ֆինանսական շուկայում վայրիվերումները կշարունակվեն, քանի որ Հայաստանի ձեռքերը կապված են:
«Մենք չունենք այլընտրանքային ընտրության հնարավորություն: Մինչեւ այս էլ դա կար, բայց այն ֆորմալացվեց սեպտեմբերի երեքին: Մենք ստանձնել ենք պարտավորություններ, որոնք թույլ չեն տալիս մանեւրել, գործել ազատ եւ ինքնուրույն»,-ասում է նա:
Աշոտ Եղիազարյանի գնահատմամբ, ճգնաժամի հետ զուգահեռ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է հենց ֆինանսական առումով՝ դրամական փոխանցումների, արտահանումից ստացվող գումարների, ենթակառուցվածքներում ներդրումների ու ստացվում է, որ մ կողմից մենք հնարավորություն չունենք զարգացնել տնտեսությունը, ներդրումներ անել, քանի որ պակասում են այդ հնարավորությունները, մյուս կողմից՝ սահմանափակված ենք այլընտրանքային լուծումներ գտնելու հարցում:
«Հայաստանն այսօր այս վիճակում է»,-արձանագրում է Աշոտ Եղիազարյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում