Անդրադառնանք պրն Ջավադյանի ասածներին։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ նա ճիշտ է ասում (որ Հայաստանը բավարար ռեզերվներ ունի, իրավիճակը վերահսկվում է եւ այլն), կամ ստում է։ Ստելու դեպքում եզրակացությունը մեկն է՝ նա անմիջապես պիտի պաշտոնանկ արվի (եթե, իհարկե, հենց պաշտոնանկ անելու իրավունք ունեցողները չեն նրան հանձնարարել ստել ու փորձել այդ ձեւով կասեցնել խուճապը): Բայց մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պրն Ջավադյանը ստում է. ո՞վ է տեսել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ստեն։ Հետեւաբար՝ որպես հիմք կընդունենք այն տարբերակը, որ նա ճիշտ է ասում։
Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն ունի «կայացած բանկային համակարգ» եւ բավարար քանակությամբ դոլար՝ դրամի հիպերինֆլյացիան կանխելու համար, բայց իրավիճակը ժամ առ ժամ միայն վատանում է։ Սա միայն մի բացատրություն ունի՝ ոչ ՀՀ շարքային քաղաքացիները, ոչ ֆինանսական շուկայի մասնակիցները չեն վստահում իշխանություններին։ Եթե վստահեին՝ ԿԲ հայտարարությունից անմիջապես հետո խուճապը կվերանար, եւ դրամի փոխարժեքը «տեղը կընկներ»։
Վրաստանում, ի դեպ, հենց այդպես էլ եղավ։ Մի երկու օր առաջ այնտեղ նույնպես խուճապ սկսվեց, լարին մի քանի տոկոսով արժեզրկվեց, բայց ԿԲ-ն շատ արագ հանդես եկավ հայտարարությամբ, ու խուճապն անմիջապես կանխվեց, լարիի փոխարժեքն էլ «ընկավ տեղը»։ Այսինքն՝ ստացվում է, որ ֆինանսական համակարգի փլուզման պատճառները միայն արտաքին ազդակները չեն, հիմնական պատճառն իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահությունն է։ Սա, ի դեպ, անուղղակիորեն հաստատում է նաեւ նույն ԿԲ-ն՝ հայտարարելով, թե արտաքին ազդակներին դիմակայելու ռեսուրսներ կան (այսինքն՝ դրամի հիպերինֆլյացիան օբյեկտիվ պատճառներ չունի):
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում