Երեկ եւ առաջին օրը Երեւանի մի շարք խանութներ օրվա մեջ մի քանի անգամ կասեցրել են առեւտուրը՝ սպասելով դոլարի կուրսի կայունացմանը։ Իսկ ապրանքների թանկացումը որոշ տեղերում գրեթե կրկնակի է։
Տարբեր սուպերմարկետներում պարենային նշանակության նույն ապրանքը տարբեր գնով է վաճառվում։ Մասնավորապես՝ մեկ լիտր ծավալով «Սլոբոդա» ձեթը «էվրիկա» սուպերմարկետում երեկ արժեր 750 դրամ, «Փակ շուկա» սուպերմարկետում՝ 1030:
Եթե պարենի շուկայում, անկախ գնաճից, ներկրողները կարող են ապահովել գոնե միջին շրջանառություն, ապա շատ ծանր իրավիճակ է ստեղծվել էլեկտրատեխնիկա ներկրողների համար։
«Բեկո» խանութների ցանցում երեկվանից նախատոնական 5– 10 տոկոս զեղչերը չէին գործում։ Գներն էլ բավականին բարձրացել էին։ Հեռուստացույցների գները բարձրացել էին մոտ 31 տոկոսով։ Կային ապրանքատեսակներ, օրինակ՝ նոութբուքները, որ խանութում դեռ հստակ չգիտեին՝ վաճառե՞ն, թե՝ ոչ։ Խնդիրը նրանում է, որ եթե ամիսներ առաջ դոլարի ցածր կուրսով ներկրած տեխնիկան վաճառեն հին գնով, ապա պետք է նոր տեխնիկա ներկրելու համար դոլար գնեն ավելի բարձր արտարժույթով։ Հենց այդ պատճառով էլեկտրատեխնիկայի գինն այդպես բարձրացվել էր։
Կարդացեք նաև
«Արայ» խանութում նույնպես գնաճ արձանագրեցինք։ 325 հազար դրամ արժողությամբ հեռուստացույցի գինն աճել էր՛ մինչեւ 397 հազար դրամ։ «Հատուկ գին» ակցիան, որը «Արայ»–ում մշտական է եղել որոշ ապրանքատեսակների համար՝ անկախ սեզոնից, երեկվա դրությամբ կասեցված էր։
«Զիգզագ»-ում «Բոշ» ֆիրմայի սառնարաններից մեկը երեկ վաճառվում էր 639 հազար դրամով այն դեպքում, երբ նախօրեին դրա գինը մոտ 450 հազար դրամ է եղել։ Իսկ «Վեգա»–ում 360 հազար դրամ արժողությամբ հեռուստացույցի գինը 660 հազարի էր հասել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։
«Այէլեկտրոնիքս» խանութում գնապիտակները հավաքել էին։ Երբ փորձեցինք ճշտել ապրանքներից մեկի գինը, աշխատակիցը պատասխանեց, որ դա պարզ կլինի կես ժամից։ Բոլորը սպասում էին դոլարի փոխարժեքի կայունացմանը, որպեսզի հասկանան, թե որքան գնահատեն տեխնիկան։
Իսկ «Սամսունգ» ֆիրմայի պաշտոնական ներկայացուցչի Մաշտոցի մասնաճյուղը ժամը 11-ի սահմաններում փակ էր։ Աշխատողները ներսում էին, սակայն վաճառքը կասեցվել էր։ Դրսից տեսանելի էր, որ այստեղ նույնպես գնապիտակները հավաքել էին։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում