Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահը խոստացավ, որ գերարժեզրկված դրամը կարժեւորվի

Դեկտեմբեր 18,2014 10:26

Գուցե նույնիսկ՝ շատ մոտ ապագայում

Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին, երբ 1 դոլարը կարելի էր գնել 450-460 դրամով, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը, իսկ դրամի արժեզրկումը ժամանակավոր բնույթ է կրում:

Նույն բաները նա կրկնեց երեկ կայացած ասուլիսի ժամանակ, երբ դոլարն արդեն արժեր 550-560 դրամ: Նա կրկին բացատրեց, թե որոնք են այն պատճառները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Նորություն էր թերեւս այն գնահատականը, որ դոլարը այս պահի դրությամբ գերարժեւորված է. «Ներկայումս դոլարը գերարժեւորված է, այսինքն՝ այն արժե ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Գերարժեւորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը եւ որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաների իրականացումը: ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, եւ սպեկուլյացիոն ու անհարկի խուճապային իրավիճակի վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեւորվի»:

ԿԲ-ն կրկին զգուշացրեց քաղաքացիներին՝ զերծ մնալ փողի անհարկի փոխարկումներից, ինչը կարող է էական կորուստների հանգեցնել: «Հորդորում եմ մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից: Կենտրոնական բանկը բազմիցս նշել է եւ մեկ անգամ եւս հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, եւ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: ԿԲ-ն իրավիճակը միշտ պահում է վերահսկելի: Մենք վստահ ենք, որ տիրապետում ենք գնաճի զսպման բոլոր հնարավորություններին, եւ մեր գերնպատակը մնում է գների կայունությունը: Գնաճի կարճաժամկետ սպասումների կայունացման եւ դոլարայնացումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեռեւս երկու շաբաթ առաջ արդեն իսկ բարձրացրել է կարճաժամկետ (մեկ օրով տրամադրվող) լոմբարդային վարկերի տոկոսադրույքը մինչեւ 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է եւ հնարավոր է նաեւ արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ Խորհուրդը իր որոշումը կկայացնի տոկոսադրույքների մակարդակի եւ գնաճը իր նպատակին վերադարձնելու արագության եւ ժամանակի մասին»:

ԿԲ նախագահը զգուշացրեց, որ հնարավոր է որոշ տնտեսվարողներ արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով, ինչը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է եւ կպատժվի համապատասխան կարգով:
Ավանդների ապագայի համար անհանգստացողներին Ա. Ջավադյանը հանգստացրեց. «Մենք ունենք հուսալի եւ կայուն բանկային համակարգ: Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են եւ կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները եւ ավանդները:

ՀՀ կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել եւ ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա՝ հաշիվների եւ ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով»:
Նա նշեց, որ դոլարի պակաս բանկերը չունեն. «Եթե նույնիսկ ինչ-որ մի պահի մեր բոլոր քաղաքացիները որոշեն իրենց դրամային դեպոզիտները փոխարինել դոլարի՝ տվյալ պահի շուկայական արժեքով, մենք այդ ծայրահեղ սցենարն էլ ենք հաշվի առել, ապա կարող եմ վստահ ասել, որ գումարը կբավարարի անհրաժեշտ ծավալների կան բանկերի հաշիվների վրա: Մեր տվյալներով՝ ԿԲ-ում ունեն 300 մլն դոլարից ավելի փող, մնացած թղթակցային հաշիվներում՝ եւս այդքան, բացի դա, ունեն նաեւ եվրո, ռուբլի, կանխիկ գումար: Ես այսօր հանդիպել եմ բոլոր առեւտրային բանկերի ղեկավարների հետ, վճռական են տրամադրված եւ պատրաստ են պատժելու օրինազանց աշխատակիցներին»:

Երեկ ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս» բանկի հիմնադիր Ստեփան Նասիբյանը «Առավոտին» ասել էր, որ 550-600 դրամը՝ մեկ դոլարի համար արդարացի գին է. «Ես ենթադրում եմ, որ ֆինանսական ղեկավարությունը չէր սպասում, նրանք հավատում էին, որ 1 դոլարի դիմաց 411 դրամն արդար կուրս է, եւ այդ ժամանակ ինտերվենցիաներ արեցին: Իմ կարծիքով` կարելի էր դա չանել. սպասել մինչեւ վերին սահմանը, երբ շուկան կհանգստանար: Իմ կարծիքով` մեր ֆինանսական ղեկավարությունն իրականությունից կտրված է, կարծում էին, որ որոշակի գումարով կկարողանային հանգստացնել շուկան, կկանգնեն 1 դոլարին` 411 դրամ մակարդակի վրա: Դոլար-դրամ արդարացի փոխարժեքը 550-600 դրամն է, այդ փոխարժեքի դեպքում մեր բյուջեն կհավասարակշռվի, իսկ 600 դրամից բարձր կուրսն արդեն վտանգավոր կլինի, այդ դեպքում պետք է միջամտություն անել»:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ արդյոք մինչ այս կտրուկ արժեզրկումը ԿԲ-ն արհեստականորե՞ն էր պահում 411 դրամ՝ 1 դոլարի դիմաց գինը, արհեստականորե՞ն էր արժեւորում դրամը, Արթուր Ջավադյանը ասաց. «Մեր դռները բաց են բոլոր ֆինանսիստների եւ տնտեսագետների համար, մենք պատրաստ ենք եւ քննարկում ենք բոլորի հետ իրավիճակը: Երբ մենք ամռանը դոլար էինք գնում կամ երբ նախորդ տարի 121 մլն դոլար գնեցինք՝ այն ժամանակ գերարժեւորվա՞ծ էր դրամը, այդ դեպքում ինչո՞ւ էր շուկան մեզ դոլար վաճառում: Մենք խոսում ենք լողացող կուրսի քաղաքականության մասին եւ ասում ենք, որ երբ լինում են տատանումներ՝ փորձում ենք միջամտել, բայց երբեք չենք միջամտել միակողմանիորեն: Գոյություն ունի սեզոնայնություն, երբ սեզոնայնությունը արտահայտվել է, մենք գարնանը եւ աշնանը այլ կերպ ենք միջամտել, ձմռանն ու ամռանը՝ այլ: Բացառությունը եղել է անցած տարի, երբ նույնիսկ աշնանը մենք միջամտեցինք՝ դոլար առնելով շուկայից, չենք թողել ազգային դրամը շատ ուժեղանա, որովհետեւ համարել ենք այդ փոխարժեքը իրական»:

Պարոն Ջավադյանը ասաց, որ դրամի իրական արժեքը հասկանալի կլինի միայն այն դեպքում, երբ ԿԲ-ն չանի ինտերվենցիաներ, եւ շուկան ինքը որոշի գինը, սակայն առայժմ՝ մինչեւ տարեվերջ ԿԲ-ն որոշակիորեն կմիջամտի արտարժույթի շուկային՝ խուճապի արդյունքում առաջացած սթրեսները մեղմելու համար:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031