Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը կոչ է անում պատժել Ալիեւին, իսկ ՌԴ-ն շարունակում է «սիրաշահել» նրան

Դեկտեմբեր 18,2014 16:30

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների խորացման ֆոնին վերջին շրջանում բավական խստացել է Արեւմուտքի կողմից քննադատությունը՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում իրավապաշտպանների, լրագրողների եւ առհասարակ ընդդիմադիր հայացքներ ունեցողների ձերբակալություններն Ադրբեջանում՝ կարելի է եզրակացնել, որ Ալիեւը մտադիր չէ «նահանջել»:

Ֆրանսիական Le Point շաբաթաթերթը հրատարակել է ծավալուն հոդված Ադրբեջանում Ալիեւի ընտանիքի 25-ամյա իշխանության մասին։ Հոդվածում հեղինակն անդրադարձել է Ադրբեջանում ալիեւյան խարդախություններին, կեղծված ընտրություններին, մամուլի անազատ վիճակին, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, Ալիեւ ընտանիքի՝ կեղծ ընկերությունների միջոցով երկրի տնտեսության բոլոր ճյուղերի ղեկավարման հարցին։ «Ալիեւ դինաստիան եւ խավիարի դիվանագիտությունը» հոդվածում նշվում է, որ իրականում Ալիեւ ընտանիքը լոբբիզմի մեծ աշխատանք է տանում Ֆրանսիայում. նրանք գնում են, օրինակ, ֆուտբոլի խմբեր, ֆինանսավորում սպորտային եւ այլ միջոցառումներ՝ սպորտային, քաղաքական, մշակութային ու նույնիսկ համալսարանական շրջանակները ներթափանցելու, համակիրներ շահելու համար։ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամը ֆինանսավորել է Լուվրի թանգարանի իսլամական արվեստին նվիրված բաժինը, Վերսալյան ամրոցի, Ստրասբուրգի Մայր տաճարի վերակառուցումը»,- գրում է շաբաթաթերթը։ Հոդվածում նշվում է, որ Եվրոպայի խորհրդում որոշ պատգամավորներ դատապարտում են «խավիարի այդ դիվանագիտությունը»։ «Բայց չպետք է մոռանալ, որ Բաքուն իր նավթային հսկայական հարստություններով եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով խարսխված է Արեւմուտքում, որը լրացնելու կգա շուտով Անատոլու տարածքով անցնող գազատարը»,- նշում է շաբաթաթերթը։

ԱՄՆ պետդեպարտամենտը պարբերաբար քննադատություն է հնչեցնում Ադրբեջանում ժողովրդագրության, մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ: Պաշտոնական Վաշինգտոնը վերջերս մեծ ուշադրությամբ է հետեւում ադրբեջանական իրականությանը: Օրեր առաջ Միացյալ Նահանգներում նույնիսկ պահանջեցին պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները ոտնահարող Ալիեւի կառավարության նկատմամբ: ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքում AZAD կազմակերպությունը Ադրբեջանին վերաբերող քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են ամերիկացի վերլուծաբաններ, քաղաքագետներ: 90-ական թվականներին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խորհրդական Ռամիզ Մեհտիեւի վերջին հրապարակումը ուղղակի մեղադրանք է ԱՄՆ-ին: Մեհտիեւը Միացյալ Նահանգներին մեղադրել էր Ադրբեջանում 5-րդ շարասյուն ձեւավորելու միջոցով իշխանությունը փոխելու փորձի մեջ:

«ԱՄՆ-ի հետ աշխատող հասարակական կազմակերպությունները բնորոշվել են որպես Ադրբեջանի դավաճաններ»,- նշել է Կոզլարիչը՝ առաջարկելով, որ Միացյալ Նահանգները պատասխան քայլեր ձեռնարկի:

Կոզլարիչը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պետք է իր քաղաքացիներին զգուշացնի Ադրբեջան ճամփորդելու վտանգների մասին, որտեղ նրանց կարող են հետեւել, նկարահանել: «Ձեզ հետ իրոք կարող են նման բաներ պատահել»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը: Կոզլարիչի խոսքով՝ Արեւմուտքը պետք է հստակ լինի Բաքվին հաղորդագրություններ հղելու հարցում, եւ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը պետք է կոորդինացնեն իրենց ջանքերը: «Եթե դիվանագիտական ճնշումները Իլհամ Ալիեւի կառավարության վրա չեն ազդում, ապա ժամանակն է քննարկելու պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Դա Ադրբեջանի կառավարությանը ցույց կտա, որ մարդու իրավունքների շարունակվող բռնությունները անհետեւանք չեն մնա», – ընդգծել է Ռիչարդ Կոզլարիչը:

Իսկ «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության նախկին նախագահ, այժմ ՄըքՔեյն ինստիտուտի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերն իր ելութում նկատել է, որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն արեւմտյան, այլեւ համընդհանուր սկզբունքները: «Ոչ մեկը չի ցանկանում վատ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, բայց դժվար է լավ հարաբերություններ զարգացնել մի ռեժիմի հետ, որը գնալով ավելի կոռումպացված ու ավտորիտար է դառնում»,- ընդգծել է Կրամերը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանում իրավիճակը շատ ավելի է վատթարացել։ «Այս պահին 100-ից ավելի քաղբանտարկյալ կա, երկու անգամ ավելի, քան Ռուսաստանում եւ Բելառուսում, որոնց դեմ մենք պատժամիջոցներ ենք կիրառում»,- ընդգծել է նա: Կրամերը եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է արել ներկա չգտնվել Բաքվում 2015-ին կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերին՝ այնպես, ինչպես շատերը չմասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադային:

Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում Վաշինգտոնի հետ իրենց հարաբերությունները նորմալացնելու նպատակով, սակայն դրան ի պատասխան՝ ոչ մի դրական հայտարարություն չեն ստանում «ժողովրդավարության օրրանից»՝ հաղորդել էր «Արմենպրես»-ը` հղում անելով minval.az կայքին: «Ադրբեջանական իշխանությունների եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը չի ավարտվում երկու երկրների միջեւ խնդիրներով, այլ տարածվում է նաեւ իշխանությունների վրա: «Ենի Մուսավաթ» թերթի հաղորդմամբ` վերջին շրջանում ԱՄՆ-ի բազմաթիվ խիստ հայտարարությունները, այդ թվում` պետքարտուղարության կողմից, դեռեւս չհրապարակված տարեկան զեկույցում առկա արտակարգ կոշտությունը սաստիկ զայրացրել են Ադրբեջանի իշխանություններին»,- գրում է կայքը: Նշվում է, որ երկար տարիներ մի քանի անձանց միջոցով իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական հարաբերություններ պահպանելու համար: Հանուն Ադրբեջանի իշխանությունների պաշտպանության այդ միջոցները ծախսվում են սենատորների, կոնգրեսականների եւ ԱՄՆ-ի տարբեր պետական կառույցների բարձրաստիճան անձանց հետ համագործակցության անվան տակ: «Դրա վրա մեծ փողեր են ծախսվել:

Սակայն մինչ այժմ հնչող խիստ հայտարարությունների, բողոքների եւ պահանջների փոխարեն՝ ներկայում ԱՄՆ-ից չկա իշխանություններին պաշտպանող անգամ մեկ տեքստ, չնայած այն բանին, որ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի կլանը, ով պատասխանատու է ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության համար, համառորեն աջակցության հայտարարություններ է պահանջում»,- նշում է կայքը: Երկար տարիներ փորձ է արվել այդ հարաբերությունները կարգավորել ոչ պաշտոնական մակարդակում: «Սակայն այսօր երեւում է, որ իշխանություններն ԱՄՆ-ից իրական աջակցություն չեն ստանում անգամ ոչ պաշտոնական հարաբերություններում: Այն շրջանակները, որոնք իշխանություններին ներկայացվել են որպես իրենց կողմնակիցներ, երես են թեքել նրանցից, եւ չկա որեւէ իրական պաշտպանություն»,- գրում է կայքը:

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան շարունակում է Ադրբեջանի իշխանություններին «սիրաշահելու» քաղաքականությունը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել է հետեւյալը. «Ադրբեջանը տարածաշրջանի ամենանշանակալի երկիրն է: Կարճ ժամկետում երկրի վերածվելը Հարավային Կովկասի տնտեսական կենտրոնի դրա ակնառու օրինակն է»: Լավրովը նկատել է, որ Ադրբեջանը, չմիանալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հաստատել է հավատարմությունը երկու երկրների ռազմավարական գործընկերությանը. «Մեր երկրների միջեւ շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության տեմպերի արագացումը: Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031