2014 թվականի Հայաստանի արտաքին
քաղաքականությունն է ամփոփում Արման Մելիքյանը
2014 թվականը Հայաստանի արտաքին հարաբերություններում նշանավորվեց մի շարք ուշագրավ իրադարձություններով եւ մարտահրավերներով. մի կողմից՝ Հայաստանի ընտրությունը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, մյուս կողմից՝ հարեւաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղականության հիմնական խնդիրներն էին: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք արտաքին քաղաքականության մեջ, որո՞նք էին մեր բացթողումները միջազգային հարթությունում. անցնող տարվա հայաստանյան արտաքին քաղաքականությունը «Առավոտը» ամփոփել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
«ԵՏՄ-ին միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը կանխորոշված էր մեր երկրի զարգացման նախորդ քսանամյակի առանձնահատկություններով, կառավարման ղեկը ձեռքները վերցրած պաշտոնյաների անհատական նախասիրություններով: Հավանաբար հաշվի է առնվել նաեւ այն, որ Հայաստանի հարեւանությամբ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները զուգորդվում են սուր ռազմական հակամարտություններով, որոնցից պաշտպանվելու համար անհրաժեշտ էր նաեւ կարողունակ ռազմական դաշինքի անդամ լինել, եւ անվտանգության ոլորտում առկա այս ռիսկերը այլընտրանքի բացակայության պայմաններում պետք է որ նպաստեին Ռուսաստանի, հետեւաբար նաեւ՝ ԵՏՄ-ի հետ հարաբերություններին նախապատվությունը տալուն: Առաջիկա երեք-չորս ամիսները լուրջ փորձությունների շրջան կդառնան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար»,- Հայաստանի ընտրությունը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը այսպես ներկայացրեց պարոն Մելիքյանը:
Խոսելով հայ թուրքական հարաբերությունների զարգացման մասին եւ պատասխանելով մեր դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, կարծես թե, առավել ակտիվորեն է ներգրավված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ միեւնույն ժամանակ պահելով իր ժխտողական կեցվածքը, պարոն Մելիքյանն ասաց. «Թուրքիան, անշուշտ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ցանկություն եւ նպատակ չունի, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն էլ թույլ են տալիս նրան, մնալով Արեւմուտքի ճամբարում, սիրախաղ անել Ռուսաստանի հետ: Այս պահվածքը կարող է արդյունավետ լինել այն առումով, որ ազդեցիկ միջազգային դերակատարներին զերծ պահի հայ-թուրքական հարաբերությունների հարցով Անկարայի վրա ճնշումներ գործադրելու գայթակղությունից»: Պարոն Մելիքյանը նշում է, որ մենք պետք է կարողանանք այդ երկրի հետ չմիջնորդավորված հարաբերություններ հաստատել, ուղիղ քաղաքական երկխոսություն ծավալել: «Սա բարդ խնդիր է, որի լուծման համար լուրջ ներուժ ու հետեւողական ջանքեր են անհրաժեշտ: Այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ ծանրակշիռ քայլերի՝ դրանք պետք է մշակվեն»,- ասաց նա:
Կարդացեք նաև
2014 թվականին հարեւան Ադրբեջանը հատկապես աչքի ընկավ իր ագրեսիվ քաղաքականությամբ, սահմանում հրադադարի խախտման միջադեպերը, ամենաուշագրավը՝ ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռը խոցելը այդպես էլ լուրջ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից: Այս մասին ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց. «Կարծում եմ՝ Ադրբեջանի նման պահվածքը ճակատային գծի շրջանում հետեւանք է բանակցային գործընթացում հայկական կողմերի թույլ տված որոշակի թերացումների: Մեր բանակցողները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես խաղաղ կարգավորման համար հիմք ծառայող դրույթների ամբողջականություն, անուշադրության են մատնել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը, ինչի հետեւանքով խեղաթյուրվել է հակամարտության ժամանակագրությունը՝ միջնորդները նախընտրում դրա սկիզբը համարել ոչ թե 1988թ., այլ 1991-92թթ., ինչի արդյունքում Հայաստանը արհեստականորեն հռչակվում է ագրեսոր-պետություն: Արդյունքում Ադրբեջանը հայտարարում է, որ իրավասու է կատարել սեփական տարածքն ազատելու համար անհրաժեշտ ուժային գործողությունները: Այսպիսով դիվանագիտական ճակատում թույլ տրված վրիպումները հանգեցնում են ռազմաճակատում ցավալի կորուստների, որոնց նկատմամբ միջազգային հանրությունն անտարբեր է մնում»:
«Առավոտի» հարցին՝ կարո՞ղ ենք անցնող տարվա Հայաստանի որեւէ դիվանագիտական հաղթանակ հիշատակել, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Հաղթանակների մասին խոսելը մեծ չափազանցություն կլիներ, իրավիճակն այսօր անհամեմատ ավելի մեծ վտանգներ է պարունակում մեզ համար, քան ընդամենը մեկ տարի առաջ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2014