Գալուստ Սահակյանը չի ընդունում,
որ վրիպել է եւ ուշացել հայտարարություն անելու հարցում
Ոչ իշխանական ուժերը ԱԺ-ում կառավարության արտահերթ նիստը բոյկոտելու իրենց քայլը բացատրում էին նաեւ նրանով, որ ակնկալում եւ սպասում էին, որ երկուշաբթի ԱԺ նիստի հենց սկզբում առաջինը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարություն կաներ եւ կդատապարտեր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը: «Առավոտի» հետ զրույցում Գալուստ Սահակյանը մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ այդ հարցում վրիպել եք, ուշացել հայտարարության հարցում, ինչը թույլ տվեց ոչ իշխանականներին բոյկոտելու, պատասխանեց. «ԱԺ նախագահը ճիշտ ժամանակին եւ ճիշտ պահին իր հայտարարությունն արել է: Թերթերում, կայքերում իմ հայտարարությունը եղել է, այնպես որ՝ իրենց արածը պարզապես ակցիա էր: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ այս օրերին, ըստ ամենայնի, ես հետամուտ եմ եղել: Մասնավորապես, ամեն օր մի քանի անգամ խոսել եմ Արամ Մանուկյանի հետ: Այնպես որ՝ իմ հսկողության տակ է եղել ամբողջ գործընթացը»:
Մեր հարցին՝ ոչ իշխանական ուժերը վստահեցնում էին, որ իրենց բոյկոտը քաղաքական կապրիզ չէր, եւ անկախ նրանից՝ կմիանային իրենք, թե ոչ, Դուք հայտարարություն էիք արել, 70 ձայն ունեիք եւ կարող էիք հանգիստ արտահերթ նիստ անել, ինչո՞ւ չարեցիք, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Խնդիրը նրանում է, որ տեքստի վերաբերյալ բավականին քննարկումներ եղան, նաեւ ինձ մոտ խորհրդակցություն եղավ: Տեքստն օգտագործվում էր ոչ թե հայտարարություն, գնահատականներ տալու համար, այլ փորձում էին դատավորի դեր վերցնել եւ մեղադրել ամեն ինչ՝ առանց մտածելու, որ դա ըստ էության պիտի կատարվի օրենքի շրջանակներում: Անմեղության կանխավարկած կա: Գործը հետաքննության գործընթացում է, եւ չի կարելի թե՛ այս կողմին, թե՛ այն կողմին որեւէ ձեւով մեղադրել: Մեղադրել կարող է լիազոր մարմինը, ընդ որում՝ դատարանի միջոցով»:
Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիրները պնդում են՝ դա շղարշ է, Դուք չունեք քաղաքական կամք՝ պատժելու այն հանցագործ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ծառայություն են մատուցել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին: Այդ պաշտոնյաներն են օգնել, որ ՀՀԿ-ն ձայներ ստանա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդտեղ քաղաքական կամքի խնդիր չկա, օրենքը պաշտպանելու խնդիր կա, որի ջատագովներից մեկը ես եմ»:
Անդրադառնալով ոչ իշխանականների բոյկոտին՝ Գալուստ Սահակյանն այդտեղ ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում չի համարում. «Իրենք իրավունք ունեն հայտարարել, եւ հայտարարելուց հետո իրենց բացակայությունը հարգելի կհամարվի, բայց դա բոյկոտ չէր, որովհետեւ բոյկոտը պիտի վերաբերվեր ընդամենը քննարկվող հարցերին: Դա ձախողման փորձ էր, որը չստացվեց»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ եթե սկզբունքային խնդիր չկար, Դուք համաձայն էիք արտահերթ նիստ անել, այնուամենայնիվ, ինչո՞ւ խուսափեցիք բաց քննարկումներից արտահերթ նիստի ժամանակ եւ տապալեցիք ոչ իշխանականների հրավիրած արտահերթ նիստը, նա պատասխանեց. «Այսինքն՝ ես Սահմանադրությունը եւ մեր կանոնակարգ օրենքը պիտի խախտեի, կառավարության հայտարարած արտահերթ նիստը, որի տրամաբանությունը հետեւյալն է՝ ով հայտարարում է արտահերթ նիստը, նա էլ տրամաբանորեն օրակարգն է ներկայացնում, պիտի գնայի ընդդիմության միտինգային այդ ձախողումների ճանապարհո՞վ, որը օրենքի կոպիտ խախտում է: Մենք բաց քննարկումներից չենք խուսափում: Ես կողմնակից եմ, որ այդ հայտարարությունը լինի»:
Երեկ ԱԺ-ն արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ, որը դատապարտեց այդ բռնությունները:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2014