«Սեր՝ կոշիկի տուփերում» ծրագրի իրականացնողներից էր
Անգլիայում ծնված, մեծացած, ռազմական ինժեներ Արթուր Գրինը վաղուց է իր համար բացահայտել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անցած 20 տարիների ընթացքում նա արդեն բազմիցս է այցելել Հայաստան, որի ճշգրիտ թիվն ինքն էլ արդեն չի մտապահել: Եվ ամեն անգամ՝ մի նոր առաքելությամբ: Հիշում է 1994 թվականի դժվարին ժամանակների առաջին այցելությունը, երբ հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներ էին ընթանում Լեռնային Ղարաբաղում:
Կազմալուծված տնտեսության եւ պատերազմի արհավիրքից խիստ տուժած Արցախում ամռան ամիսներին կարեւորվում էր հասուն մրգի պահեստավորումն ու տնօրինումը: Որպեսզի բերքը չփչանար, անհրաժեշտ էր դրա պահածոյացումը, ինչն անհնար էր շաքարավազի բացակայության պարագայում: Ահա այս հրամայականն էր, որ թելադրեց Շվեյցարիայի «Կարմիր խաչի» օգնությամբ 150 տ շաքարավազ հասցնել Արցախի բնակիչներին: Այս ծրագրի իրականացմանը մասնակցում էր Արթուրը եւ հաճախ էլ անձամբ էր բնակիչներին շաքարավազ բաժանում:
Արցախցիներին արդեն հարազատացած բրիտանացու հաջորդ աշխատանքը՝ շտապօգնության ծառայության գործունեությունն ու նրա վնասված մեքենաները վերականգնելն էր: Այս գործերով էր տարված, երբ շուրջը տեսավ պատերազմից հաշմված բազմաթիվ մարդկանց ու հասկացավ, որ պակաս կարեւոր չեն նաեւ մարդկանց վերականգնողական խնդիրները: Լինելով ինժեներ, նա ռմբահարված, նախանշած շենքերից մեկի չափագրությունն իրականացրեց եւ հետը տարավ Անգլիա եւ առժամանակ հետո՝ վերադառնալով գործընկերների հետ, հիմնեցին Ստեփանակերտի «Օրթոպեդիկ» վերականգնողական կենտրոնը:
Կարդացեք նաև
Հաջորդ այցելությունը պայմանավորված էր նորաստեղծ կենտրոնը ժամանակակից սարքավորումներով վերազինելու խնդրով, ինչը հաջողությամբ իրականացրեց գերմանաբնակ Հովհաննես Չուգուրյանի հետ՝ 1995 թվականին, Գերմանիայի «Կարմիր խաչի» աջակցությամբ՝ ձեռք բերելով բժշկական օրթոպեդիկ սարքավորումներ, որոնք Ստեփանակերտ հասան արդեն Հայաստանում ընտանյոք բնակվող Լեւոն Պարտագճյանի միջոցներով: Այդ աշխատանքների ընթացքում էլ Արթուր Գրինը ծանոթացավ ու սերտ բարեկամություն հաստատեց Քրիստոնեական մշակութային միության եւ Երեւանի Ավետարանական եկեղեցու հիմնադիր-հովիվ Լեւոն Պարտագճյանի հետ: Երբ նա Ստեփանակերտում տեսավ երեխաներին խաղալիս ականապատ դաշտում, բարոնուհի Քերոլայն Քոքսի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարի հանդիպման ժամանակ տեղեկացավ, թե որտեղ են առավել վտանգավոր տարածքները: Արթուրի կազմած զեկուցագիրը բարոնուհին ներկայացրեց Բրիտանիայի կառավարություն, վերջինիս հովանավորչությամբ էլ իրականացվեցին ականազերծման աշխատանքները:
Չորս զավակների հայրը տարիներ առաջ մեզանում հայտնի «Սեր՝ կոշիկի տուփերում» ծրագրի իրականացնողներից էր:
Մեծ Բրիտանիայի բանակում 15 տարի ծառայած նախկին զինվորականը եղել է նաեւ շփման գծում, ինչն իր համար մեծ պատիվ ու օրհնություն է համարում առաջին գծում ծառայող հայ զինվորների կողքին գտնվելը:
«Զինվորները չեն սանձազերծում պատերազմները, բայց ստիպված են պատերազմել»,- «Առավոտին» ասաց Արթուր Գրինը: Վերջինս չի մոռանում նաեւ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ ջերմ հանդիպումն ու նրա հայրապետական օրհնությունը ստանալը, ավելին՝ ճանապարհորդելիս իր հետ է վերցնում նաեւ մեծ հայի ինքնագրով նվեր ստացած «Աստվածաշունչը»:
Իմ այն հարցին, թե ի՞նչն է իրեն այդպես սերտորեն կապում Հայաստանի ու Արցախի հետ, Արթուր Գրինն ասաց, որ հայ ժողովրդի նկատմամբ սերն է իրեն բերում, եւ այն ջերմությունն ու ընկերասիրությունը, որ տեսել ու վայելում է հայերի կողմից, որ Լեւոնի հետ լավ ընկերներ են դարձել: Եթե վերջինս իր կարիքը զգում է, ապա ինքն անպատճառ նրա կողքին է, մանավանդ որ, իրենք միասին 20 տարի առաջ, փետրվարյան մի ցուրտ օր, ձմռան խստաշունչ սառնամանիքին փորձություններով լի ճանապարհ են հաղթահարել՝ ոչ լիարժեք, գրեթե անսարք մեքենայով հասել են Արցախ ու անբարենպաստ եղանակին, մշուշապատ ոլորաններով, տեղ-տեղ մոլորվելով, մեքենայի մատուցած անակնկալներով, մի կերպ վերադարձել:
«Գուցե կյանքը սկսվում է 60-ի՞ց: Ես ավելի շատ ստանում եմ, տանում եմ, քան բերում»,- ասում է նա:
Իմ հարցին՝ թե չի՞ վախենում, որ այստեղ գալով ինքն Ադրբեջանում արդեն հայտնվում է անցանկալի անձնավորությունների ցուցակում, նա ասաց, որ երբեք Ադրբեջան գնալու պլաններ չի ունեցել, չի էլ ցանկանում գնալ:
Իսկ թե ինչի՞ մասին կուզեր խոսել, որ չհարցրի, զրուցակիցս ցավով նկատեց Հայաստանում օր օրի ավելացող, աչքի զարնվող կազինոների թիվն ու դրանց բերած չարիքը: Մեկնումից առաջ Արթուր Գրինն ասաց, որ հունվարին Մոլդովա է մեկնելու, փետրվար-մարտին դասախոսություններ է կարդալու Հնդկաստանում, իսկ Հայաստանում, ուր թողնում է իր սրտի մի մասը, կլինի ավելի ուշ:
Զրուցեց ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2014