Լրահոս
Օրվա լրահոսը

Էստրադային եւ ջազային քոլեջի անվճար տեղերն ավելացել են

Դեկտեմբեր 18,2014 13:30

Այս տարի լրացավ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադրման 35-ամյակը: «Առավոտը» հանդիպեց քոլեջի տնօրեն Լեւոն Սահակյանին, որը 1998-ից դասավանդում է քոլեջում, այս տարվա գարնանից էլ ստանձնել է տնօրենի պաշտոնը: Նա նշեց, որ այս տարիներին մշակութային հաստատության հիմնական նպատակն է եղել ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստումը, որը կնպաստի երիտասարդության շրջանում արդի մշակույթի համապատասխան պահանջներին:

Տնօրենը էքսկուրս կատարելով հայտնեց, որ դեռեւս 1979թ. «Հայհամերգի» կազմում բացվել է «Էստրադային ստուդիա», որն էլ 1990-ականներին անվանվեց Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ: Այստեղ դասավանդել ու շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը ճանաչված անուններ, այդ թվում՝ Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Ստեփան Լուսիկյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը, Իրինա Մալխասյանը եւ այլն: Քոլեջում են ստեղծագործական իրենց առաջին քայլերը կատարել Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Անահիտ Մանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Նարինե Հարությունյանը եւ այլ ճանաչված արվեստագետներ: Տնօրենը հայտնեց, որ այսօր քոլեջի 5 բաժիններում (վոկալ, գործիքային, դերասանական արվեստ, կոմպոզիցիա եւ պարարվեստ) ուսանում է 120 ուսանող: Հավելեց նաեւ, որ դիմել են ԿԳ նախարարություն՝ երկու բաժին՝ ռեժիսուրա եւ էստրադային դերասան ավելացնելու խնդրանքով:

Հարցին, թե պաշտոնապես ինչո՞ւ չնշվեց քոլեջի հոբելյանը, պարոն Սահակյանն ասաց, որ հոբելյանի առիթով մեկնարկել է միջոցառումների շարք, իսկ պաշտոնապես այն կնշվի 2015թ. փետրվարին: Փաստեց նաեւ, որ մարտ ամսից քոլեջի ուսանողներն իրենց արվեստն են ցուցադրել ոչ միայն Երեւանում եւ մարզերում, այլեւ Արցախում, սահմանամերձ գյուղերում, զորամասերում, համագործակցում են Երկրապահ կամավորականների միության հետ, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջանների հետ: Լեւոն Սահակյանն անդրադարձավ ստեղծագործական պրոցեսին համարժեք կարեւոր շենքային պայմաններին: Նշեց, որ այն վերանորոգվել է, դասարանները՝ կահավորվել, ունեն ջեռուցում:

Մեզ հասած տեղեկությունը, թե քոլեջում կան «արտոնյալ» ուսանողներ, որոնք դասերի չեն հաճախում, տնօրենը հերքեց: Նախ նշեց, որ իրենց մոտ սահմանված է տարեկան ամենացածր ուսման վարձը՝ 160.000 դրամ, հետո էլ հավելեց. «Մեծաքանակ բացակաների պատճառով քոլեջից հեռացվել է 4 ուսանող, 2-ն էլ ավարտել են առաջին կուրսը, ապա ընդունվել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ: Հավանաբար ոչ ճիշտ ինֆորմացիան վերաբերում է հենց այս ուսանողներին»: Հարցին՝ կա՞ն շնորհալիներ, ովքեր դժվարանում են վճարել նշված թեկուզ ամենացածր ուսման վարձը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ընթացիկ ուսումնական տարում առաջին կուրսում նախատեսված էր 42 անվճար տեղ, մեր խնդրանքով նախարարությունն ավելացրել է եւս 30-ը»:

Անդրադառնալով քոլեջի ստեղծագործական պրոցեսին, տնօրենն ասաց, որ այս պահին ընթանում են մանկական մյուզիքլի փորձեր՝ Ամանորին Շենգավիթի դպրոցներում, մանկապարտեզներում խաղալու համար:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ պատրաստվում են քոլեջն անվանակոչել հիմնադիր տնօրեն եւ ճանաչված երաժիշտ Ակսել Բակունցի անունով, պարոն Սահակյանը պատասխանեց. «Կրթության նախարարության հետ հարցը քննարկվել է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Քոլեջի տնօրենը (ձախից)՝ իր ուսանողուհիների,
Վազգեն Ասատրյանի եւ Լեւոն Իգիթյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031