Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տեղում կհայտնվի Հայաստանը 2015 թվականի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում

Դեկտեմբեր 18,2014 13:00

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որն արտացոլում է այն պատկերը, թե 2014 թվականի ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար քանի ԶԼՄ ներկայացուցիչ է զոհվել: Զեկույցի համաձայն` 66 հոգի զոհ է դարձել ընտրած մասնագիտության պատճառով: Նաեւ նշվում է, որ զոհված լրագրողների թիվն ավելի է մեծանում, երբ ուսումնասիրում ենք վերջին տասը տարիների պատկերը: Տասը տարում աշխարհում մասնագիտական պարտականությունների համար զոհ է դարձել 720 ԶԼՄ ներկայացուցիչ:

Զեկույցում կազմակերպության ուշադրությանն են արժանացել այն երկրները, որոնք ամենավտանգավորն են ԶԼՄ ներկայացուցիչների համար: Պարզվում է, արդեն երկրորդ տարին է` որպես ամենավտանգավոր երկիր է համարվում Սիրիան, որտեղ զոհվել է 15 հոգի, 7-ը` մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանման ժամանակ, 6 լրագրող սպանվել է Ուկրաինայում, 4 -ը` Իրաքում, 4 -ը` Լիբիայում: Ինչ վերաբերում է առեւանգված լրագրողների թվին, ապա կազմակերպությունը նշում է շուրջ 119 հոգու, որոնք առեւանգվել են այս տարվա ընթացքում: Առեւանգվածների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 35%-ով: Իսկ պատանդության մեջ գտնվող լրագրողների թիվն այս պահի դրությամբ` 40-ն է:

Զեկույցում նշվում է, որ առեւանգված լրագրողների թվաքանակով առաջին տեղում է գտնվում Ուկրաինան, հենց այստեղ է, որ անհետ կորել է 33 ԶԼՄ աշխատակից: Երկրորդ տեղում է Լիբիան, որտեղ էլ անհետ կորածների թիվը 29-ն է, երրորդ տեղում Սիրիան է՝ 27 հոգի, ապա Իրաքը` 20 հոգի: Զեկույցից պարզ է դառնում, որ առեւանգված լրագրողների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 37%-ով:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ աշխարհում ազատազրկման ենթարկված լրագրողների թվին, որն էլ հասնում է 178-ի: Իսկ այն երկրները, որտեղ ազատազրկված են ԶԼՄ ներկայացուցիչները, հետեւյալն են` Չինաստան` 29 հոգի, Էրիթրեա` 28, Իրան՝ 19-ը, Եգիպտոս` 16 եւ Սիրիա` 13 հոգի:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ամիսներ առաջ մտահոգվել էր նաեւ Հայաստանով, մեր խորհրդարանում քննարկվող, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ ենթադրող օրինագծով: Ըստ այդ օրինագծի՝ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայքերում տեղադրված մեկնաբանությունների, ինչպես նաեւ համացանցի այլ էջերից վերարտադրած բովանդակության համար։

Կազմակերպությունն իր կայքում անդրադառնալով մեր երկրին՝ նշել էր, որ Հայաստանը 180 երկրի մեջ 78-րդն է 2014 թվականի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում, եւ զգուշացրել, որ օրինագծի ընդունումը բացասաբար կազդի 2015 թվականի աղյուսակում Հայաստանի դիրքի վրա։

Պատրաստեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031