Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանները խորհուրդ են տալիս քննությունը ողբերգություն չսարքել

Դեկտեմբեր 18,2014 12:30

Թեեւ աշխարհում հիմնականում դեկտեմբերը նախատոնական ամիս է, այնուամենայնիվ, այն մասնավորապես ուսանողների շրջանում ասոցացվում է քննական լարված շրջանի հետ:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ Մարիամ Մարիկյանը նշեց, որ ինքն արդեն սովորել է քննական խառնաշփոթին. «Մտածում եմ, որ ուսանողը միշտ եւ ամեն ինչ պետք է հասցնի, եւ սա սկզբունք դարձնելով՝ հասցնում եմ նաեւ ես: Սթրեսային վիճակում եղել եմ հատկապես 1-ին կուրսում, բայց հիմա՝ ոչ: Տոնական տրամադրությունս վայելելու համար երբեք ոչինչ չի կարող խանգարել: Ամանորյա տոներն ամենա-ամենան են, ու դրանք պետք է միայն վայելել: Ամեն պարագայում վայելե՛ք կյանքը՝ տոներով, քննություններով ու սթրեսներով հանդերձ»: Ըստ որոշ ուսումնասիրությունների, այն աշակերտները, ուսանողները, որոնք ուսման մեջ, քննությունների ժամանակ ցուցաբերում են փայլուն առաջադիմություն, հիմնականում ավելի շատ են ունենում հոգեբանական խնդիրներ, քան վատ կամ լավ սովորողները:
Այս հարցը մեկնաբանելու համար զրուցեցինք ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի հետ: «Այո՛, խոսքը գերմոտիվացվածության մասին է, որը, հնարավոր է, բացասական ելքեր ունենա, եւ այս հարցում պետք է զգույշ լինեն եւ՛ մանկավարժները, եւ՛ ծնողները: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել անձի դրդապատճառներին, որոնք չպետք է սահմանափակվեն միայն ուսումնական գործընթացով: Պետք է այս հարցում ժամանակին կարողանալ շեղել նրանց, որպեսզի զբաղվեն նաեւ այլ տեսակի գործունեությամբ»,- պարզաբանում է պրոֆեսորը:

Պետք է հաշվի առնել, որ քննական սթրեսը նորմալ երեւույթ է, եւ եթե այն առաջանում է, ապա նշանակում է, որ ուսանողն օբյեկտիվ պատճառներով ունի անհանգստության խնդիրներ: Պարոն Ավանեսյանի հավաստմամբ՝ քննական խուճապն առաջանում է այն ուսանողների շրջանում, ովքեր ուսումնական տարվա ընթացքում լիարժեք չեն պատրաստվում. «Գերազանց սովորող ուսանողների շրջանում այդ խնդիրը չի ծագում, իսկ սթրեսը նորմալ իրավիճակ է, որի պատճառով տագնապ ու լարվածություն են առաջանում, բայց, այնուամենայնիվ, պետք է կարողանալ հնարավորինս հաղթահարել դրանք»:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերով՝ պատանիները սթրես են ապրում հատկապես հետքննական շրջանում: «Քննություն հանձնելը գերխնդիր է դարձել ոչ միայն ուսանողի, այլեւ նրա ծնողների ու հարազատների համար, որի պատճառով կրքերն այնքան են բորբոքվում, որ պատանիների մոտ հոգեբանական ճնշում է առաջանում: Նա պատասխանատու է դառնում ոչ միայն իր ապագայի, նպատակների, այլեւ բոլորի առջեւ, իսկ այդ պատասխանատվություն կրելը հաճախ ծանր հետեւանքներ է ունենում, որովհետեւ առաջանում է գերմոտիվացիա»,- նշում է հոգեբանն ու ավելացնում, որ պատանեկան շրջանում, երբ գալիս է նրանց ինքնահաստատման փուլը, մարդն ավելի պրոբլեմատիկ է դառնում, եւ այդ փխրուն տարիքում հարազատները պետք է նրան ոչ թե խանգարեն, այլ օգնեն:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Հարությունյանը քննական ամիսներին նույնպես հոգեբանական սթրեսներ է ունենում: Ըստ նրա՝ ամեն ինչ չէ, որ երբեմն իր ուզածով է լինում, ինչն էլ իր հերթին հերթական դեպրեսիոն շրջան է առաջացնում. «Ամանորը՝ որպես տոն, հասցնում եմ վայելել, սակայն զուգահեռ մտածում եմ նաեւ քննություններիս մասին: Ոչ միայն ես, այլեւ իմ հասակակիցներն էլ կփաստեն, որ տոնական օրերին հնարավոր չի լինում շատ հաճախ ուշադրությունը սեւեռել դասերի ու առաջիկա քննությունների վրա: Պետք է հստակ ժամատախտակ կառուցել ու ըստ դրա փորձել երկուսը մեկում համատեղել»:
Հաճախ քննական հոգեբանական ճնշումների պատճառ են դառնում նաեւ քննական հարցաշարերում ներառված հարցերը, որոնք շատ ավելի բարդ են, քան իրականում թվում են: Քննատոմսերում առկա հարցերը երբեմն ուսանողների շրջանում լարվածություն են առաջացնում:

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ քննական սթրեսից ազատվելու համար անհրաժեշտ է մեկ օր առաջ լիցքաթափվել. «Եթե լարվածություն չլինի, կյանքն անհետաքրքիր կդառնա: Կյանքի բոլոր փուլերում էլ սթրեսներ լինում են, մարդը պետք է կարողանա հաղթահարել դրանք: Շատ դեպքերում սթրեսները նույնիսկ օգնում են, քանի որ ամբողջ կյանքն է քննություն: Եթե մարդը մտնում է դժվարությունների շրջան, անհրաժեշտ է հոգեբաններին դիմել կամ քննություններից մեկ օր առաջ տնից դուրս գալ, զբոսնել, երաժշտություն լսել ու մոռանալ քննական հարցերի մասին»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031