Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի կոնֆերանսների դահլիճում «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսը, որն իրականություն է դարձել շնորհիվ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:
«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շրջանակներում ուսումնասիրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը: Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ համատեղ փորձ է արվել տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ թուրքական ժխտողականության հիմնական թեզերին: Գրքում, մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանական մարտերը, բռնագաղթի՝ որպես բնաջնջման գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող հայ երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ: Ընդհանուր առմամբ գիրքը պարունակում է հետաքրքիր և ուսանելի տեղեկատվություն Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար:
Կարդացեք նաև
Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսով, ըստ էության, փակվեց նաև «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի վերջին՝ երրորդ օրը, որի առանցքում Հայոց ցեղասպանության հերքման տարբեր ասպեկտներն էին: Մասնավորապես գիտաժողովի վերջին օրը զեկույցներով հանդես եկան միջազգային իրավունքի փորձագետ Լևոն Գևորգյանը (Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության իրավական ասպեկտը), ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը (Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության քաղաքական ենթատեքստը) և թուրքագետ Արտակ Շաքարյանը (Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը. փաստարկներ հերքումների մասին):
Գիտաժողովն անցկացնում էր «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամը Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ:
«Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամ