Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային կառավարման նախարարության կայքը նախարարությունների եւ գերատեսչությունների շարքում տեղեկատվության թափանցիկության ամենամեծ գործակիցն ունի

Դեկտեմբեր 17,2014 20:05

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերը թեմայով մոնիտորինգ է անցկացրել, եւ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ այդ մոնիտորինգի արդյունքների հիման վրա լույս տեսած «Պետական կայքերի բովանդակության ստանդարտացումը եւ տեղեկատվական բացերը» գրքի շնորհանդեսը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ գիրքը հետաքրքիր կլինի ե՛ւ պետական մարմիններին, ե՛ւ հասարակությանը. «Այն տեղեկությունները, որոնք մենք ակնկալում ենք, որ պետք է լինեն պետական կայքերում, հետաքրքրում են նաեւ հասարակ մարդուն: Այն հանգամանքից, թե որքանով է թափանցիկ աշխատում այդ  նախարարությունը, թե որքանով են հանրային նշանակություն ունեցող տեղեկությունները տեղ գտնում իրենց կայքում, կախված է թե՛ հանրության տեղեկացվածությունը, թե՛ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հնարավորությունը»:

Պարոն Մելիքյանը նկատեց, որ Հայաստանը 2013 թվականից անդամակցում է Բաց կառավարման գործընկերությանը, եւ ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնցից մեկը պետական կայքերի բովանդակության ստանդարտացումն է. «Ես կարծում եմ մեր գիրքը եւ հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ պետական կայքերի բարելավմանը: Մենք կարծում ենք հետագայում, երբ շարունակենք մեր հետազոտությունները, շատ ավելի բարձր մակարդակի վրա կլինի այդ տեղեկատվական թափանցիկությունը»:

Հետազոտության արդյունքում տեղեկատվական թափանցիկության ամենամեծ գործակիցը տարածքային կառավարման նախարարությանն է՝ 99,36%, այնուհետեւ՝ Միգրացիոն պետական ծառայությունը՝ 96.44% եւ գյուղատնտեսության նախարարությունը՝ 91.66%: Ցուցակի վերջին տեղերում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ 24,04%, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ 24.46% եւ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն՝ 17,21%:

Շնորհանդեսի ընթացքում, անդրադառնալով այն հանգամանքին, որ տարածքային կառավարման նախարարությունը որպես առանձին միավոր այլեւս գոյություն չունի, Աշոտ Մելիքյանն ասաց, որ հետազոտությունն անցկացնելու ընթացքում եւ ավարտելու պահին նախարարությունը դեռ գործում էր:

Իսկ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների շրջանում տեղեկատվական թափանցիկության ամենամեծ գործակիցը Կոտայքի մարզին է՝ 96.60%, իսկ ցանկը եզրափակում է Սյունիքի մարզը՝ 52.50%:

«Մարզպետարանների կայքերն ավելի ակտիվ էին բարելավվում՝ ի տարբերություն նախարարությունների եւ գերատեսչությունների, որտեղ մի շարք գործընկերներ շատ պասիվ էին կամ համագործակցության փուլում ուղղակի ակտիվություն չցուցաբերեցին: Բոլոր մարզպետարաններն ավելի նախանձախնդիր էին եւ ուզում էին բարելավել վիճակը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031