Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ կրքեր 5000 դոլարի շուրջ՝ բազմազավակ մոր ու Մարալիկի քաղաքապետի միջև. գործը հասել է քննչական (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2014 19:31

Օրերս Aravot.am-ին էին դիմել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչներ, 8 երեխաների ծնողներ Վարդան Մաթևոսյանը և Սաթենիկ Վարդանյանը՝ բողոքելով, որ 2011 թվականից իրենք դիմում են տարբեր ատյանների իրենց բնակարանային պայմանները բարելավելու, նոր բնակարան տրամադրելու խնդրանքով, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում՝ ո՛չ Երևանից, ո՛չ էլ իրենց քաղաքապետից: Սաթենիկ Վարդանյանի ներկայացմամբ, տեսնելով այս ճանապարհով հույս չկա, իրենք 2013 թվականի մայիսին իրենց քաղաքապետի՝ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի հետ համաձայնության գալով, բացել են նորակառույց շենքերից մեկի՝ Շիրազի փողոցի 35 շենքի, 2-րդ բնակարանի պատուհանը, ներս լցվել ու մեկ տարի է՝ 3 երեխաների հետ բնակվում են այնտեղ:

Մյուս երեխաները բնակվում են հին բնակարանում: Տիկնոջ պնդմամբ, քաղաքապետը այս բնակարանի համար իրենից գումար է պահանջել, ինքն էլ 5 հազար դոլարը տվել է, 10 հազար դոլարը պարտք մնացել, սակայն եկել ու այժմ իրենց վտարում են այնտեղից: «Ես անգամ դիմեցի Երևան՝ քաղաքաշինության նախարարություն, թե իրո՞ք վաճառքի են հանված այդ շենքերը, որ քաղաքապետը ինձանից գումար էր պահանջում, պատասխան չստացա: Նորակառույց շենքը դեռ շահագործման չէր հանձնվել, քաղաքապետը խորհուրդ տվեց պատուհանը ջարդել, ներս մտնել: Հիմա իմ 3 անչափահաս երեխաներով ապրում եմ այնտեղ` առանց լույսի, գազի», -ասաց բողոքավոր կինը: Ըստ նրա, իրենց այժմ դատի են տվել՝ վտարելով այդ բնակարանից, և ինքը հիմա պահանջում է վերադարձնել իր գումարը՝ 5000 դոլարը: Ըստ տիկնոջ, իրենք բողոք են ներկայացրել Շիրակի մարզի քննչական վարչություն, թեև ամուսինը՝ Վարդան Մաթևոսյանը ուղղեց կնոջը՝ ասելով, որ քննչական է դիմել հենց քաղաքապետը՝ բողոքելով, որ այս մարդիկ գալիս են քաղաքապետարան ու իրենից 5 հազար դոլար են պահանջում:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանից: Վերջինս խոսեց փաստաթղթերով. կառավարության 14-ը նոյեմբերի, 2013 թվականի 1260 ա որոշման համաձայն նորակառույց այդ շենքը պատկանում է ոչ թե Մարալիկի քաղաքապետարանին, այլ քաղաքաշինության նախարարությանը, այս գերատեսչության սեփականությունն է: Նույն որոշման համաձայն, այդ շենքի բնակարանները բաշխելու իրավունքը վերապահված է Շիրակի մարզպետի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովին: Կառավարության այդ նույն որոշման համաձայն, տվյալ շենքից բնակարան հասնում է միայն Մարալիկի 2-րդ թաղամասի 5-րդ վթարային շենքի բնակիչներին:

IMG_5104 IMG_5107

«Եթե Մարալիկի քաղաքապետարանը բաշխման ու ընդհանուր որոշումների մեջ ոչ մի մասնակցային գործընթաց չունի, ո՞ր մի տրամաբանությամբ քաղաքապետը կարող էր համաձայնություն ձեռք բերել բնակչի հետ:Այս շենքում, կառավարության որոշմամբ, միմիայն բնակարանի իրավունք ունեն քաղաքի 2-րդ թաղամասի 5-րդ շենքի բնակիչները: Ինչ կատեգորիա, ինչ կարգավիճակ ունեցող ցանկացած ընտանիք ուզում է լինի, խոցելի և հրատապ կարիք ունեցող անձ ուզում է լինի, չի կարող ստանալ տվյալ շենքից բնակարան, դա բացառված է: Սակայն, այս ընտանիքի անդամները, համարելով, որ իրենք բազմազավակ են, և իրենց պետք է բնակարանով ապահովվի, ապօրինի կերպով ներխուժել են այդ բնակարան: Ասեմ, որ ես ուսումնասիրել եմ նրանց փաստաթղթերը. դեռևս այն ժամանակ, երբ վերջին շենքը Մարալիկում շահագործման է հանձնվել 1997 կամ 1998 թվականներին, գուցե էդ թվականների մեջ մեկ տարվա շեղում լինի, այդ ժամանակահատվածում իրենց՝ որպես բազմազավակ ընտանիքի, հատկացված է եղել  3 սենյականոց բնակարան: Իրենք դարձյալ նույն մեթոդներով փորձել են հրաժարվել, փաստաթղթերը, հիմքերն ամբողջությամբ կան գրանցամատյաններում, ես ուսումնասիրել, տեսել եմ, իրենք, լինելով խռովարար, փորձել են զոռբա տարբերակներով հարցեր լուծել: Եվ քաղաքապետը, երբ որ իրենք ունեցել են 3 երեխաներ միաժամանակ, հատկացրել է նրանց 4 սենյականոց և համարել է նրանց բնակարանի հարցերը լուծված: Եվ իրենք չեն հաշվառված և չեն կարող հաշվառված լինել՝ որպես բնակարանի կարիք ունեցող քաղաքացիներ: Այսօր պետական բնակարանաշինություն գրեթե չկա, և պետությունը չի լուծում նման կարգի խնդիրներ, եթե քաղաքացին ունի բնակարանի կարիք, ինքը պիտի լուծի:Այսօր պետությունը լուծում է միայն երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների խնդիրները», -ասաց քաղաքապետը:

artak-gevorgyan

Արտակ Գևորգյանը բազմազավակ մոր՝ 5 հազար դոլարի շուրջ հնչեցրած հայտարարությունը որակում է որպես նրա վառ երևակայության արդյունք, որպես շանտաժ: Քաղաքապետը  համոզված է, որ այս կնոջ կողքին կան խրատ տվող մարդիկ, որոնք նրան տարբեր տեղեր են ուղղորդում՝ ելնելով իրենց քաղաքական նկրտումներից: Ըստ նրա, այս ընտանիքը սոցիալապես ծանր կարգավիճակում է գտնվում, որի համար 5 հազար դրամն անգամ բավական մեծ գումար է, որ կարողանան հանապազօրյա հաց գնել: Բացի այդ, պաշտոնյայի պնդմամբ, Մարալիկում բնակարանային շուկան բավական ցածր է, և եթե այս ընտանիքը 5 հազար դոլար ունենար, ապա այդ գումարի շրջանակներում հանգիստ կարող էր իրեն անհրաժեշտ բնակարանը գնել: Այսինքն, պաշտոնյայի ասելով, այս դեպքում հարց ծագում, թե ո՞րն էր տրամաբանությունը կաշառք տալու բնակարան ստանալու համար: Ըստ քաղաքապետի, զավեշտն այն է, որ այս ընտանիքը իր դեմ տարբեր բողոքներ ներկայացնելով տարբեր կառույցների՝ ՀՀ նախագահի աշխատակազմին, քաղաքաշինության նախարարությանը, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին՝ կաշառքի տարբեր չափեր է նշել, թե իբր տվել է քաղաքապետին: Քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունը դատի է տվել այս ընտանիքին՝ իր սեփականությունը ազատելու պահանջով: Վճիռը կայացել է օգուտ նախարարության, քանի որ այդ բնակիչների զավթած բնակարանը վիճակահանության արդյունքում տրվել է Գալիք Կարապետյանին: Քաղաքապետը նշում է, որ 5 հազար դոլարի պատմությունը այժմ քննվում է քննչականում:

«Առերեսում չի կայացել, բայց ես ունեմ իմ բարոյական վիրավորվածությունը և հետամուտ եմ լինելու, որ հարցն ամենայն խորությամբ հետաքննվի, և այն մարդիկ, որոնք փորձում են զրպարտությամբ, կեղծ տեղեկություններով կամ ինչ-ր շանտաժի նոտայի ճանապարհներով կամ լաչառությամբ փորձեն ինչ-որ հարցեր լուծել, միանշանակ պատասխան են տալու օրենքի առջև: Եթե կարող են թող ապացուցեն, բայց եթե չկա նման բան ինչպե՞ս են ապացուցելու և չի էլ կարող լինել, որովհետև ես կոմպետենտ չեմ այդ հարցի լուծմանը, այս հարցում որոշում կայացնելու միջնորդություն, իրավասություն ընդհանրապես չունեմ: Ես ունեմ փաստաթղթային փաթեթ, որ իրենք տաբեր ժամանակներում փորձել են շանտաժի մեթոդներով, իրենց կարճ բանականությամբ ու կարճ ինֆորմացվածությամբ, տեսնելով տարբեր կարգի շոուներ ու ունենալով հուշարարներ,  տարբեր կարգի հարցեր լուծել: Կան երևույթներ, որոնք իրենց տրամաբանության և գիտակցության մեջ չեն, ակնհայտ է, որ նրանք ունեն հուշարարներ: Պարզ երևում է, յուրաքանչյուր մարդ, եթե շփվի նրանց հետ, ուսումնասիրի նրանց մոտեցումները, գրառումները, բողոքները, կզգա, որ սա իրենց ձեռագիրը ու ունեցած տեսակետը չէ»:

Արտակ Գևորգյանը նաև ասաց, որ նրանք գալիս են քաղաքապետարան՝  սկանդալներ են սարքում, խանգարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը, վիրավորանքներ են հնչեցնում, կազմակերպում են տարբեր կարգի շոուներ ու հոգեկան տարբեր դրսևորումներ ունենում: Ըստ քաղաքապետի, ինքը ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանական մեթոդների, նաև պարտավոր է պաշտպանել  աշխատակազմին:

Նշենք, որ ի տարբերություն մյուս քաղաքների, Մարալիկը, ունենալով համապատասխան բնակարանային ֆոնդ՝ 9 կիսակառույց շենքեր , և կարողանալով պաշտպանել, պահպանել դրանք թալանից ու քանդվելուց, կարողացել է դրանք մտցնել շինարարական ծրագիր: Շենքերի մի մասը, կառուցվելով,  օգտագործվել է որպես սոցիալական բնականային ֆոնդ, իսկ մյուս 3-4 շենքերը հատկացվել են Մարալիկի 5-րդ վթարային շենքի 50 ընտանիքներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես հավատու՛մ եմ բազմազավակ ամուսինների ասածին. այս խեղճ մարդիկ երբեք «հենց նենց» չէին ասի,որ քաղաքապետին 5000 դոլար են տվել: Ո՛չ մի սովորական քաղաքացի երբեք նման «կլյաուզա» չի անի որևէ քաղաքապետի:

    Կամ փողը հետ թող տան, կամ էլ բնակարանը գրանցեն իրենց անունով: Վաղը սահմանին իրե՛նց երեխաններն են կանգնելու, այլ ոչ քաղաքապետերի տղաները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031