Լրահոս
Օրվա լրահոսը

Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված սնանկության օրենքի բարեփոխմանը

Դեկտեմբեր 17,2014 19:05

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված սնանկության օրենքի բարեփոխմանը: Միջոցառումն անցկացվել է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի միացյալ ծրագրի շրջանակում, որն ուղղված է ամրապնդելու անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը ՀՀ արդարադատության համակարգում: Միջոցառման նպատակը «Հայաստանում սնանկության խնդրի լուծման ներկա վիճակի և առաջարկվող բարեփոխումների մասին» Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացումն էր և դրա վերաբերյալ քննարկում կազմակերպելը: Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետ Լիպարիտ Դրմեյանը, ԵԽ և ՀԲ տեղացի ու արտասահմանյան փորձագետներ և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Արսեն Մկրտչյանը փորձագետներին խնդրել է եզրակացությունների, առաջարկությունների կազմման աշխատանքներում հաշվի առնել մեր երկրի առանձնահատկությունները, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ առողջացման մեխանիզմներ և ինստիտուտներ նախանշել, գտնել այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնես միջավայրի զարգացմանը և դրանց համար առաջարկել օպտիմալ լուծումներ: Նա հորդորել է փորձագետներին լսել նաև ոլորտում գործող հայաստանյան մասնագետներին, հասկանալ՝ ինչ սկզբունքների ու արժեհամակարգի հիման վրա պետք է բարեփոխվի անվճարունակության ոլորտի օրենսդրությունը, հայաստանյան իրավական դաշտի առանձնահատկություններին բնորոշ ինչպիսի ինստիտուտներ կարելի է ներդնել, որոնք կբարձրացնեն օրենսդրական կարգավորման արդյունավետությունը:

«Մեր երկրի շահերից է բխում, որպեսզի մենք փորձենք հասկանալ, թե որքանով են փորձագետների ներկայացրած աշխատանքները օգտակար և գտնենք դրանք լավագույնս օգտագործելու ուղիները»,-ընդգծել է նախարարի տեղակալը: Քննարկմանը մասնակից փորձագետները նշել են, որ  այս սեմինարի նպատակն է օգնել ձեռնարկություններին հաղթահարելու առկա դժվարությունները, գտնելու հնարավոր ճգնաժամերից դուրս գալու ուղիները: Այս ամենի համար, ըստ նրանց, անհրաժեշտ է օժանդակել օրենսդրական համապատասխան կարգավորումներ նախատեսելու աշխատանքներին, ԵԽ կողմից ընդունված ստանդարտներին համապատասխան բարելավել բիզնես միջավայրը, հասկանալ ռիսկերը: Մասնագետները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, աջակցելու կառավարությանը սնանկության գործերում օպտիմալ լուծումներ գտնելու համար: Այնուհետև Համաշխարհային բանկի փորձագետները ներկայացրել են Հայաստանում սնանկության խնդրի լուծման ներկա վիճակի և առաջարկվող բարեփոխումների մասին իրենց պատրաստած զեկույցը, որով հիմնավորում են, թե ինչու է կարևոր սնանկության մասին օրենքը, ինչպես պետք է իրականացվի արդյունավետ բարեփոխումն այդ ոլորտում: Զեկույցում ներառված են թիրախային այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ պարտքի վերակառուցման, ֆինանսական առողջացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համապատասխան ինստիտուցիոնալ փոփոխությունները:

Լիպարիտ Դրմեյանը, անդրադառնալով ներկայացված զեկույցի դրույթներին, նշել է, որ այն հիմնված է ոչ միայն օրենսդրական կարգավորումների բացերը և թերությունները վեր հանելու, այլև՝ առկա պրակտիկայի վրա: «Պարտքի վերակառուցման գործընթացը, լինելով թանկ և առավել երկարատև գործընթաց, քան լուծարումը, հասանելի չէ սնանկության եզրին հասած բազմաթիվ ընկերությունների: Բացի այդ, Հայաստանում գերակշռում են ՍՊԸ-ները, որոնք հիմնականում ունենում են 50 հազար դրամը չգերազանցող կանոնադրական կապիտալ և չեն ունենում նույնիսկ սեփական գույք: Քիչ հավանական է, որ նման ընկերությունները դիմեն պարտքի վերակառուցմանը՝ խուսափելու համար լուծարումից»,-իր նկատառումներն է ներկայացրել Լիպարիտ Դրմեյանը:

Սեմինարի մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը նման քննարկումները խրախուսելու և դրանցում ակտիվորեն ներգրավվելու համար:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031