Ռեժիմի և կեղծ ընդդիմության առաջնորդները, որոնք իրականում Ռուսաստանի քաղաքական գործակալներից բաղկացած միասնական թիմ են, իրենց դավաճանական ու ապիկար քաղաքականությամբ երկիրը հասցրել են քաղաքական և սոցիալ-տնտեսական աղետի:
Նրանք իրենց օտար տերերի թելադրանքով մեր երկիրը ներքաշեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կործանարար գործընթացի մեջ, ինչի հետևանքով մենք դառնում ենք Ռուսաստանի կցորդ և նրա հետ միասին գահավիժում ենք դեպի անդունդ:
Նման արտակարգ իրավիճակից հնարավոր է դուրս գալ բացառապես արտակարգ քայլերի միջոցով:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ թույլ չի տալու երկիրը հասցնել քաոսի և ամեն պահի պատրաստ է ստանձնելու պետական կառավարման պատասխանատվությունը:
Միևնույն ժամանակ՝ որպես իրատեսական ուժ, Շարժումը գործող ռեժիմից պահանջում է երկիրը վերջնական կործանումից փրկելու համար առնվազն իրականացնել հետևյալ քայլերը.
- դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը,
- արգելել քաղաքական և սպեկուլյատիվ նպատակներով դեպի Հայաստան ռուսական ռուբլու մուտքը,
- արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան արտարժույթի ելքը,
- մշակել և իրականացնել հակաճգնաժամային միջոցառումներ ավելի կայուն արտաքին գործընկերների, առաջին հերթին՝ Արևմուտքի և Իրանի, հետ,
- երկրի ներսում կարգավորել տնտեսական իրավիճակն ու միջավայրը:
Շարժումը ռեժիմին զգուշացնում է, որ դեպի քաոս երկրի գահավիժումը կանխող այսպիսի արտակարգ քայլեր չկատարվելու դեպքում.
- վերանայելու է 2015 թ. ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու ծրագիրը և արագացնելու է ժողովրդին փողոց հանելու և ռեժիմին հեռացնելու քայլերը,
- ձեռնամուխ է լինելու արտակարգ լիազորություններով օժտված ժամանակավոր կառավարություն ձևավորելու գործին:
Նախախորհրդարան