Մարդիրոս Դեմերճյանը, որը բողոքել էր ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվելուց, մեղավոր է ճանաչվել «կեղծ ցուցմունք» տալու համար, հաղորդում է «Общественный вердикт» ֆոնդի կայքը:
Սոչիի Ադլերի դատարանը նրան դատապարտել է 300 ժամ ուղղիչ աշխատանքի:
Դեմերճյանը Սոչիի բնակիչ է, աշխատում էր օլիմիպիական շինարարություններում: Այս տարի գարնանը նա ՌԴ քննչական վարչություն բողոք էր ներկայացրել, որ ոստիկանների բռնությունների զոհն է դարձել, ինչի պատճառով ծանր վնասվածքներով հիվանդանոց է ընկել: Սակայն գործը շրջվել էր իր դեմ ու ինքն էր դարձել կասկածյալ:
«Общественный вердикт» (Հանրային դատավճիռ) կազմակերպությունն ու փաստաբան Ալեքսանդր Պոպկովը, որոնք ներկայացնում են Դեմերճյանի շահերը, կտրականապես համաձայն չեն դատավճռի հետ ու պատրաստվում են բողոքարկել գործը:
Կարդացեք նաև
«Դժվար է ավելի նվազ օբյեկտիվ դատական հետաքննություն պատկերացնել: Դատարանը մերժել է պաշտպանության բոլոր միջնորդությունները: Արձանագրություններից վերացել է առանցքային վկաների ցուցմունքները: Մեզ թույլ չեն տվել ծանոթանալ փաստաթղթերի և գործի նյութերի հետ: Ըստ էության, մեր պաշտպանյալի նկատմամբ երկրորդ անգամ է բռնություն իրագործվում, սկզբում ոստիկանության կողմից, այնուհետև՝ դատարանի, որը մեղավոր է ճանաչել Դեմերճյանին: Մենք վստահ ենք, որ Դեմերճյանը որևէ հանցագործություն չի կատարել: Մենք մտադիր ենք բողոքարկել վճիռը, այդ թվում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», – հայտնել է փաստաբանը:
Օլիմպիական խաղերի համար նախատեսված կառույցներում Մարդիրոս Դեմերճյանը էլեկտրիկ էր աշխատում: 2014թ. փետրվարին նա գործատուից պահանջել է վճարել իր աշխատած գումարը, սակայն վերջինս չի վճարել, իսկ Դեմերճյանին մեղադրել են գողության մեջ ու փոխանցել ոստիկանությանը:
Ըստ Դեմերճյանի, ոստիկանության բաժնում նրան ստիպողաբար փորձում էին ստորագրել տալ 2կմ մալուխի գողության խոստովանության տակ, որից նա հրաժարվել էր, ինչի արդյունքում երկու ոստիկաններ սկսել են ծեծել նրան:
«Հագան բռնցքամարտիկի ձեռնոցներ, երկուսով կանգնեցին դիմացս, ու ես մտածեցի, ինչքան կարող եմ կդիմանամ, բայց ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ու սկսեցին խփել, ատամներիցս երկուսը դուրս թռցրին, երկուսը՝ կոտրեցին, ես ընկա աթոռից, սկսեցի կորցնել գիտակցությունս: Նրանք ինձ ջուր տվեցին, մեկը մյուսին ասում է՝ թող ուշքի գա, ու նորից է սկսվում՝ հը՞, կխոստովանե՞ս: Իսկ ես նրանց՝ ես ոչ մի բան չեմ խոստովանելու, ես ոչ մի բան չեմ արել: Նորից սկսեցին երկուսով խփել, սկսեցի գիտակցությունս կորցնել, ջուր տվեցին: Ու մեկն ասում է՝ լոմը բերեք, ես նրանց հարցնում եմ՝ ինչների՞դ է պետք լոմը, ի՞նչ է, լոմո՞վ եք խփելու», – պատմել է Դեմերճյանը:
Ոստիկանության բաժանմունքից հետո շտապ օգնության մեքենայով նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ախտորոշել են «հետվնասվածքային սուր պանկրեատիտ, ուղեղի ցնցում, ուղիղ աղիքի հետվնասվածքային ճաք»: Հաջորդ օրը տուժողի հարազատները դիմել են քննչական վարչություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր, փոխարենը՝ «կեղծ ցուցմունք» տալու հոդվածով գործ էին հարուցել Դեմերճյանի դեմ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ