Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը՝ ստեղծված խուճապի մասին. «Ամեն օր, ամեն ժամ նոր խաղի պայմաններ են առաջանում»

Դեկտեմբեր 17,2014 17:44

Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը շտապում էր դռնփակ արտահերթ նիստին ներկա գտնվել, որոշ բացատրություններ տվեց՝ փոխարժեքի տատանման պատճառով ստեղծված խուճապային իրավիճակի հետ կապված:

Նրա խոսքերով՝ ԿԲ-ն է զբաղվում խնդրով, բայց քանի որ դրամի արժեզրկումը տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի, ողջ կառավարությունով ջանքեր են գործադրում՝ փորձելով այս վիճակից դուրս գալ. «Հարցը քննվում է կառավարությունում՝ ամենօրյա ռեժիմով: Կառավարությունը, ցավոք, այստեղ այդքան շատ գործիքներ չունի»:

Հարցին՝ ո՞վ է մեղավոր, ԿԲ-ն է մեղավո՞ր՝ նա պատասխանեց. «Մեղավորի հարց չի: Տեսեք, աշխարհի բոլոր երկրներում նման գործառույթներ կան, խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Եվ հիմա ԿԲ-ն քննարկում է այն պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը: Հետո պետք է խնդիրների ճանապարհով գնալ կայունացնելու»:

Թե ինչ է անում ֆինանսների նախարարությունը կոնկրետ՝ նա պատասխանեց, որ հարկաբյուջետային քաղաքականության վարողն է. «Ընդհանրապես նման դեպքերում պետք է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել՝ եկամուտները բարձրացնել եւ ծախսերը նվազեցնել: Բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, մենք տնտեսությունը աշխուժացնող մեղմ քաղաքականություն ենք փորձում վարել: Բայց ամեն օր, ամեն ժամ նոր խաղի պայմաններ են առաջանում: Մենք կառավարության հետ, ԿԲ-ի հետ քննարկում ենք այն գործիքները, որով կկայունացնենք վիճակը»:

Հարցին՝ հնարավո՞ր է նոր դրամ շրջանառության մեջ դրվի՝ նա պատասխանեց. «Նման խոսակցություն չկա»:

Թե ինչքան ժամանակ կտեւի այս վիճակը, ըստ Գագիկ Խաչատրյանի, դժվար է գնահատել:

Aravot.am-ի հարցին՝ վարչապետն ասել է, որ սպեկուլյացիաներ կան, եթե նույնիսկ իրավիճակը կարգավորվի, այդ մախինացիաներ անողներն ինչպե՞ս են պատժվելու՝ նա պատասխանեց, որ դրանով պետք է զբաղվի ԿԲ-ն. «Այո, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ՝ արհեստական պատճառներ: Պետք է տարանջատել եւ փակել բոլոր սողանցքները՝ արհեստական եւ սուբյեկտիվ պատճառները, որպեսզի արագ կայունացնենք: Հիմա դա արվում է: Ինքը շատ արագ տեղի ունեցավ, արժեզրկումը շատ արագ է տեղի ունենում, բայց դրանից հետ գալը շատ բարդ պրոցես է, շատ հանգամանքներից է կախված, պետք է հանգիստ հետ բերել»:

Նախարարը վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկելի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031