Դեկտեմբերի 15-17-ն անցկացվեց «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը: Այն կազմակերպել է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետներն անդրադարձ կատարեցին Արցախի շուրջ ծավալված իրադարձություններին, ԻՇԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումներին, Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության իրավական և քաղաքագիտական դիտանկյուններին:
Դեկտեմբերի 17-ին` գիտաժողովի փակման օրը, տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը: Այն տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահ գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Գիրքն ըստ էության անդրադառնում է Հայոց ցեղասպանության խնդրին և ամփոփ ներկայացնում, թե ՀՀ-ն պաշտոնապես ինչ է պահանջում Թուրքիայից` որպես հատուցում:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գիրքը համարեց կարևոր հրատարակություն ու նշեց. «Այն զինում է երիտասարդությանը այն կարևոր պատասխաններով ու մոտեցումներով, որոնք հաճախ թուրքական կողմը խեղաթյուրում է` իր տեսակետի մեջ ներկայացնելով»: Կիրո Մանոյանը հատկապես կարևորեց գրքի առաջաբանը, որտեղ ներկայացվում է, որ Թուրքիան որդեգրել է կասկած հարուցելու քաղաքականություն: Կիրո Մանոյանի ներկայացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին միայն մեզ հաջողվեց ունենալ Հայոց ցեղասպանության հատուցում պահանջող համապարփակ թղթածրար, քանի որ նախկինում բազում նման փորձերը անհաջողության էին մատնվել:
Արտակ Շաքարյանը, ներկայացնելով «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի օգտակարությունը, նշեց. «Թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մասին մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են, ո′չ էլ, առավել ևս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը լրացնելուն»:
Գրքում ներկայացված նյութերի շրջանակներում ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը: Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններից տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ: Գրքում մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն