Համատարած թանկացումների ֆոնին դժվար է գտնել մի ապրանք, որը չի թանկացել, ու դժվար է նույնիսկ հստակ ասել, թե քանի տոկոսով է թանկացել:
Մայրաքաղաքի մի շարք դեղատներում Aravot.am-ը հարցում կատարեց. դեղատների աշխատակիցները մեզ վստահեցրեցին, որ 20-30% թանկացում է գրանցվել:
Aravot.am-ի հետ զրույցում դեղերի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերության ղեկավար Ասատուր Ասատրյանն ասաց, որ այն դեղորայքը, որը ներկրվում է Ռուսաստանից եւ ռուսական ռուբլով է գործարքը կատարվում, չեն թանկացրել, իսկ եվրոպական երկրներից ներկրվածները թանկացրել են. «Բայց ավելի քիչ ենք թանկացրել, քան դոլարն է թանկացել ու թանկանում»:
2 օր առաջ առողջապահության նախարարությունը հայտարարել է որ նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել։ Ըստ նախարարության, դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների տատանմամբ։ Այնպես որ, նրանք, ովքեր դեղերի գնի աճը փորձում են ներկայացնել որպես դրոշմապիտակավորման պարտադիր պահանջի հետևանք, մեղմ ասած` անկեղծ չեն: Այս նախարարությունից մեզ վստահեցրին, որ ըստ իրենց մոնիտորինգի, երեկ առավոտյան ընդհանուր առմամբ 5-10% թանկացում է արձանագրվել:
Կարդացեք նաև
Իսկ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո, երբ Aravot.am-ը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվել էր` թե վերջին շրջանում համատարած գնաճն ինչպե՞ս է անդրադառնում դեղերի շուկայի վրա. դեղատներում դեղերի որոշակի թանկացում է նկատվել, դեղատներում նաեւ վստահեցնում են, որ մատակարարները զգուշացրել են` հաջորդ խմբաքանակն արդեն 20-30%-ով թանկ են տրամադրելու, Մուրադյանն ասել էր` «Դեղերի շուկայում գնաճի փոփոխություններ ներկայումս չկան: Խոսել հեռանկարների մասին` ի՞նչ կարող է լինել, կարծում եմ անշնորհակալ գործ է: Ամեն դեպքում տարադրամի հետ կապված բոլոր խնդիրները, եւ այն ապրանքները, որ ներմուծման հետ են կապված, այդ խնդիրը կա: Մենք վարում ենք բանակցություններ դեղ ներմուծողների հետ, որ հնարավորինս զսպեն գնաճը հիմնական դեղորայքի»:
Այսինքն, պարոն նախարարը դեկտեմբերի 4-ին մեզ վստահեցրել էր, որ այդ օրվա դրությամբ դեղերի թանկացում չի եղել, մինչդեռ նախարարության հաղորդագրության համաձայն, դեղերի թանկացումը սկսվել է նոյեմբերի 20-ից:
Ստացվում է, որ նախարար Մուրադյանը կամ իրավիճակին չի տիրապետել, կամ էլ խուսափել է խոստովանել, որ դեղերի թանկացում եղել է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ