Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի«Տաթևի անապատ» ընկերության կառուցած հէկը կարող է վտանգել Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագիրը: Հէկի խողովակները և ենթակառուցվածքային շինությունները գտնվում են Սյունիքի մարզի Տանձատափ և Տաթև համայնքներում, որոնք Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագրի տարածքներում են:
«Հետքի» աղբյուրը տեղեկացրել է, որ IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Սուրիկ Խաչատրյանի հէկի կառուցումը կանխելու համար հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին հարցրել էինք, թե արդյոք «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի նախաձեռնած «Անապատ-1» փհէկի կառուցումը որևէ ձևով առնչվում է «Տաթևի թևեր» զբոսաշրջային զարգացման ծրագրում ընդգրկված ենթակառուցվածքներին կամ տարածքներին: Եթե այո, ապա արդյոք նշված հէկի շահագործումը կարո՞ղ է վտանգել կամ խաթարել «Տաթևի թևերի» բնականոն աշխատանքը, խոչընդոտ հանդիսանալ զբոսաշրջիկների հետագա հոսքի ներգրավման համար, աղավաղել զբոսաշրջային վայրի տեսքը և գրավչությունը:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը պատասխանել է. ««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը նշված էներգետիկ ծրագրի հետ կապված քննարկումներ է ունեցել տարբեր պետական մարմիններում: Հարցը քննարկվել է նաեւ տարածաշրջանում «ազգային պարկի» ստեղծման ծրագրի համատեքստում, որը նախատեսվում է իրականացնել միջազգային կազմակերպությունների հետ համատեղ: Հուսով ենք, որ բոլոր այս քննարկումները կհանգեցնեն այնպիսի լուծումների, որոնք թույլ կտան լիարժեքորեն իրականացնել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերը»:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք hetq.am-ի կայքում