Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դոլարով կամ եվրոյով առեւտուր անելը անօրինական է

Դեկտեմբեր 17,2014 16:38

Եթե ձեզ զանգում են բանկից եւ պահանջում գնալ եւ վերաֆինանսավորել ձեր դրամային վարկը՝ ավելի բարձր տոկոսադրույքով, ապա մինչեւ բանկ շտապելը՝ կարդացեք ձեր վարկային պայմանագիրը: Եթե վարկային պայմանագրում չկա որեւէ կետ, որը բանկին թույլ կտա նման քայլի դիմել, ապա հանգիստ կարող եք մերժել բանկի այդ ավանտյուրան եւ դիմել դատարան: Սա խորհուրդ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կողմից, որից լրագրողները ակնկալում էին արժութային շուկայում վերջին մի քանի շաբաթում կատարվող աժիոտաժին վերաբերող ցանկացած հարցի պատասխան՝ այսօր ավելի քան մեկուկես ժամ տեւած ասուլիսի ժամանակ:

Պարոն Ջավադյանը, ինչպես անցած շաբաթ, այսօր էլ պնդում էր, որ իրավիճակը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

Նա նկատեց, որ խուճապը, որ առկա է բնակչության շրջանում, նպաստում է դրամի արժեզրկմանը, ավելին՝ հիմնական պատճառներից մեկն է, եւ դրա արդյունքում ձեւավորվել է որոշ ապրանքների գնաճ. «Մարդիկ գնում են ապրանքներ եւ մթերքներ, որոնք իրենց անհրաժեշտ չեն, ձեւավորում են արհեստական պահանջարկ, եւ դրանից օգտվելով՝ որոշ տնտեսվարողներ բարձրացնում են իրենք ապրանքների գները»:

Բացի շարքային քաղաքացիներից, որոնք նման «սպեկուլյատիվ» գործողություններով, որոնք միտված են կամ շահույթ ստանալուն, կամ իրենք իրենց պաշտպանելուն՝ ապագայում ավելի թանկ գնով ապրանք ձեռք բերելուց («ի՞նչ ասես մարդուն, ով գնում է եւ ոսկի է գնում, կամ հեռուստացույց, կամ ավտոմեքենա կամ մի քանի պարկ շաքարավազ, երբ դրա կարիքը չունի, բայց մտածում է՝ հետո կթանկանա, հիմա գնեմ»), պարոն Ջավադյանը նշեց ավելի «խոշոր սպեկուլյանտների» մասին, օրինակ, այն տնտեսվարողների, որոնք իրենց եկամուտը ստանում են դոլարով, եւ պետք է դոլարը վաճառեն, որպեսզի կարողանան աշխատակիցներին աշխատավարձ տալ, սակայն հապաղում են՝ ե՛ւ աշխատավարձն են ուշացնում, ե՛ւ դրանով խուճապ են ստեղծում աշխատողների մոտ:

Շատ ավելի վտանգավոր են, ըստ պարոն Ջավադյանի, այն տնտեսվարողները, որոնք իրենց ապրանքները կամ ծառայությունները գնանշում են արտարժույթով՝ դոլարով կամ եվրոյով: Նա հիշեցրեց, որ Հայաստանում արգելված է արտարժույթով առեւտուրը, եւ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում՝ մեղավորները խստորեն կպատժվեն:

Այս ամենը առաջացնում են սպասումներ, իսկ ինչպես հայտնի է, բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ՝ գնաճը, փոխարժեքը եւ այլն, ձեւավորվում են սպասումների արդյունքում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031