Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ նիստի ավարտից հետո կգումարվի արտահերթ նստաշրջան:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նիստի ավարտից հետո տեղի կունենա արտահերթ նստաշրջան՝ կապված ֆինանսական վիճակի հետ։ Լսվելու են լիազոր մարմինների հաղորդումները ֆինանսական շուկայում կատարվող երևույթների վերաբերյալ։ Մինչ այդ ՀՀ ԱԺ-ն քննարկեց «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցի շուրջ իր ելույթում նշեց, որ ԵՄ հետ ունեցած մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում, այն դեպքում, երբ չստորագրեցինք ասոցացման համաձայնագիրը։ Նա մասնավորապես ասաց. «ԵՄ-ն մինչ օրս մեզ համար ոչ մի դուռ չի փակել, ավելին, շարունակում է իր համագործակցությունը։ Այս համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին աջակցում է՛ որպեսզի կարողանանք աջակցել ՀՀ կառավարությանը ապահովելու ավելի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացում ՀՀ տարածաշրջաններում և մարզերում։ Այդ նպատակի համար ԵՄ-ն հատկացնում է 11 մլն 750 հազար եվրո, որից 1 մլն 750 եվրոն ՀՀ կառավարության ներդրումն է»: Պատգամավորը նշեց, թե ԵՄ-ն չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի հետ առևտրի հետ կապված։
Մարուքյանը տեղեկացրեց նաև, որ վերջերս Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի, փոխնախագահի հետ, ովքեր հավաստիացրել են, որ Հայաստանի հետ կապված հարաբերությունները պահպանվելու են այնքանով, որքանով դա չի խանգարի այլ ինտեգրացիոն գործընթացներին։ Նրանք հարգում են Հայաստանի՝ որոշում կայացնելու սուվերեն իրավունքը։ ԵՄ-ն որևէ դուռ չի փակել ՀՀ համար։
Կարդացեք նաև
Ըստ Մարուքյանի՝ այս համաձայնագիրը գալիս է հաստատելու, որ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում։
Նշենք, որ քիչ անց ՀՀ ԱԺ-ն քվեարկության կդնի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր, որին կհաջորդի արտահերթ նիստը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ