Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդը «Ջի Էմ Ջիմեդիա գրուպի» հետ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպել են «Մի փոքրիկ լույս մեր սրտերից» խորագրով ամանորյա բարեգործական միջազգային ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անհատներ: Շուրջ 40 տաղավարներում ներկայացված են նաև ձեռքի աշխատանքներ: Ամանորին ընդառաջ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը վաճառքից գոյացած հասույթով ՀՀ մարզերում բնակվող անապահով ընտանիքներին աջակցելն է: Աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայերին, ովքեր, ի դեպ, նույնպես մասնակցում են ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել և տաղավարներով շրջել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը: Ողջունելով նմանօրինակ նախաձեռնությունները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն առանձնահատուկ կարևորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք բարեգործական բնույթ են կրում, և մշտապես իր աջակցությունն է բերում:
«Ցուցահանդեսն իր տեսակի մեջ իսկապես հետաքրքիր է: Եվ այստեղ գնահատելի է այն կանանց դերը, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով են օգնում աջակցության կարիք ունեցողերին»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանն իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանում կազմակերպվող բարեգործական տոնավաճառները վկայում են այն մասին, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են բոլոր քաղաքացիների համար ու այն նաև յուրօրինակ տուն է դարձել ասես:
Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 17-ից 18-ը:
Երևանի քաղաքապետարան