Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

16 քաղաքացիներն ընդդեմ Իրավունք թերթի» գործով հայցվորները նամակ են ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Դեկտեմբեր 17,2014 15:41

Հարգելի պրն. Անդրեասյան,

Մենք` քաղաքացիներիս, մեր մտահոգությունն ենք հայտնում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ թիվ ԵԿԴ/2042/02/14 գործով կայացված վճռի առնչությամբ։ Տվյալ որոշմամբ դատարանը վճռեց մերժել մեր` թվով 16 հայցվորներիս պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին մեզ «ազգի և պետության թշնամի» անվանելու համար։ Հայցի առարկան ս.թ. մայիսի 17–ին «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի կողմից թերթի կայքէջում հրապարակված հոդվածն էր, որը վերնագրված է. «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»: Այդ հոդվածում հեղինակը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, որտեղ ներգրավված ենք նաև մենք, հնչեցնում է վիրավորական արտահայտություններ մեր հասցեին և կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել մեր նկատմամբ, դադարեցնել շփումը մեզ հետ, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից:

Սույն որոշմամբ դատարանը վտանգում է մեր` քաղաքացիներիս անվտանգությունը, անձեռնմխելիությունը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը։ «Սև ցուցակների» կազմումը, մարդկանց թիրախավորումը, որոնք ուղեկցվում են ատելության կոչերով, ինչպես նաև պետական ատյանների ոչ համաչափ արձագանքն այդ ամենին պարարտ հող են ստեղծում մեր նկատմամբ հասարակության մեջ ատելության տարածմանը և կանաչ լույս են վառում ատելության հիմքով հանցագործությունների համար։

Մենք խիստ մտահոգված և անհանգստացած ենք, որ  մեր  նկատմամբ տարբերակված` խտրական վերաբերմունքը, ատելության դրսևորումները ոչ միայն չեն կանխվում և չեն արժանանում համապատասխան գնահատականի, այլ նաև լայնորեն խրախուսվում և խթանվում են պետական պաշտոնյաների կողմից։ Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բորիսի Բաբուխանյանը, ով հանդիսանում է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի խմբագրական խորհրդի հիմնադիր-նախագահը, հրապարակավ աջակցում է խտրականության հրահրմանն ու ատելությանը` պնդելով թերթի կողմից վիրավորանք և խտրականություն պարունակող հայտարարությունների իրավաչափությունը: Իսկ Հայկ Բաբուխանյանին Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացի մեդալի շնորհումը միմիայն  ապացույցն է այն բանի, որ ՀՀ–ում հանրությանը սեգրեգացնող և պառակտող տեսակետների տարածումը պետական պահանջարկ ունի։

Խնդրում ենք Ձեզ Ձեր իրավասության սահմաններում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն խնդրի առնչությամբ տալ համապատասխան ընթացք, ինչպես նաև արտահայտել Ձեր` որպես մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը սույն հոդվածում տեղ գտած վիրավորանք, խտրականություն և ատելության խոսք պարունակող արտահայտությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031