Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով` Կապանի տարածաշրջանի Ձորաստան գյուղում ՀՀԿ-ական թեկնածուին մեկ ձայնի առավելությամբ հաղթել է անկուսակցական թեկնածուն:
Ձորաստանում ընտրապայքարն ընթանում էր գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Ավետիս Ավետիսյանի եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Գեւորգ Հարությունյանի միջեւ:
Գյուղում 55 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 42-ը, 1 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: 2001թ.-ից մինչեւ օրս համայնքը ղեկավարող ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանի օգտին քվեարկել է 20 բնակիչ, իսկ 1991թ.-ից մինչեւ 2000թ. գյուղապետ աշխատած Գեւորգ Հարությունյանին կողմ է քվեարկել 21 ձորաստանցի:
Ձորաստանի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը մտադիր չէ բողոքարկել, ասում է` արդար ընտրություն է անցկացվել եւ նորմալ է վերաբերվում, որ իր մրցակիցն է հաղթել այս ընտրություններում:
«Արդար է անցել ամեն ինչ, հանգիստ, խաղաղ է եղել ընթացքը: Ես ինձ պարտված չեմ համարում, հավասար ձայներ ենք հավաքել: 14 տարի ես եմ ղեկավարել, թող հիմա էլ նա ղեկավարի, ես նորմալ եմ վերաբերվում, որ նա է ընտրվել, եթե բողոքարկող լինեի`կբողոքարկեի», – ասաց Ավետիս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործող գյուղապետը նշել էր , որ իրենց գյուղում ընտրությունների ժամանակ մրցակցություն միշտ էլ լինում է, բայց երբեւէ ընդհարումներ, բախումներ չեն գրանցվում: «Ով կհաղթի, թող վայելի այս պաշտոնը», – նախքան ընտրության արդյունքների ամփոփումն ասել էր պարոն Ավետիսյանը:
Իսկ նրա մրցակից, անկուսակցական Գեւորգ Հարությունյանը փոխանցել էր, որ եթե ընտրվելու ակնկալիքներ չունենար, չէր առաջադրվի: «Եթե ժողովուրդն առանց վախի մթնոլորտի, իրենց կամքով, առանց ծանոթ- բարեկամ հաշվի առնելու գնա ընտրության, ապա ես կընտրվեմ»,- նշել էր նա:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ