Լրագրողների ազատազրկման դեպքերը նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել են: «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» չորեքշաբթի հրապարակած ամենամյա զեկույցի համաձայն, 2014թ. 220 լրագրող է դատապարտվել ազատազրկման, ինչը 9-ով շատ է, քան 2013թ.:
Ըստ ուսումնասիրության, լրագրողների դեմ հետապնդումներ իրականացնող վատագույն երկիրը Չինաստանն է, որտեղ 44 մասնագետ է գտնվում բանտարկության մեջ:
Առաջատարների թվում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք տասնյակում տեղ են գտել այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Էրիտրեան, Եթովպիան, Սիրիան, Եգիպտոսը և Մյանման (Բիրմա):
Թուրքիան այս առումով վատագույն երկիրն էր 2012 և 2013թթ.-ին, բայց այս տարի տասնյակ լրագրողների ազատ արձակելով անազատության մեջ գտնվողների թիվը հասցրել էր 7-ի: Սակայն դեկտեմբերի 14-ին կրկին մի քանի լրագրողների է ձերբակալել:
Կարդացեք նաև
Ադրբեջանն այս տարի 9 լրագրողի է ձերբակալել, այս դեպքում հաշվարկված չեն քաղաքացիական լրագրողները, որոնք առնվազն 4-ն են:
Ազատազրկման դատապարտված լրագրողներից 132-ը, այսինքն 60%-ը, մեղադրվել է հակապետական գործողություններ ծրագրելու մեջ:
Զեկույցում հաշվարկված են միայն պետությունների կողմից լրագրողներին բանտարկության ուղարկելու դեպքերը և ընդգրկված չեն ինքնահռչակ պետությունների կողմից լրագրողների նկատմամբ հետապնդումները: Սակայն ԼՊԿ-ն հաշվել է, որ մոտ 20 լրագրողներ անհայտ կորած են համարվում Սիրիայում, որոնցից շատերը հավանաբար պատանդ են պահվում «Իսլամական պետություն» -ում:
ԼՊԿ-ն ամենամյա զեկույցը կազմում է 1990թ.-ից, և նշվում է, որ 2014-ը լրագրողներին ազատազրկելու առումով երկրորդ վատագույն տարին էր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ