Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե պետական աշխատողների աշխատավարձը բարձրացրին, այլ պետական չինովնիկներինը». Արեգ Միքայելյան

Դեկտեմբեր 17,2014 15:21

«Պետությունը դեռևս լիարժեք չի հասկանում, թե որքան պետք է գիտությունը մեր երկրի զարգացման համար: Այսինքն՝ մենք մեր մասին չենք մտածում»,- մտահոգվում է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղագիտական տարվա ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ գոնե հաջողվել է պահպանել դիրքերը, որոնք, ըստ նրա, այնքան էլ վատ չեն. «Եվս մեկ տարի պահպանեցինք մեր դիրքերը, բայց սա շատ վտանգավոր միտում է, որովհետև աստիճանաբար ավելի հետ ենք մնում, մինչդեռ աշխարհում գիտությունը զարգանում է, գնալով դրան ավելի մեծ կարևորություն է տրվում: Նույնիսկ հետամնաց երկրները, որոնք ժամանակին գիտություն չեն ունեցել, այսօր շատ լուրջ ներդրումներ են անում, որովհետև գիտեն, որ այդպես կարող են զարգացնել իրենց տնտեսությունը: Եվ սա միանշանակ է, սա իմ կարծիքը չէ: Նայեք մյուս երկրներին. զարգացած գիտություն ունեցողներն արագ քայլերով առաջ են ընթանում, իսկ այն երկրներում, որտեղ գիտությանը նշանակություն չեն տվել կամ չեն տալիս, հետին շարքերում են»,- ասում է Ա. Միքայելյանը:

Նրա բնորոշմամբ՝ մեր երկիրն այս առումով ամենազարմանալին է. «Մենք ունեինք և դեռևս ունենք գիտություն: Այսինքն՝ մեզ պետք չէր զրոյից սկսել, նոր աստիճանաբար զարգացնել: Մեզ համար ավելի հեշտ էր պահպանելը, բայց այդ պահպանելուն համարժեք գումարն էլ չի հատկացվում, ահա թե ինչու ենք մենք մեր դիրքերը զիջում»,- ասում է աստղագետը՝ ընդգծելով, որ դա այդպես է ոչ միայն աստղագիտության, այլև ընդհանրապես գիտության մեջ:

Իսկ գիտության զարգացմամբ, ըստ պարոն Միքայելյանի, առաջին հերթին պետությունը պիտի շահագրգռված լինի, մինչդեռ, ոչ գիտությունն է բավարար չափով ֆինանսավորվում, ոչ էլ գիտնականը, որի միջին աշխատավարձը չի գերազանցում 70-75 հազար դրամը. «Տեսեք, պետական աշխատողների աշխատավարձերը հուլիսից բարձրացրին (ավելի ճիշտ՝ ոչ թե պետական աշխատողների աշխատավարձը բարձրացրին, այլ պետական չինովնիկներինը), իսկ գիտնականներինը՝ ոչ: Մինչդեռ, վերջիններս նույնպես պետական աշխատողներ են, գիտությունը հենց պետության հոգածության առարկան է բոլոր երկրներում: Մեզ մոտ գիտնականների աշխատավարձերը չբարձրացրին՝ կարծես դրանով հատուկ շեշտելով, որ գիտության նկատմամբ վատ վերաբերմունք ունեն: Խոսքերով միշտ ասում են, որ գնահատում են, բայց թեկուզ այդ արարքով ակնհայտ երևաց նրանց վերաբերմունքը»,- ասում է Ա. Միքայելյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031