Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Բախելու ենք աշխարհի դուռը եւ ասելու ենք` արդարություն

Դեկտեմբեր 17,2014 15:14

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ.

Հանրային միացյալ օրակարգ դարբնելու մաղթանքով

 

«Ժառանգություն» կուսակցությունը բոլոր գործընկերներին իր գնահատանքն է հայտնում այս տարվա ողջ ընթացքում ծավալած համագործակցության համար: Միայն բարին մաղթելով՝ հույս ենք տածում, որ Նոր տարում այն կդառնա առավել ամբողջական, թափանցիկ եւ քաղաքացու նկատմամբ հաշվետու հարգանքով:

2015 թվականին ոգեկոչելու ենք Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրամյա զոհերին ու տակավին չհատուցված աննախադեպ ոճիրը մարդկության դեմ: Բախելու ենք աշխարհի դուռը եւ ասելու ենք` արդարություն:

Հավաքական մեր իրավունքների վերականգնման այդ ճամփին անհրաժեշտ է նաեւ, որ մենք պետական մեր օջախում ապահովենք այդ նույն արդարությունը՝ ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, ինքնիշխան հանրապետություն, գերակայող ազատություն, պաշտպանված զինվոր ու սահման, քաղաքական բանտարկյալների եւ բռնությունների բացառում, մարդու հոգեւոր ու նյութական արժանապատվություն:

 

Համալիր այս հրամայականներին հասնելու համար պետք է քաղաքական-քաղաքացիական նորացված հարթակով դարբնել հանրային իրապես միացյալ օրակարգ՝ ռազմավարական նշանակության նպատակասլաց հրապարակով:

 

Բոլոր դեպքերում՝ օրենսդիր մարմնում կառուցողական առկա խորհրդատվությունները կշարունակվեն, ինչպես հարկն է, ընդհանուր շահերից ելնելով: Բայցեւայնպես՝ առանց արդիականացված ու անկեղծ նոր մեթոդաբանության, պատշաճ հստակեցման ու բացախոսության, գրեթե անհնար է լինելու կյանքի կոչել համաժողովրդական անվանմամբ որեւէ արժեք՝ լինի դա շարժում, գրասենյակ, խորհուրդ կամ նպատակ:

 

Հայրենիքի եւ ազգի ապագայի դեմ հանդիման կանգնած արտաքին վտանգներն ու ներքին խոցերը, սոցիալ-տնտեսական ահագնացող տագնապը եւ Հայաստանի հետագա զարգացման՝ ընտրված ուղու անհեռանկարայնությունը պահանջում են անմիջական, էական վերանայումներ ու հետեւող քայլեր՝ մեր երկիրը փրկելու համար: Այս հանձնառությունը յուրաքանչյուրիցս վեր է, պատկանում է բոլորիս՝ միասին:

 

Մնացեք բարով:

 

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ

17 դեկտեմբերի 2014

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031