«Ինչքան աշխարհում տնտեսական վիճակը վատ է, Հայաստանում այնքան ուրախ է, ճի՞շտ հասկացա ձեր ասածներից: Դուք խոսեցիք, որ չափազանց մեծ հնարավորություններ ունենք՝ ինչպես ԿԲ-ն, այնպես էլ կառավարությունը, մասնավորապես խոսեցիք մեր երկրում հարկաբյուջետային լուրջ կոնսոլիդացիայի մասին, ո՞րն է դա, որ չենք հասցրել իմանանք»,- այսօր ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Սանչեսի դիտարկումներից հետո նրան հարցրեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Մեկ այլ մասնակից էլ հարցրեց՝ ինչքանո՞վ են հիմնավոր մամուլի այն հրապարակումները, որ ռուսական որոշ կազմակերպություններ ու բանկեր մեծ քանակով դոլարներ են գնում ու տեղափոխում Ռուսաստան, քանի որ Ռուսաստանում ավելի թանկ է գնել ռուբլիներով: Ի՞նչ մեխանիզմներ պետք է կառավարությունը կիրառի, որ դրա դեմն առնի: Այս եւ մյուս բոլոր հարցերին ԱՄՀ ներկայացուցիչը նախընտրեց պատասխանել ընդհանրական պատասխանով, ոչ թե մեկ առ մեկ:
«Դուք ինձ սխալ հասկացաք, ես նկատի չունեի, թե աշխարհում վատ է, իսկ Հայաստանում վիճակն այդքան էլ վատ չէ: Պարզապես այս պահի դրությամբ Հայաստանում վիճակն այնքան բարդ չէ, որքան մի շարք այլ երկրներում: Մոտ մեկ տոկոսով տնտեսության անկում է լինելու Ռուսաստանում, Ուկրաինայում՝ 6 տոկոսով: Հայաստանի տնտեսությունը դեռ աճում է, ճիշտ է այն պոտենցիալ մակարդակից ցածր է, բայց մեր նպատակն է օգնել Հայաստանին, որ ներկա պահի պայմաններում էլ հաջորդ տարի տնտեսական աճ գրանցվի»,- ասաց Թերեզա Սանչեսը:
Նա ասաց, որ հարկաբյուջետային կոնսոլիդացման տվյալները կան, որովհետեւ նախորդ ճգնաժամի ժամանակ բյուջեի պակասորդը կտրուկ ավելացավ, հիմա այն բավականին ցածր է եւ կազմում է ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը:
Կարդացեք նաև
«Հիմա այդպես որակենք, հա՞: Կոնսոլիդացում տանք դրա անունը՝ անկախ նրանից, որ մեր երկրում ներդրում չկա, գործունեություն չի ծավալվում»,- ընդհատեց Վարդան Բոստանջյանը:
ԱՄՀ ներկայացուցիչը շարունակեց. «Նման բան չասացի, ասածս այն էր, որ հաշվի առնելով կոնսոլիդացումը կամ դեֆիցիտի կրճատումը՝ այժմ ունենք հնարավորություն անհրաժեշտության դեպքում այդ ցուցանիշն ավելացնելու համար»:
Վարդան Բոստանջյանը կրկին ընդհատեց. «Ընդդիմախոսեմ, որ ասացիք, թե բյուջեն 100 տոկոսով կկատարվի, բյուջեի քառասուն տոկոսը կախված է դոլարի հետ, դոլարի տատանումների հետ կապված էդ ո՞նց են 100 տոկոսով կատարելու բյուջեն»:
Թերեզա Սանչեսը շարունակեց. «Լուրջ ու կարեւոր մտահոգություն է, հասկանում եմ, բայց այն հանգամանքը, որ կապիտալ ծախսերի մեծ մասը ֆինանսավորվում է միջազգային կառույցների կողմից ու այդ ֆինանսավորումը դոլարով է, դա արդեն խնդիր է, բայց մյուս կողմից պարտքերը, որոնք ներգրավվում են միջազգային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով են: Եթե ավելի վատանա վիճակը, Հայաստանն ունի միջազգային կազմակերպությունների օժանդակությունը»:
Այս քննարկման մասնակից որոշ տնտեսագետները դժգոհ էին ԱՄՀ ներկայացուցչի լավատեսական գնահատականներից, ու մի մասը դեռ քննարկումը չավարտված՝ հեռացան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Խիստ սուբյեկտիվ մեկնաբանություն է: Չի կարելի ընդհանրացնել Բոստանջյանի դժգոհությունը: Եղել է շատ շահեկան քննարկում: «Առավոտը» պետք է մնա իր բարձրության վրա: Եվ ընդհանրապես, միայն նեգատիվով չի կարելի ակնկալել իրավիճակի բարելավում: Շատ ցավում եմ:
Հարգելի պրն Մանասերյան: Սա այդ քննարկման մասին երեք նյութերից մեկն է: