Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի գործով որոշվեց հանրային պաշտպան ներգրավել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2014 14:38

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Հայկ Կյուրեղյանի դատական նիստը:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը ճշգրտեց՝ Հայկ Կյուրեղյանը հրաժարվու՞մ է Արա Զաքարյանի պաշտպանությունից, ինչին ի պատասխան, ամբաստանյալը հաստատեց, որ ինքը չի ցանկանում պաշտպան ունենալ:

Իսկ մինչ դատական նիստը սկսվելը Հայկ Կյուրեղյանը ոտքի չկանգնեց դատարանի առջեւ: Դատավորը նրան հիշեցրեց, որ նախորդ նիստին չկանգնելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով արդեն նկատողություն է ստացել: «Ձեր գործողությունը բերում է նրան, որ կարող է առանց Ձեզ դատականի նիստը շարունակվել»,-ասաց դատավորը: Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Խնդրեմ, Դուք ոնց ուզում եք, շարունակեք»: «Այսինքն՝ դուք ձեզ զրկու՞մ եք դատավարությանը մասնակցելուց, տուժողներին հարցեր տալու՞ց, ձեր իրավունքները իմանալուց, մեղադրանքը իմանալուց»,- հարցրեց դատավորը: «Ես չեմ զրկում, Դուք եք ինձ զրկում»,- ասաց Կյուրեղյանը, ինչին ի պատասխան դատավորը ներկայացրեց օրենքի այն կետերը, ըստ որոնց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելիս ամբաստանյալը կարող է հեռացվել նիստերի դահլիճից:


«Ինչքան հասկացա ձեր օրենքի մեկնաբանությունից, կարդացածից, գրված էր՝ «կարող է»: Այսինքն՝ «կարող է», նշանակում եւ՛ կարող է, եւ կարող է չլինել, կարող է շարունակվել իմ ներկայությամբ: Այսինքն՝ այդ որոշումը ձեզ է տրված, հիմա եթե դուք այդպես եք որոշում, ձեր մոտեցումն է, իմ դիրքորոշումը դատարանի նկատմամբ նույնն է, ինչի համար է այդպես եմ անում, ես արդեն ասել եմ, որովհետեւ ես համարում եմ սա խաղալիք դատարան, գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան: Եթե սա լիներ Հայաստանի Հանրապետության դատարան, ես կհարգեի»,- ասաց Հայկ Կյուրեղյանը: Նրան լսելուց հետո դատավորն ասաց. «Դատարանը որոշում է ամբաստանյալ Կյուրեղյանին հեռացնել դատարանից»:

Նիստին ներկա Հայկ Կյուրեղյանին սատարողները դատարանի այս որոշումից հետո նույնպես լքեցին նիստերի դահլիճը:

Դատարանն արձանագրեց, որ պաշտպան Արա Զաքարյանը դատական նիստին չի ներկայացել, եւ ամբաստանյալն էլ հրաժարվում է պաշտպանից, սակայն առանց պաշտպանի դատական նիստ չի կարող ընթանալ: «Դատարանը որոշում է գործին ներգրավել հանրային պաշտպանի»,- ասաց Արմեն Բեկթաշյանը՝ դատական հաջորդ նիստը նշանակելով 2015 թվականի հունվարի 14-ին:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031