Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շարունակվում է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ամենայն հավանականությամբ այսօր նիստը կավարտվի ժամը 15.00-ից հետո:
ԱԺ-ն քվեարկության դրեց և ընդունեց մի շարք օրենքներ. մեկ անգամ չընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթն այս անգամ ԱԺ-ն ընդունեց: Հիշեցնենք, ոչ իշխանական պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ այն պարունակում է հակասահմանադրական կետեր: Նշենք, որ համաձայն այս օրենքի` այսուհետ 200 հազար դրամից բարձր տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով, մինչդեռ ներկայիս օրենքի համաձայն` ԴԱՀԿ-ն կարող է առանց դատարանի որոշման կալանք դնել անձի գույքի և հաշիվների վրա: Օրենքի համաձայն` այն մարդիկ, ովքեր չեն կարողացել սահմանված ժամկետում մուծել իրենց 10.000 դրամ տուգանքները, որոնք եռապատկվել կամ քառապատկվել են, ապա օրենքը այդ անձանց հնարավորություն է տալիս վճարել միայն մայր գումարը` 10.000 դրամը:
ԱԺ-ն ընդունեց նաև «Ոստիկանության մասին» , «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Ընդունվեցին նաև մի շարք համաձայնագրեր` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիրը և այլն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ