Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքի պերճանքն ու թշվառությունը

Դեկտեմբեր 17,2014 13:05

Մեկ ամիս է՝ «ապրում» եմ ֆեյսբուքում: Հետաքրքիր էր պարզել, թե իրականում ինչ են փնտրում այնտեղ միլիոնավոր մարդիկ: Այդ ինչ մոգական ուժ է, որով իրենց այդպես կալում-կապում են սոցիալական ցանցերը, առանց որի շատերն այսօր չեն պատկերացնում իրենց գոյությունը: Հասկացա. մարդուն հատուկ է գնահատված, արժևորված, սոցցանցերի լեզվով ասած` «like»-ված լինելու ցանկությունը:

20-րդ դարակեսի ամերիկյան ֆանտաստ գրողներից մեկի վեպը քննադատվել էր այն պատճառով, որ նա պատկերել էր մի հասարակություն, որտեղ մարդու յուրաքանչյուր քայլը հսկվում է ամենուր տեղադրված տեսախցիկների, տարաբնույթ սարքերի միջոցով: Ոչ մի գաղտնիություն անձնական ու գործնական կյանքում: Գրողին մեղադրեցին հիվանդագին երևակայություն ունենալու մեջ, այնինչ նա պարզապես անսխալ գուշակել էր ապագան:

Մեր օրերում արդեն առանց դժվարության ու գաղտնի ծառայությունների միջամտության կարելի է տեղեկանալ՝ ով որ վայրկյանին որտեղ է, ում հետ, ինչ է անում, ինչ է ուտում կամ խմում, ինչպիսի տրամադրություն ունի և ինչ ծրագրեր առաջիկա օրերի ու ամիսների համար, ինչ նախասիրություններ ու քաղաքական հայացքներ, ովքեր են նրա ընկերները, երբ սիրավեպ սկսեց, նշանին ինչ մատանի բերեցին, խնամիները որ խավից են, երբ կծնվի առաջնեկը և այլն, և այլն: Պետք է խոստովանել սակայն, որ սոցցանցերը բավականին հեշտացնում են աղջիկ ընտրելու գործը: Էլ կարիք չկա ծանոթ-բարեկամներից հարցում անել քեզ հետաքրքող անձի մասին: Պարզապես հավաքում ես քեզ համապատասխան անուն, ազգանունը և «աղջիկն ափիդ մեջ է»: Բայց այլ հարց է, թե որքանով է շահեկան այդ տեղեկատվությունը:

Սոցցանցերին հետևող ամեն մեկը կզգա, որ նոր սերունդ է եկել, որը թաքցնելու ոչինչ չունի և հաճույքով և ամենայն պատրաստականությամբ ի ցույց է դնում իր կյանքը: Սոցցանցերը, մեր համոզմամբ, արտացոլում են նոր սերնդի վարքն ու բարքը, հոգեբանությունն ու ճաշակը, պահանջմունքներն ու նախասիրությունները: Դրանք, ֆեյսբուքը մասնավորապես, իրենց կառուցվածքով, բնույթով այնպիսին են, որ ուղղակի դուրս են կորզում տեղեկատվությունը, նույնիսկ օգտատերերին ուղղված հարցերը կարծես մտերիմ մարդուն տրված, հետին միտք չպարունակող պարզ հարցում լինի՝ ի՞նչ եք մտածում դուք ( «Ձեր վաղվա գործողությունները Ձեր այսօրվա մտքերի արդյունքն են,-հիշեցնում են հոգեբանները, իսկ Աստվածաշունչը «զգուշացնում է». «Ձեր հետագա քայլերը Ձեր մտքերի պտուղն են, այդ պատճառով է թշնամին հետաքրքրված Ձեր մտքերով): Եզրակացությունները թողնենք ընթերցողներին և շարունակելով նշենք, որ սոցցանցերի օգտատերերը (մենք հարցում ենք անցկացրել ֆեյսբուքի շուրջ 200 օգտատիրոջից) նշում են, որ իրենք առավելագույնս անկեղծանում են հենց վիրտուալ շփման ժամանակ, ավելի ազատ են իրենց ցանկությունների, նպատակների մասին խոսելիս և բնավ չեն թաքցնում իրենց համակրանքներն ու հակակրանքները: Այլ կերպ ասած՝ լիարժեքորեն պատասխանում են «Ի՞նչ եք մտածում Դուք» հարցին: Ֆեյսբուքում սա «ստատուս» բաժինն է, որում էլ լայնքով ու երկայնքով արտացոլված է օգտատերերի «կարգավիճակը»:

Հարցվածների մի մասն այն կարծիքին է, որ սոցցանցերում «մշտական բնակություն» գտած մարդկանց կյանքում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ: Նրանք ուշադրության, սիրո, նվիրվածության ու գնահատված լինելու կարիք են զգում և դա ստանալու համար պատրաստ են դիմել ամեն միջոցի՝ տեղադրել արտառոց նկարներ, գրել ամենատարբեր ստատուսներ՝ սովորականից  մինչև տարօրինակն ու զավեշտալին:

Օգտատերերից մեկն իր էջում ծննդյան օրվա լուսանկարներն էր տեղադրել՝ վրան մեծ աչքաուլունք՝ գրությամբ՝ «թող չարերը բախտիս չնախանձեն» և «չար աչքին չար փուշ»:

Սիրահարված մեկ այլ աղջիկ իր նկարին կցել էր Քրիստոսի նկարն ու սիրած տղային ստատուս ուղղել. «Թեկուզ մամադ դեմ է, բայց Աստված մերն է», «Լավ էղի, որ նախանձողը լավ նեղվի», «Ես պատրաստի գիժ եմ», «Իմ սեր, դու նման ես «Կարմիր գլխարկը» հեքիաթին. քեզ անգիր գիտեմ, բայց էլի լսում եմ», «Գժվում եմ քեզ համար, կյանքս» (մի աղջիկ իր կատվին) և այլն:

Մեզ հետ զրույցում օգտատերերը պատմեցին նաև իրենց նախընտրելի «ստատուսների» մասին: Նրանց հիմնականում հետաքրքրում են սեղմ, բայց բովանդակալից ու դինամիկ «ստատուսները»: Խոհափիլիսոփայական ենթատեքստով երկար-բարակ գրառումները շատերի սրտով չեն:

«Ամենալայքվածները» հումորային ստատուսներն են, որոնք շատ արագ տարածվում են և «հիթ տասնյակում» գրավում առաջին տեղը: «Իրականում չեզոք ստատուսներ չկան,- խոստովանեց զրուցակիցներիցս մեկը,- «բոլորին» ուղղված ստատուսն ու նկարը իրականում մեկ հոգու է ուղղված. ֆեյսբուքի ամեն մի «բնակիչ» իր կյանքում ունի այն մեկը, որի համար (կամ ի հեճուկս որ) լավատեսական գրառումներ է անում և գեղեցիկ լուսանկարներ տեղադրում. իբրև՝ տես, առանց քեզ ինչ երջանիկ եմ ու գնալով գեղեցկանում եմ»:

Ֆեյսբուքում հայտնվելու դրդապատճառը շատերը համարեցին անձնական խնդիրները: Իհարկե, բազմաթիվ են այն օգտատերերը, որոնք ցանցերից օգտվում են գործնական նկատառումներից ելնելով (գովազդ, PR, աշխատանքի փնտրտուք, օրվա լրահոսին ծանոթանալու, հետաքրքիր տեղեկատվություն ձեռք բերելու արագ միջոց և այլն), սակայն, ինչպես ցույց տվեցին մեր հարցումները, լիարժեք կյանքով ապրող, հոգեպես բավարարված ու հետաքրքիր աշխատանքով ծանրաբեռնված անձինք վիրտուալ իրականությունից այդպիսի կախվածություն չունեն, իրենց ուրախությունների ու վշտերի մասին ժամ առ ժամ տեղեկատվություն չեն զետեղում իրենց էջում՝ փորձելով ինչ-որ բան ապացուցել վիրտուալ տիրույթի բարեկամներին: «Մեր կարծիքով՝ իսկական երջանկության կամ տխրության մասին չեն ազդարարում ամբողջ աշխարհին,- նշեց զրուցակիցներիցս մեկը,- այդպիսի մարդիկ իրականում ուշադրության, բարոյական աջակցության կարիք են զգում և, չստանալով դա անմիջական շփումներում, դիմում են վիրտուալ ընկերներին, որոնցից ոչ մեկը մյուսի հանդեպ իրական պատասխանատվություն չի կրում: Այստեղ դրսևորվում է նաև 21-րդ դարի քաղաքացու նոր մտածողությունն ու հոգեբանությունը՝ երևալ՝ առանց լինելու, պահպանել թվացյալ բարեկամությունը՝ առանց այն ջանքերի, որ ենթադրում են ճշմարիտ ու անկեղծ հարաբերությունները»:

Առանձին թեմա են ֆեյսբուքում զետեղված լուսանկարները: «Որքան շատ է հավանության արժանանում էջին տեղադրված լուսանկարը, այնքան բարձրանում է ինքնագնահատականս, -խոստովանեց հարցվածներից մեկը:- Չհավատաք, եթե Ձեզ փորձեն համոզել, իբրև անտարբեր են իրենց լուսանկարի հանդեպ եղած արձագանքներին: Ոչ ոք հենց այնպես չի զետեղում իր գեղեցիկ լուսանկարը: Հակառակ դեպքում ինչո՞ւ այդ նկարը չեն փակցնում սենյակի պատին, եթե այդքան անկարևոր է ուրիշների արձագանքն ու վերաբերմունքը»:

Օգտատերերից շատերը նշեցին, որ լուսանկարներին արված հաճոյախոսություններն ու դրական մեկնաբանությունները անասելի բարձրացնում են ինքնագնահատականը, ստիպում իրենց ավելի գեղեցիկ ու սիրված զգալ: «Մենք «սնվում» ենք այդ հաճոյախոսություններով, արժևորված ենք զգում: Եվ երբ դարձյալ ուշադրության ու գնահատանքի կարիք ենք զգում, էջին հայտնվում է հերթական նոր լուսանկարը»,- սա օգտատերերից մեկի խոստովանությունն էր: Ավելորդ է նշել, որ սոցցանցերում զետեղվում են գերազանցապես գեղեցիկ լուսանկարները՝ հաջողված կյանքի դրվագներով:

Հոգեբանների համոզմամբ՝ սոցցանցերի բացասական ազդեցություններից մեկն էլ այն է, որ մարդիկ, տեսնելով մյուսներին այդպես երջանիկ, մտածում են, որ իրենց կյանքում ինչ-որ բան այն չէ և ընկնում դեպրեսիայի մեջ: Իսկապես էլ, այդ լուսանկարներին նայելիս կարելի է մտածել, որ բոլորը հովիվուդյան աստղի կյանքով են ապրում. ոչ մի կենցաղ, ոչ մի հոգս, իսկ կանանց գերակշիռ մասը կատարյալ գեղեցկուհիներ են: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը նման գրությունն էր զետեղել իր էջում. «Երբ մենք հանդիպեցինք, նա ասաց՝ զարմանալի է. դու նման ես ֆեյսբուքի քո լուսանկարին»:

Սոցցանցերից իրենց կախվածության մասին խոսեցին շատերը. «Երբ մեկ շաբաթ չօգտվեցի ֆեյսբուքից, հայտնվեցի նյարդային, լարված հոգեվիճակում: Նույնիսկ անպետքության զգացում ունեի: Թեկուզ աշխատում էի, բայց ինձ գործազուրկ էի զգում, կարծես հեռացվել, ազատվել էի աշխատանքից, կարևոր գործընթացներից: Ես երբեմն ծոմ եմ անում՝ առողջական նկատառումներից ելնելով: Խոստովանեմ՝ թեև դա ինձ շատ է օգնում, բայց հոգուս խորքում ինձ զրկված եմ զգում: Ճիշտ նույն զգացումն ունեի այդ մի շաբաթվա ընթացքում, երբ սոցցանցից չէի օգտվում: Ինքնագնահատականս հավասարվել էր զրոյի»,- պատմեց մի կին:

Վերջերս ֆեյսբուքում հայտնվեց մի նկար՝ մի մեծ տուփից, որի վրա նշված էր f/ֆեյսբուք/, թասի մեջ (վրան գրված «էգո») լցվում էին հավանության նշանները՝ «լայքերը»: Մեկը մեկնաբանություն էր թողել՝ այսքան «սովա՞ծ» ենք: Ավելի դիպուկ չէր կարելի բնորոշել այն հոգեվիճակը, որով տենդագին կապվում է սոցցանցերին այսօրվա քաղաքացին: «Սոված»՝ բարի խոսքի, բարոյահոգեբանական աջակցության, ճանաչված ու գնահատված լինելու, բարեկամական միջավայրում գտնվելու, այսինքն՝ այն ամենի, ինչը բավարարում է մարդու ես-ը՝ էգոն: Իսկ այդ ամենի բացակայությունն իրական կյանքում առաջացնում է մենության զգացում, որի մասին խոստովանեցին շատերը: «Մեկը սեր է փնտրում այնտեղ, մյուսը գործնական նպատակներ է հետապնդում, բայց մարդիկ թերևս ամենից շատ մենակությունից են փախչում: Նրանք չեն համակերպվում այն մտքին, որ իրենք մենակ են,-անկեղծացավ ֆեյսբուքի « բնակիչներից» մեկը,- ուստի, մշտապես սոցցանցերում գտնվելով, նրանք իրենց ինչ-որ ամբողջության, հանրության կամ հասարակության մաս են զգում, ինչ-որ գործընթացի ակտիվ մասնակիցը, դրանով իսկ՝ լիարժեք ու կարևոր»:

Կեսգիշեր էր, համակարգչի էկրանի աջ կողմում փոքրիկ կանաչ լույսերը վառվում էին ծայրից ծայր. ֆեյսբուքի իմ բոլոր ընկերները ցանցում էին, գրեթե բոլորը: Ի՞նչ են փնտրում նրանք այնտեղ, մենության այդ ի՞նչ անհաղթահարելի զգացում է, որ փորձում է փարատել 21-րդ դարի քաղաքացին՝ ապավինելով անշունչ տեխնիկային:

ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031