«Եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, Հայաստանի ներքին արտադրողները կհայտնվեն լուրջ խնդիրների առջեւ»,-այսօր ԵՊՀ-ում փոխարժեքի տատանման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Սանչեսը:
Ըստ նրա, Հայաստանի տնտեսությունը խիստ դոլարայնացված տնտեսություն է, քանի որ հայերը նախընտրում են դոլար պահել, այդ պատճառով փոխարժեքի տատանումները ռիսկային են:
Ըստ Թերեզա Սանչեսի, դրամի արժեզրկումը սեպտեմբերից էր սկսվել, բայց իրականանում էր շատ սահուն, մինչդեռ ուրիշ երկրներում ավելի թռիչքային արժեզրկում էր նկատվում, օրինակ` Վրաստանում, բայց հետո կայունացավ: Նրա խոսքով, դրամի արժեզրկումն իր ազդեցությունն է ունենում ներմուծման գների վրա, այսինքն` այս ճշգրտման արդյունքում ներմուծվող ապրանքների գները բարձրանում են. «Մինչեւ նոյեմբեր գնաճը Հայաստանում համեմատաբար ցածր էր, նոյեմբերին 2, 6 տոկոս էր կազմում, երբ դրանից հանում ենք գնաճի տատանողականության տարրերը, սրանից հետևությունն այն է, որ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, որ կարողանում է կլանել այդ ցնցումները»:
Ռուսաստանում, ըստ նրա, տնտեսության կլանողականությունն ավելի վատ վիճակում է, քանի որ ռուբլու արժեզրկման համատեքստում գնաճը իննը տոկոս է կազմում:
Կարդացեք նաև
ԱՄՀ ներկայացուցչի խոսքով, ՀՀ բյուջեում կան որոշակի հնարավորություններ տնտեսությանն աջակցելու համար, իսկ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ սոցիալական խոցելի խմբերը դրամի արժեզրկման հետեւանքի արդյունքում լուրջ ազդեցություն կկրեն.« Այս իրավիճակում բյուջեն գործադրելուց բացի Հայաստանն այլ գործիքներ ունի, դրանց մի մասը ԿԲ-ի կողմից կիրառվում է՝ խոսքը վերաբերում է միջազգային պահուստներին, դրանց միջոցով միջամտություն է կատարվել շուկային, այն կօգնի, որ շուկայի մասնակիցները որոշեն փոխարժեքի նոր գները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ