Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային տրանսպորտը շուտով կարող է կանգնել. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 17,2014 12:32

Ինչպես հայտնի է, վերջերս գազալիցքավորման կայաններում գազի գինը կտրուկ բարձրացավ՝ 1 խմ-ի դիմաց 170-180 դրամի փոխարեն դառնալով 220-230 դրամ: Ինչպե՞ս գնաճը կանդրադառնա կանոնավոր ուղեւորափոխադրումների որակի վրա, կթանկանա՞ արդյոք ուղեւորավարձը։
Երեւանի քաղաքապետարանում դեռեւս սակագնի բարձրացման մասին որեւէ խոսակցություն չկա: Այնտեղ աշխատում են իրենց խոսքի տերը մնալ՝ խոստացել էին, որ այս տարվա ընթացքում ուղեվարձը չի թանկանա, այդպես էլ արեցին:

Իսկ սակագինը քննարկող հանձնաժողովը դեռեւս շարունակում է անժամկետ ուսումնասիրությունները: Դա էլ վրդովեցրել է փոխադրողների միության նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, որը պնդում է՝ ուղեվարձը հարկավոր է վերանայել, քանի որ սահմանած 100 դրամով աշխատելու դեպքում ուղեւորափոխադրման ոլորտը շուտով կդադարի շահագործվել. «Ինչպես գիտեք, անկախ օտարերկրյա փորձագետները գալով Հայաստան՝ հաշվարկ կատարեցին, որ ուղեվարձը պետք է լինի 157-ից մինչեւ 252 դրամ՝ կախված օգտագործվող վառելիքի եւ շարժակազմի տեսակից: Մենք այն ժամանակ հորդորում էինք սակագինը սահմանել 150 դրամ, 50 դրամ էլ լրավճար՝ դոտացիա ապահովել: Հիմա՝ գազի գների եւ պահեստամասերի հերթական թանկացումից հետո այդ գինն այլեւս չի կարող հատուցել մեր կատարած ծախսերը: Իրավիճակն այնպիսին է, որ մեկ ուղեւորի ուղեվարձի պայմանական գինը 250 դրամ է դարձել»:

Հրանտ Եղիազարյանը զգուշացնում է, որ տարեցտարի վիճակն ավելի է վատթարանալու այնքան, մինչեւ քաղաքային տրանսպորտն ընդհանրապես դադարի գոյություն ունենալուց, եթե ոլորտը բարձիթողի մնա, բարեփոխումներ չիրականացվեն:

Նրա տեղեկացմամբ՝ գազալցակայաններում գազի թանկանալուց հետո 51 համարի երթուղին սպասարկող ընկերությունը դադարեցրել է սպասարկումը: Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա փետրվարին չորս երթուղի էր դուրս եկել, ապրիլին երկուսը, ապա հասկանալի կլինի, որ ուղեւորափոխադրման համակարգը կաթվածահար լինելու շեմին է: Դա ակնհայտ է, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում վատթարագույն վիճակից խուսափելու համար:

Ուստի ուղեւորափոխադրողները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ հորդորելով անհրաժեշտ ամեն ինչ ձեռնարկել, որ քաղաքը չդատապարտվի առանց տրանսպորտի մնալու ճակատագրին: Նամակում փոխադրողները նշել են, որ իրավիճակից արդեն քաղաքային տրանսպորտի վարորդներ են բողոքում, ովքեր ստիպված են իրենց հասանելիք գումարից շատ ավելին հատկացնել մեքենայի վառելիքի, քսայուղերի ու անհրաժեշտ այլ պահեստամասերի համար: Իսկ դա զգալիորեն կրճատում է իրենց եկամուտը:

Ուստի ուղեւորափոխադրողները նախազգուշացնում են՝ եթե հանգամանքներից ելնելով որոշակի երթուղիներ դադարեն աշխատելուց՝ դա վարորդների նախաձեռնությունը կլինի, ովքեր չեն ցանկանում այլեւս ներկայիս պայմաններով աշխատել ու սպասարկել հասարակությանը: Իսկ վարորդների համար սահմանված գումարն ու պայմանները դժվար թե գրավիչ լինեն՝ գործադուլ անողներին փոխարինողներ գտնելու համար:

«Մենք նամակում ընդամենը ներկայացնում ենք իրավիճակը, քանի որ սեփական մեքենաներով երթեւեկող պաշտոնյաները գուցե չիմանան, թե ինչ է կատարվում ոլորտում, որն իրենց անմիջական վերահսկողության տակ է: Եվ ակնկալում ենք, որ գոնե հնարավոր վտանգների մասին իմանալուց հետո ինչ-որ միջոցներ կձեռնարկվեն՝ հասարակական բողոքի հերթական ալիքը կանխելու համար:

Ի՞նչ եք կարծում, եթե մարդիկ հնարավորություն չունենան տրանսպորտից օգտվել կամ եղած վատ պայմաններից առավել վատ որակի սպասարկում ստանան՝ կլռե՞ն, կհանդուրժե՞ն: Բողոքի այդ ալիքը կանխելու համար շտապ միջոցառումներ են հարկավոր»,- ասում է Հրանտ Եղիազարյանը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031