Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա վերջին իրավիճակը որոշ չափով կարող է մեղմանալ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 17,2014 12:08

Երբեմն խիստ տարօրինակ է Կենտրոնական բանկի պահվածքը։ Շուկայի մյուս մասնակիցներին մեղադրելով սպեկուլյատիվ խաղերի մեջ` իրականում ինքը եւս ներքաշվել է դրանում։ Չնայած տարադրամի հրապարակային սակարկություններով դոլարը վաճառում է, ասենք, 492 դրամով, այնուհանդերձ ամերիկյան արժույթի գինը պաշտոնապես սահմանում է 471 դրամ։

Ի՞նչ հիմքով, երբ շուկայում նման գին չկա, հայտնի չէ։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն։ Ո՞ւմ է փորձում դրանով հանգստացնել Կենտրոնական բանկը, պարզ չէ։

Հայաստանի արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումները ոչ միայն դուրս են եկել վերահսկողությունից, այլեւ կտրվել իրականությունից։ Որքան էլ այս տարի նվազել են Հայաստան մտնող տարադրամային հոսքերը՝ հանգեցնելով շուկայի հավասարակշռության խախտման, այնուհանդերձ թվում էր, թե այդ երեւույթը փոխարժեքների վրա չպետք է այդքան մեծ ազդեցություն թողներ։

Առավել եւս, որ տարվա այս շրջանի համար Կենտրոնական բանկը զգալիորեն սահմանափակել է նաեւ շրջանառության մեջ առկա կանխիկի զանգվածը։ Եթե անցած տարվա դեկտեմբերին այն 446 մլրդ դրամ էր, ապա այս տարի 406 միլիարդի սահմաններում է։ Ավելանալու փոխարեն, կանխիկի զանգվածը 40 միլիարդով կրճատվել է։ Բայց դա չի խանգարել, որ շուկայում պահպանվի բարձր լարվածությունը։

Ամեն դեպքում, ենթադրվում է, որ շաբաթվա վերջին իրավիճակը որոշ չափով կարող է մեղմանալ՝ պայմանավորված ամանորյա գնումների համար անհրաժեշտ տարադրամային միջոցների փոխարկումով։ Հայտնի է, որ դոլարի շարունակվող թանկացումների պայմաններում մարդիկ հայտնվել են սպասումների մեջ եւ առայժմ չեն շտապում իրենց տարադրամը վերածել դրամի՝ նախատոնական գնումներ կատարելու համար։

Սակայն դա բնականաբար չի կարող երկար տեւել։ Ինչ-որ պահից հետո նրանք ազատվելու են այդ տարադրամից։ Առավել եւս, որ դոլարի թանկացումը ազդում է նաեւ ապրանքների գների վրա, եւ այնքան էլ միանշանակ չէ՝ տարադրամը թանկ գնով փոխարկելու դեպքում քաղաքացիները շահո՞ւմ են, թե՞ տուժում։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031