Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը պետք է լիներ լայն, բաց եւ բոլոր հետաքրքրված կողմերի մասնակցությունը երաշխավորող գործընթացի արդյունք

Դեկտեմբեր 17,2014 11:55

Հայտարարություն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի ընդլայնված նիստի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» վերաբերյալ

Դեկտեմբերի 12,2014

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության դրված «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» որոշ առանցքային հոդվածների, դրա հետ կապված մի քանի սկզբունքային խնդիրների, ինչպես նաեւ նախագծի քննարկման ներկա գործընթացի վերաբերյալ:

ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը պետք է լիներ լայն, բաց եւ բոլոր հետաքրքրված կողմերի մասնակցությունը երաշխավորող գործընթացի արդյունք: Մինչդեռ, իշխանությունների կողմից նման շահագրգռվածություն ընդհանրապես չի նկատվում: Ավելին, կարծես փորձում են ամեն ինչ անել թաքուն եւ հապշտապ: Ասվածի համար որպես ապացույց վկայում է այն, որ ՀՀ արդարադատության նախարարին կից Հանրային խորհրդի մի շարք անդամների առաջարկը, որն արվել էր մոտ 2 ամիս առաջ, այն է՝ օրինագիծը քննարկել Խորհրդում, այդպես էլ մնաց անպատասխան: Նաեւ, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը ներկայացնում է մոտ 200 հասարակական կազմակերպությունների միավորում, չի հրավիրվել դեկտեմբերի 13-14-ին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված եւ ՀՀ արդարադատության նախարարության մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը:

Ավելին, ենթադրվում էր, որ «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ Օրենքի նախագիծը» պետք է մշակվեր՝ ավելի վաղ պատրաստված՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի հիման վրա` վերջինում առկա որոշակի հակասություններ առաջացնող մոտեցումների հնարավորինս հաղթահարման մտադրությամբ: Սակայն, ներկայացված օրինագիծը մի քանի կարեւոր եւ սկզբունքային հարցերում ոչ միայն չի հաղթահարում առկա հակասությունները, այլ խորացնում է մտահոգությունը` քաղաքացիական հասարակության կառույցների անկախությունը եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու առումով:

Մասնավորապես, «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը» շրջանառության մեջ դնելը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մի քանի հիմնավորումներով, որոնք նշված էին նաեւ հայեցակարգում: Դրանք են.

§  ՀԿ-ների համար սեփական առեւտրային գործունեության միջոցով ֆինանսական միջոցներ վաստակելու սահմանափակումները, ինչով պայմանավորվում է ՀԿ-ների կայունությունը,

§  Ոչ հստակ եւ դժվար մեկնաբանվող դրույթները, որոնք խոչընդոտում են կամավորների ներգրավվածությունը քաղաքացիական գործընթացներում,

§  Հանրային շահը դատարաններում պաշտպանելու հնարավորության փաստացի բացակայությունը գործող օրենքում,

§  Բարեգործությամբ զբաղվելու եւ բարեգործությունը ֆինանսավորելու խթանների բացակայությունը գործող օրենքում։

Վերը նշված հիմնավորումներից ոչ մեկը, բացառությամբ սեփական առեւտրային գործունեություն իրականացնելը, համարժեք անդրադարձ չի ստացել ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագծում, ավելին` օրինագծում ակնհայտ է առաջին հերթին հասարակական կազմակերպությունների գործունեությանը միջամտելու եւ այն վերահսկելու բացահայտ միտումը: Նշված՝ ոչ հիմնավոր գործառույթների համար ենթադրվում է օգտագործել անհրաժեշտ հանրային ռեսուրս, փաստորեն, այն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղելու փոխարեն:

Ներկայացված օրինագծում մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության գործունեությանն անհարկի միջամտելու եւ վերահսկելու միտում:

Հայտնելով մեր մտահոգությունները օրինագծի բովանդակության եւ դրա շուրջ հանրային գործընթացի վերաբերյալ, կոչ ենք անում՝ ձեւավորել բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ օրինագծի լայն եւ թափանցիկ քննարկումների օրակարգ` խուսափելով այդ օրենսդրական նախաձեռնության մեջ առկա ապակառուցողական, անհարկի հակասություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031