Համընդհանուր «կապիտալիզմի»
պայմաններում «սառը պատերազմ» հնարավոր չէ
Համացանցը ու համաշխարհային մամուլը վերջին շրջանում պարբերաբար գուժում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ սկսվող կամ արդեն սկսված «սառը պատերազմի» մասին: Պատերազմը, նույնիսկ եթե այն կոչվում է «սառը» (իսկ աշխարհում, ցավոք, ընթանում են նաեւ «տաք» պատերազմներ), խելահեղություն է, մարդկանց ու նախեւառաջ քաղաքական գործիչների իռացիոնալ մտածելակերպի դրսեւորում: Նման մտածելակերպի տարրեր այսօր նկատվում են համաշխարհային հիմնական «խաղացողների»՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի վերնախավում, որտեղ հաճախ կարծրատիպերն ավելի ուժեղ են, քան բանական հաշվարկը: Որո՞նք են այդ կարծրատիպերը:
Ամերիկյան կարծրատիպ թիվ 1. «Մեր երկիրը համաշխարհային առաքելություն ունի՝ ողջ մոլորակում ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ներմուծելու: Իսկ եթե այնտեղ չեն ուզում ապրել՝ վայելելով քաղաքական ազատություններ, մենք այնպես կպայքարենք այդ ազատությունների համար, որ այդ երկրներում քարը քարին չենք թողնի»: Իրականում ազգեր կան, որոնք գերադասում են անազատ, անգամ ստրկատիրական կարգերը, եւ այդ ազգերին պետք է հանգիստ թողնել:
Ամերիկյան կարծրատիպ թիվ 2. «Իրանն ու Սիրիան մեր թշնամիներն են»: Այդ նախապաշարումը խանգարում է Միացյալ Նահանգներին դաշինք կազմել այդ երկու երկրների հետ ու վերջ տալ «Իսլամական պետությանը», որի գործունեությունը, որքան հասկանում եմ, հիմա հակասում է հենց ամերիկյան ազգային շահերին:
Կարդացեք նաև
Ամերիկյան կարծրատիպ թիվ 3. «Ռուսաստանը չպիտի լինի գերտերություն»: Դրան ուղղված տիտանական ջանքերը նպաստում են Չինաստանի ազդեցության մեծացմանը, ինչն, ի վերջո, կարող է Միացյալ Նահանգների համար շատ ավելի վտանգավոր լինել:
Ռուսական կարծրատիպ թիվ 1. «Ռուսաստանը կարող է գոյատեւել միան կայսրության կարգավիճակով՝ իր հպատակ ազգերով եւ տարածքներով»: Կարծես թե տեսականորեն եւ պրակտիկորեն ապացուցված է, որ 21-րդ դարում դա հնարավոր չէ՝ այդ տարածքները պետք է նախ զենքով նվաճել, իսկ այնուհետեւ դրանց վրա մշտապես հսկայական միջոցներ ծախսել, ինչը շատ հեռու է որեւէ բանական հաշվարկից:
Ռուսական կարծրատիպ թիվ 2. «Խորհրդային Միությունը պարտվել է սառը պատերազմում, որի ընթացքում չարամիտ ամերիկացիները փլուզել են Խորհրդային Միության նման հրաշագեղ երկիրը, իսկ հիմա եկել է ռեւանշ վերցնելու ժամանակը»: Իրականում այդ երկիրը հրաշագեղ չէր եւ փլուզվել էր կոմունիստական ուտոպիան կյանքի կոչելու անհեթեթ փորձերի պատճառով:
Ռուսական կարծրատիպ թիվ 3. «ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրն ուղղված է Ռուսաստանի դեմ»: Իրականում այստեղ պետք է գործի «եւ-եւ»-ի սկզբունքը, որը հնարավորինս կընդլայնի ազատ առեւտրի գոտիները՝ հանգեցնելով բազմաթիվ երկրների փոխշահավետ համագործակցության:
Բայց որքան էլ շատ լինեն «սառը պատերազմին» նպաստող գործոնները՝ դժվար է կանխատեսել Արեւմուտք-Ռուսաստան երկարատեւ, տասնամյակներ տեւող առճակատում, ինչպես որ դա եղել է 1945-1985 թվականներին: Իրավիճակը բացարձակապես այլ է:
1/ Այսօր գոյություն չունի գաղափարախոսական դիմակայություն՝ «սոցիալիզմն» եւ «կապիտալիզմը» իրար դեմ չեն կռվում եւ չեն փորձում ապացուցել միմյանց առավելությունները: «Բարիկադների» երկու կողմերում էլ կապիտալիզմ է, շուկայական հարաբերություններ, որոնք հիմնված են ապրանքների եւ գաղափարների փոխանակման վրա: Այդ՝ իր էության մեջ առողջ համակարգի հետ, ի դեպ, անհամատեղելի են բոլոր տեսակի պատժամիջոցները:
2/ Չկա ռազմական դաշինքների դիմակայություն՝ ՀԱՊԿ-ը չես կարող համեմատել «Վարշավյան պակտի» հետ ոչ մասշտաբով, ոչ էլ գործառույթներով: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրները, կարծես թե, ամենեւին էլ պատրաստ չեն իրար պաշտպանելու եւ անհրաժեշտության դեպքում համատեղ գործողություններ իրականացնելու:
3/ Ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում հնարավոր չէ «երկու ճամբարների» միջեւ «երկաթյա վարագույր» կառուցել: Այսօր աշխարհում ցանկացած մարդ առանց մեծ ջանքերի կարող է համակողմանի տեղեկատվություն ստանալ մոլորակի ցանկացած անկյունում կատարվող իրադարձությունների մասին: Իհարկե, կան մարդիկ, որոնք շարունակում են նստել «զոմբոարկղի» առջեւ: Բայց դա արդեն իրենց ընտրության խնդիրն է:
Այս ամենը հաշվի առնելով՝ ինձ թույլ տամ ենթադրելու, որ դասական իմաստով սառը պատերազմ չի լինի: Արեւմուտք-Ռուսաստան լարվածությունը կարող է տեւել մի քանի տարի, բայց ի վերջո, այսպես թե այնպես, կհանգուցալուծվի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2014
Եվրոպական կարծրատիպ.։ Ռուսաստանը գտնվում է քայքայման եզրին, բայց նրա քայքայումը ոչ մի պայմանով, թույլ տալ չի կարելի..)))…
Չինական կարծրատիպ։ Կարող ա գիտեք ծնունդներդ ա? …))))…