«Պաշտպանիր ինձ, Աստված, իմ ընկերներից, թշնամիներից ես ինքս կպաշտպանվեմ»
Ֆրանսուա դը Լառոշֆուկո
Հանրապետության փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պարզաբանումը՝ ազատամարտիկ հրամանատարներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ, մեկ անգամ էլ ապացուցում է 17-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործչի իրավացիությունը: Երանոսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է հանրապետության նախագահի մերձավորներից մեկը, իբր երկրի նախագահի հանդեպ իր հավատարմությունը ցուցադրելու նկատառումով հայտարարել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:
Նախ՝ ի՞նչ է նշանակում «իմ ներկայությամբ» արտահայտությունը, այսինքն՝ փոխոստիկանապետից քանի՞ մետր կամ կիլոմետր հեռավորության վրա կարելի է` առանց ականջները կտրվելու հեռանկարի, վիրավորել հանրապետության նախագահին: Իսկ ընդհանրապես՝ իր ներկայությամբ ո՞ւմ կարելի է վիրավորել կամ հայհոյել: Ինչ-որ հատուկ ցուցակ կա՞:
Հետաքրքիր է ՝ սրանով գեներալ-լեյտենանտ Երանոսյանը իր ա՞նձն էր փորձում կարեւորել, թե՞ նախագահին էր պաշտպանում: Իսկ նախագահը նման պաշտպանության կարիք ունի՞: Իմ կարծիքով՝ այդպիսի վնաս հանրապետության նախագահին եւ պետությանը թշնամին կարող էր հասցնել կամ էլ Լառոշֆուկոյի աֆորիզմի «ոխերիմ բարեկամը»: Եվ վերջապես՝ ի՞նչ է նշանակում «ես կաշկանդվելու բան չունեմ» արտահայտությունը: Մի՞թե մոռացել է փոխոստիկանապետը, որ պաշտոնատար անձինք եւ հատկապես օրենքի պահապանները հենց օրենքով էլ կաշկանդված են: Իսկ գործող որեւէ օրենսգիրք անձին, նույնիսկ նախագահին վիրավորելու համար շան թուլի պես ականջները կտրելու պատժամիջոց չի նախատեսում: Եվ ընդհանրապես՝ վիրավորանքը քրեորեն պատժելի արարք չէ, այն կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, որի համապատասխան հոդվածի համաձայն՝ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը արատավորել են վիրավորանքի միջոցով, կարող է դիմել դատարան: Այ, մարդ ծեծելը կամ ականջներ կտրելը արդեն քրեորեն պատժելի արարքներ են:
Կարդացեք նաև
Բայց հարգարժան պաշտոնյան, ու, ցավոք, ոչ միայն նա, այլ կերպ է մտածում: Իբր նախագահին պաշտպանելով՝ մեկ նախադասությամբ ազդարարում է, որ մեզ մոտ օրենքը չի գործում, այլ գործում է տղայական, կիսագողական ինքնադատաստանի մտածելակերպը:
«Այ էսպես եք պաշտպանում, որ խիարը թարս ա բուսնում»՝ երեւի ասել է հանրապետության նախագահը: Իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, որի արդյունքում, ինչպես հաստատել է ոստիկանության լրատվական վարչությունը, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն: Բայց արդյոք նկատողությունը բավարա՞ր է Երանոսյանի եւ նրա նման շատ պաշտոնյաների մտածողությունը փոխելու համար: Իրավական երկրում հրապարակավ այդպիսի սպառնալիքներ հնչեցնողն ընդհանրապես կզրկվեր ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Գուցե իսկապե՞ս մեր երկրում վարունգը թարս է աճում:
Գուցե դա՞ է պատճառը, որ թաղային ցանկացած հեղինակություն, ով անօրինականությունների միջավայրում զգում է իրեն՝ ինչպես ձուկը ջրում, եւ չի ուզում որեւէ կերպ զիջել «ամենակարողի» դիրքերը, հարկ է համարում հաշվեհարդար տեսնել ցանկացած ընդդիմախոսի հետ: Անցած շաբաթների գործողությունները դրա տխուր վկայությունն են. Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզում, ընդդիմության գործիչների եւ անգամ պատգամավորի ծեծ: Հավանաբար այս հանցագործներն էլ իրենց հերթին մտածել են, որ հենց այդպես պետք է ցուցադրել նվիրվածությունը տերերին:
«Դա օրինական է, որովհետեւ ես եմ այդպես ուզում»՝ սիրում էր կրկնել Լյուդովիկոս 16-րդը: Հայաստանում վաղուց արքաներ չկան: Թեեւ իրեն թաղային հեղինակություն կարգած ամեն ոք փորձում է թագավորիկի պես պահել ու դիկտատորական վարքագիծ դրսեւորել, բայց դրա գինը շարքային քաղաքացիները լավ գիտեն: Ու գիտեն նաեւ, թե որ տիպի իշխանությունն է, որ «կաշկանդված չէ ոչ մի օրենքով»:
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2014