Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանական» ուժերը խիստ նեղացրել էին Հայաստանի ընտրության դաշտը

Դեկտեմբեր 17,2014 15:30

Ըստ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի` «Պուտինը ցույց էր տալիս մեր
Ազատության հրապարակն ու ասում Սերժ Սարգսյանին` դու չես գալիս, իրենք կգան»:

– Պարոն Ենոքյան, եթե ամփոփեք 2014 թվականը, ի՞նչ նշանակալի իրադարձություններ կառանձնացնեք:

– Արտաքին քաղաքականության մեջ, կարծում եմ, կարեւորագույն համաշխարհային պրոցեսը Ռուսաստանի էքսպանսիան, ագրեսիան էր Ուկրաինայում, ինչպես նաեւ դրան հետեւած մի քանի իրադարձությունները` նավթի գների շեշտակի անկումը, Ռուսաստանի, ինչու չէ` դրան հաջորդող արդեն Հայաստանի տնտեսության շեշտակի վատթարացումը: Այս տարվա մյուս կարեւորագույն իրադարձությունը «Իսլամական պետության» առաջացումն էր, եւ հիմա, կարծես, դրա արձագանքն ենք լսում Հյուսիսային Կովկասում: Գալով մեր տարածաշրջանին` կառանձնացնեի Ղարաբաղյան հակամարտության գոտում երկու աննախադեպ սրացումները` օգոստոսին, ապա նոյեմբերին հայկական ուղղաթիռի խոցումը, ինչպես նաեւ ղարաբաղյան բանակցային գործընթացի որոշակի ինտենսիվացումը, նախ` Վլադիմիր Պուտինի բարձր հովանու ներքո Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, այնուհետեւ Ուելսի եւ Փարիզի հանդիպումները:

– Իսկ ներքաղաքական դաշտում ի՞նչ իրադարձություններ կկարեւորեիք:

– Ներքաղաքական գործընթացներում կառանձնացնեի այն, որ «ոչ իշխանական» ուժերն, այնուամենայնիվ, հանրահավաք անցկացրեցին, հետո միմյանցից նեղացան, ապա բարիշեցին: Այժմ բաժանորդագրություն է ընթանում «ոչ իշխանական» ստատուսի հավակնորդների շրջանում: Հիմնականում այս գործընթացն էր, ըստ «ոչ իշխանական» ուժերից մեկի առաջնորդի, մեր անշեղ ընթացքը Եվրասիական տնտեսական միության արահետով, ինչը, կարծես թե, անընդհատ խոչընդոտների է հանդիպում` ոչ մեր ցանկությամբ, իհարկե:

Serj_Putin
– Վերջին օրերին մի քանի բռնություններ իրար հաջորդեցին, ինչո՞վ եք բացատրում դրանք, ո՞ւմ էր ձեռնտու այսպիսի մթնոլորտի ձեւավորումը:

– Մենք ականատես ենք պրոռուսական ուժերի նկատմամբ բռնությունների կիրառմանը: Կարծում եմ՝ մեկ-երկու բացթողումը իշխանավորների կողմից, հավանաբար, փորձ արվեց օգտագործել այլ ուժերի կողմից` իրավիճակը սրելու համար, եւ այստեղ որոշակի վտանգ կա, որ մենք հետ կգնանք 90-ականների վերջ, երբ բռնությունների ահագնացող թափը զսպելու անվան տակ երկրում չի բացառվի հեղաշրջման իրականացումը: Կարծում եմ, որ իշխանությունները բավականաչափ զգոն կգտնվեն` թույլ չտալու նման զարգացման հնարավորությունը: Ակնհայտ է, որ եղան զուգադիպություններ` իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից բավական գռեհիկ ու լկտի բռնություններ կիրառվեցին, իսկ դրանք օգտագործեցին այլ ուժեր, որպեսզի դրան զուգադրեն իրենց կողմից մշակված որոշակի սցենարներ:

– Եթե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը չի հաջողվում, ԵՏՄ-ն չի դառնում կենսունակ կառույց, ինչո՞ւ ենք մենք գնում դեպի այդ միություն, ի՞նչ խնդիր ենք լուծելու մեր երկրի համար:

– Այստեղ պետք է երկու գործոն դիտարկել. նախեւառաջ՝ երբ Սերժ Սարգսյանն անսպասելի շրջադարձ կատարեց դեպի Եվրասիական միություն, ի՞նչ ուներ նա իր թիկունքում՝ նա ուներ «ոչ իշխանական» ուժերի մի խումբ, որն առաջնորդվում էր ռուսական եւ բելառուսական գործակալներով, որոնք Սերժ Սարգսյանին այլ տեղ չէին թողնում գնալու, այսինքն` Պուտինը ցանկացած պահի ցույց էր տալիս մեր Ազատության հրապարակն ու ասում Սերժ Սարգսյանին` դու չես գալիս, իրենք կգան, այնպես որ՝ Հայաստանը ընտրություն չունի, դու գուցե ունես ընտրություն, բայց Հայաստանը չունի… Այս առումով, կարծում եմ, իսկապես «ոչ իշխանական» ուժերը խիստ նեղացրել էին Հայաստանի ընտրության, մանեւրելու դաշտը: Դրանից հետո Հայաստանն իր չընտրության պայմաններում ստիպված էր այս ուղով գնալ, արդեն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը կարող են իրենց պայմաններն առաջ քաշել, միմյանց հետ բանակցել` Հայաստանին որպես «պատանդ», գործիք պահելով եւ ՀՀ անդամակցության հարցը պարբերաբար առաջ քաշելով:

Այս համատեքստում կարեւոր է դիտարկել, թե ընդհանրապես իշխանությունը կամ մի պետությունը մեկ այլ պետությանն ինչպե՞ս կարող է վերահսկել: Երկու հիմնական ձեւ կա` մեկը պարգեւի ակնկալիքն է, որ եթե ընտրում ես մի երկրի պահանջած ուղին, ապա դրա դիմաց կպարգեւատրվես, իսկ մյուսը ուղղակի սպառնալիքն է, այսինքն` գիտակցում ես, որ եթե դա չանես, ապա կպատժվես: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ խնդիրների առջեւ է կանգնած այսօր Ռուսաստանը, արդեն բավական դժվար է հասկանալ, թե Ռուսաստանից ինչ պարգեւ կարելի է ակնկալել, այսինքն` մենք այս մահամերձ պետության հետ ինչո՞ւ ենք ճանապարհ գնում: Եվ ընդհակառակը՝ եթե Ռուսաստանն այսքան թույլ է, ինչպե՞ս կարող է մեզ պատժել:

– Մեզ մոտ սովորաբար այս հիմնավորումն է` տեսեք, թե ինչ եղավ Ուկրաինայում, առաջ է քաշվում անվտանգության պահպանման հարցը:

– Շշուկներով խոսակցությունների առիթով, թե անվտանգության պատճառով էր Հայաստանը ստիպված մտնել Եվրասիական միություն, կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ այդ խոսակցությունների վրա էլ լույս սփռվի, տեսնենք, թե անվտանգության ի՞նչ սպառնալիքներ են եղել, ո՞ւմ են սպառնացել՝ Հայաստանի՞ն, թե՞ Ղարաբաղին, թե՞ հայկական ղեկավարության էլիտայի որոշ անդամների են սպառնացել պատժամիջոցներով: Ժամանակն է, որպեսզի այս հարցերին պատասխան տրվի:

– Հայաստանի իշխանությունը մանեւրելու դաշտ ունի՞, եթե նույնիսկ համարենք, թե բավական ծանր իրավիճակում գտնվող Ռուսաստանին, այնուամենայնիվ, հաջողվում է գործի դնել ԵՏՄ:

– Մանեւրելու դաշտ, այնուամենայնիվ, կա: Մանեւրելու այդ դաշտը նախեւառաջ պայմանավորված է Եվրասիական միության հեղհեղուկ վիճակով, նրանով, որ այդ միությունը դեռ չստեղծված՝ արդեն սկսվում է քանդվել, դա կախված է նաեւ նրանից, որ հիմա այնպիսի տնտեսական իրավիճակ է բոլոր երկրներում, որ նրանք այդ ինտեգրացիոն պրոցեսների վրա այնքան ուշադրություն չեն դարձնի, որքան սեփական «կաշին» փրկելու: Ի վերջո՝ Հայաստանի անդամակցության հարցը դեռեւս վավերացված չի ԵՏՄ-ի` մեր բարեկամ երկրների մեծ մասի կողմից, եւ հաջորդը, որը շատ ավելի կարեւոր է` եկող տարվա տնտեսությունը նախագծելիս, բյուջեն կազմելիս ոչ ոք հաշվի չի առել ԵՏՄ-ի անդամակցության հանգամանքը: Այսինքն՝ շատերը, նույնիսկ իշխանության ներսում, չեն հավատում, որ այդ կառույցը իրականություն կդառնա:

– Հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությունը հետխորհրդային երկրներում, ՌԴ-ի կողմից իր դերի ցուցադրումը, ազդեցության ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կարո՞ղ ենք ասել, որ եվրոպական քաղաքականությունն էլ որոշակիորեն պարտվեց ռուսականին:

– Եվրոպական քաղաքականության մեջ կային մեծ բացթողումներ, մեծ սխալներ: Մեծ բացթողում եմ համարում այն, որ ի սկզբանե դրվեց ամենահնչեղ ակորդը, երբ ասվեց, որ չի կարելի վարել «եւ-եւ»-ի քաղաքականություն, այլ միայն` «կամ-կամ»: Սա առաջացրեց Ռուսաստանի լրջագույն հակառեակցիան: Մյուս կարեւոր թերացումն այն էր, որ Եվրոպան, կարծես, փորձում էր Պուտինի հետ «լավ ոստիկան» խաղալ` փորձելով նրան խրատել, խելքի բերել: Դա շփոթմունք էր:

Բայց միաժամանակ եվրոպական քաղաքականությունն ունեցավ մեկ չափազանց կարեւորագույն հաջողություն` Պուտինի վարած երկդիմի քաղաքականությունը մեծ հաշվով չբերեց նրան, ինչին Պուտինն էր ձգտում, այսինքն՝ չհանգեցրեց Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ճեղքի առաջացման, նրանց միջեւ վեկտորների հեռացման, այլ ի վերջո՝ նրանք շատ ավելի համընթաց առաջ շարժվեցին` դիմագրավելով Ռուսաստանի կողմից սպառնալիքներին:

– Ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ վտանգներ եք տեսնում այդ համագործակցությունների համատեքստում, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

– Ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս չափազանց բարձր մակարդակի վրա են, եւ դրանք անհրաժեշտ են բոլոր կողմերին: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հնարավոր սպառնալիքներին, բավարար է միայն այն, որ Սոչիի հանդիպման ժամանակ Ղարաբաղյան կարգավորման ողջ պատմության ընթացքում թերեւս առաջին անգամ էր, որ Իլհամ Ալիեւը դեմ չէր, որպեսզի Ռուսաստանը միայնակ հանդես գա որպես միջնորդ: Ըստ էության, Ալիեւը նաեւ դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը, եւ դրա մեջ կա տրամաբանություն. Ալիեւը գիտակցում է, որ Ռուսաստանը գնում է փլուզման, եւ հիմա ռուս խաղաղապահների ձեռքով իր համար նոր սահմաններ ձեռք բերելը, նոր կարգավիճակ հաստատելը ընդունելի է: Թեկուզ մեկ-երկու տարի էլ այդ խաղաղապահները տեղակայվեն` դա շատ բարձր գին չի պահանջի Ադրբեջանի համար, որովհետեւ մի քանի տարի հետո այդ խաղաղապահները Ռուսաստանի հետ միասին միեւնույն է՝ հեռանալու են այս տարածաշրջանից:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա հակասություններն, իհարկե, չափազանց մեծ են, մասնավորապես` «Իսլամական պետության», սիրիական խնդիրներում: Թուրքիան թեկուզ ծածուկ, բայց, այնուամենայնիվ, հովանավորում է իսլամիստներին, մինչդեռ վերջիններս արդեն իսկ հայտարարվել են Ռուսաստանի համար կարեւորագույն սպառնալիք, մասնավորապես, օրինակ` Չեչնիայի հետ կապված: Բայց մյուս կողմից՝ բնական է, որ Ռուսաստանը դուրս մղվելով եվրոպական շուկայից` պետք է ձգտի այլ շուկաներ գտնել, իսկ Թուրքիան բավական հզոր, գնողունակ շուկա է, եւ այս առումով բնական է այս երկու երկրների մերձեցումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Քաղաքական տեսաբանը ջուր է ծեծում: Տպավորությունն այնպիսին է կարծես խաշի սեղանի շուրջ զրուցում է իր բաժակակիցի հետ 🙁

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031