Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բոմժ չեմ, ես տուն ունեմ»

Դեկտեմբեր 17,2014 15:00

Ասում է Շարա Տալյանի թոռնուհին

«Նստեցրել են այստեղ ու փորձաճագարների պես ինձ փորձում են, տեսնեն՝ որքան կդիմանամ: Մեկ տարի է՝ փողոցներում եմ, անցորդներն են ուտելու բան բերում, մարդիկ ողորմություն են տալիս, բայց ես մուրացկան չեմ: Մարդիկ ինձ առեւտրականի, դիսպետչերի, տեղեկատուի տեղ են դնում, հարցնում են՝ այս համարն ո՞ւր է գնում: Վեց տարի բարձրագույն եմ սովորել, նկարիչ եմ, բանաստեղծ, գրքերի հեղինակ, սակայն այսօր մի այնպիսի իրավիճակում եմ հայտնվել, որ մնացել եմ անտուն: Խաբեությամբ ինձնից տունս վերցրել են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Ռուզաննա Բաբաջանյանը, որը հայտնի երգիչ Շարա Տալյանի դստեր՝ Լուսիկ Տալյանի աղջիկն է: Ձմռան այս ցրտին տիկին Ռուզաննան օր ու գիշեր կանգառում է անցկացնում: Որքան էլ մի քանի տակ հագուստներ է հագնում, ոտքերը փաթաթում տաք շորերով, միեւնույն է՝ չի օգնում, անշարժ վիճակում նրա մարմինը չի տաքանում ու անընդհատ դողացնում է: Այս տիկնոջ «ժամանակավոր բացօթյա կացարանից» մոտ 100 մետր հեռավորության վրա են գտնվում մի քանի սոցիալական նախարարություններ, ՀՀ կառավարությունը, որտեղ մեր քաղաքացիների ու երկրի բարեկեցության համար հազարավոր որոշումներ են ընդունվում:

bomj_1 bomj_3

Սակայն, չգիտես ինչու, այդ որոշումներից որեւէ մեկը տիկին Ռուզաննային չի առնչվում, այդ գերատեսչություններից որեւէ մեկի պատասխանատուները Ռուզաննա Բաբաջանյանին չեն նկատում: Այսօր արդեն տիկին Ռուզաննայի մոտ առողջական լուրջ խնդիրներ են սկսվել. մեզ հետ զրույցի ժամանակ նա անդադար հազում էր. կասկածում է, որ մոտն արդեն թոքաբորբ է սկսվել: Եթե տաք եղանակին փողոցում մնալը Ռուզաննայի առողջության վրա լուրջ հետեւանք չի թողել, ապա օրեցօր սաստկացող ցուրտը կնոջ առողջության վրա անդառնալի հետեւանքներ կթողնի: «Էլ չեմ դիմանում, ուժերս սպառվել են, այս ցրտին մեկ օր անգամ չեն կարող մնալ փողոցում, բայց ես արդեն մեկ տարի է՝ փողոցներում եմ»,- ասում է Ռուզաննա Բաբաջանյանը՝ հրաժարվելով անօթեւանների համար նախատեսված որեւէ կացարան տեղափոխվել. «Ես տուն ունեմ, ես բոմժ չեմ, թող արդարադատությունը արդար դատ անի, ու ես ապրեմ իմ բնակարանում»:

«Առավոտի» հետ զրույցում Ռուզաննա Բաբաջանյանը պատմեց, որ ունենալով սեփականության իրավունքով իր անունով գրանցված Երեւանի Ղ. Փարպեցի 9 ա շենքի 12 բնակարանը՝ չի կարողանում մուտք գործել իր բնակարան, քանի որ այն զբաղեցնում են իր ընտանիքի հեռավոր բարեկամները, որոնք խաբեությամբ խլել են բնակարանը նրանից: Մինչդեռ տիկին Ռուզաննան պնդում է, որ հանդիսացել է այդ բնակարանի 1/3 մասի սեփականատերը: Կենտրոնում գտնվող բնակարանը Ռուզաննան ժառանգել է ծնողների մահից հետո եւ իր բաժնեմասի համար գրանցել է սեփականության իրավունքը: Սակայն երկու տարի առաջ նա տեղեկացել է, որ իբր թե իր բնակարանը նվիրատվությամբ տվել է հեռավոր բարեկամներին:

Տիկնոջ խոսքերով. «Մինչեւ դատավարությունը վերջանա, ես էլ չեմ դիմանա: Հոկտեմբերին ես դատը շահել եմ, հիմա պետք է ոստիկանները նրանց հանեն իմ տնից, ու իմ բաժինն ինձ տան: Ես կկարողանամ այդ գումարով կենտրոնում մի նորմալ տուն գնել ու ապրել: Բայց ոչ ոք մատը մատին չի տալիս: Այդ մարդիկ երեք տուն ունեն՝ Սարյանի վրա, Կոմիտասում, Ամառանոցային փողոցում, բայց այդքանով չբավարարվեցին եւ աչք դրեցին իմ տան վրա»:
Ռ. Բաբաջանյանը Լուսիկ Տալյանի միակ ժառանգորդն է: Սակայն, ինչպես Ռուզաննա Բաբաջանյանն է պատմում, իր բարեկամները օրենքի խախտումներով տունը նվիրատվություն են ձեւակերպել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031