Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Աբովյանի լեղապարկի քարի մեծությունից է կախված` նրան բանակ կտանե՞ն, թե՞ ոչ

Դեկտեմբեր 17,2014 14:30

«Տղաս համալսարանը ավարտելուց հետո երբ անցավ առաջին բուժզննությունը, պարզվեց, որ փայծաղը մեծացած է: Տարբեր բժշկական կենտրոններում անցնելով տարբեր հետազոտություններ՝ հասանք հեմոտոլոգիայի արյունաբանական ինստիտուտ, որտեղ էլ ասացին փայծաղի մեծացման պատճառը` հեմոլիտիկ անեմիա, որի ժամանակ արյան կարմիր գնդիկները քայքայվում են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է զինակոչիկ Գեւորգ Աբովյանի հայր Արայիկ Աբովյանը: Նրա խոսքերով՝ հեմոլիտիկ անեմիայի տեսակը դեռ ճշտված չէ, եւ ըստ բժիշկների՝ Հայաստանում չեն կարող հստակ ախտորոշել: Գեւորգը այժմ արյունաբանական կենտրոնում դիսպանսեր հսկողության տակ է եւ ամեն ամիս արյան անալիզ է հանձնում:

«Սկզբում հետաձգեցին 5 ամսով՝ նորից ուղարկելով հետազոտման Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ հետազոտման արդյունքում պարզվեց, որ նաեւ լեղապարկում քար կա, հետագայում գրեցին, որ խոլեստերոզ է, բայց վերջնական չեն հաստատել»,- պատմում է Արայիկ Աբովյանը` ավելացնելով, որ խոլեստերոզի եզրակացությամբ որդուն 2015 թվականի հունվարի 17-ին պետք է զորակոչեն ՀՀ բանակ:

«Առաջինը թող պարզեն՝ եթե հիվանդություն չկա, թող գնա ծառայի, եթե կա, թող բուժեն՝ նոր տանեն բանակ: Արյունաբանական կենտրոնը չի կարողանում ճշտել այդ հիվանդության տեսակը, ու եթե չեն կարողանում որոշել՝ ինչպե՞ս են եզրակացություն տալիս, բան չեմ հասկանում»,- ասաց Գեւորգի հայրը:

zorakochik-(2)

Զինակոչիկի հայրը ներկայացնում է Գեւորգ Աբովյանի առողջական խնդիրները:

Այս խնդրին հանձնաժողովը նման որոշում կայացրեց. որոշել նախ լեղապարկի քարերի չափը եւ քանակը, որը հստակ նշված չէր, եւ հետո անցնել հաջորդ խնդրին: Եթե հաստատվի միայն քարի չափը, որը նախնական տվյալներով՝ նորմայից մեծ էր, տղան արդեն չի զորակոչվելու:

Ծնողներից մեկն էլ խնդրանք-դիմումով ներկայացնում էր, որ որդին բրոնխների հետ խնդիրներ ունի եւ ամեն օր տարբեր ժամերի երեք տեսակի դեղ է խմում:
Մայրը խնդրում էր, որ տղային այնպիսի վայր զորակոչեն, որ եւ չբարդանա որդու վիճակը, եւ մոտ լինի Երեւանին, որպեսզի կարողանա տղայի դեղերը հասցնել:

Մոր խնդրի վերաբերյալ հանձնաժողովը որոշեց, որ տղայի մոտ լուրջ առողջական խնդիրներ կան, եւ պետք է նա նորից հետազոտում անցնի: Այնուհետեւ սահմանել բուժում, որը կատարվում է անվճար, արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման աստիճանը եւ մինչեւ միջնորդության քննարկումը տղային չզորակոչել:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ լինում է՝ այլ խնդրով գալիս են ու այլ խնդիր է բացահայտվում, որ առողջական խնդիրը ճիշտ չի ախտորոշվել: «Եղել է դեպք, որ զինակոչիկի զորակոչը 4 անգամ հետաձգել են, բայց զորակոչմանը 5-րդ անգամ էր գալիս. վրիպում էր եղել, այսինքն՝ եթե 4 անգամ համարվում է ոչ պիտանի, մեխանիկորեն հաշվառվում է պահեստազորում»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը երեկ անցկացրեց 2014-2015 թվականների ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների առաջին քննարկումը: Դիմում-բողոքները ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում: Հանձնաժողովի նիստը անցկացվում է Հասարակական խորհրդի աշխատավայրում` յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: Այս պահին, ըստ հանձնաժողովի նախագահի, կա 60 դիմում, որից 23-ը երեկ քննարկվեցին: Բողոք-դիմումները հիմնականում կապված են զինակոչիկների առողջական խնդիրների հետ, որոնցից մի քանիսին էլ մենք ծանոթացանք հանձնաժողովի նիստի ժամանակ:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը
հանձնաժողովի անդամների հետ որոշում է կայացնում:

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031