Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ ջազ նվագելու համար պարտադիր չէ ամերիկացի լինել

Դեկտեմբեր 17,2014 14:00

Լեհ վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Լեշեկ Մոժջերի երեւանյան եզակի համերգը, որ կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 13-ին, արդյունք էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության համագործակցության:
«Առավոտի» հետ զրույցում 43-ամյա երաժիշտն ասաց, որ առաջին անգամ դաշնամուրի առջեւ է նստել 5 տարեկանում: Հետո էլ հավելեց, թե դա ծնողների ցանկությունն էր, թեեւ իր խոսքերով՝ հետագայում չկարողացավ «պոկվել» դաշնամուրից: Ստանալով հիմնավոր կրթություն, Լեշեկը 18 տարեկանում հրապուրվում է ջազով: Վերջին տասնամյակում աշխարհին հայտնի լեհ դաշնակահարի այցեքարտը հանդիսանում է Շոպենի ստեղծագործությունների հիման վրա ջազային վարիացիաները: Ռեպլիկին, թե իրեն արեւմտյան մամուլը հաճախ անվանում է շոումեն-ջազ դաշնակահար, Մոժջերը պատասխանեց. «Առաջին հերթին ջազային իմպրովիզներով անդրադառնում եմ Շոպենի, Պրոկոֆեւի, Ստրավինսկու եւ Ռախմանինովի ստեղծագործություններին, հետո նոր տրադիցիոն եւ ժամանակակից ջազային արվեստին: Երբեք չեմ հրաժարվում հարցազրույցներից, լուսանկարվում եմ հանդիսատեսիս հետ, նույնիսկ կատակում:

Սիրում եմ բեմից շփվել նրանց հետ: Չեմ կարծում, թե շոու եմ ստեղծում…»: Հիշեց ժամանակին տարբեր երկրներում, այդ թվում՝ Նյու Յորքում՝ Քարնեգի հոլում համատեղ համերգը աշխարհահռչակ Ալան Մակոնիչեի հետ: Առանց որեւէ ամոթխածության նշեց նաեւ Չիլիում 15 հազար հանդիսականի ներկայությամբ առաջին անգամ հնչեցրած օպերան՝ գրված Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» պիեսի հիման վրա: Կեսկատակ-կեսլուրջ ուղղեցինք հետեւյալ հարցը, թե ջազ նվագելու համար պարտադի՞ր է լինել ամերիկացի, ավելի ճիշտ՝ սեւամորթ: «Համաձայն չեմ տարածված այդ կարծիքին: Հենց ամերիկացիների հետ բազմաթիվ իմ ելույթներում նրանք երբեք չեն բողոքել, թե, ասենք, սվինգի հարցում թերանում եմ: Փոխարենը նշել են, որ ես իրենց ջազային ալբոմները քիչ եմ լսել: Նրանց չէի բացատրի, որ ախր ես լսել եմ Ռախմանինով, Պրոկոֆեւ, Շոպեն, Ստրավինսկի… Իհարկե, ես այնպես չեմ մատուցում ջազ, ինչպես ամերիկացիները»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հայկական երաժշտությանը կամ հայ ջազմեններին, Լեշեկ Մոժջերն ասաց, որ տարբեր առիթներով հանդիպել է հայ երաժիշտ կատարողների անունների, իսկ ջազմեններից ճանաչում է միայն, իր խոսքերով՝ տաղանդավոր ջազմեն Տիգրան Համասյանին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031