Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական տոլեռանդություն խաղալու ֆոնին չպետք է մոռանալ Ջեմալ փաշային»

Դեկտեմբեր 17,2014 13:30

Խորհուրդ է տալիս քաղաքագետն ու հայտարարում, որ թուրքամետ հայեր էլ կան

Հայոց ցեղասպանությունը ծրագրած եւ իրականացրած ոճրագործներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Երեւանում էր, այն էլ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, այսինքն` հենց այն ժամանակ, երբ վերջինիս այցը նպատակահարմար չէր ու առիթ դարձավ աղմուկի, բուռն քննարկումների:

Թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալի՝ Հայաստան ժամանելը եւ նրա հետ հանդիպումը միանշանակ չընկալվեց. մեզ ներկայացվեց նրա հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որով, ըստ էության, նա ընդունում է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրում, մյուս կողմից էլ՝ մեր հյուրը իր պապին սպանողներին անվանում է «ավազակախմբի անդամներ», իսկ Արցախի մասին գրում, թե 1992-93թթ. հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20%-ը: Թե ինչու Հասան Ջեմալի երեւանյան այցն աղմուկի պատճառ դարձավ, կամ որն էր նրան մեզ մոտ տեսնելու իմաստը, ինչու նա գնաց Երեւանի պետական համալսարան՝ հանդիպելու երիտասարդ սերնդի հետ, եթե խուսափելու էր խոսել պատմական իրական փաստերից, պատճառաբանելով, թե «Ես պատմաբան չեմ…», կամ` «Ղարաբաղի պատմությունը խորությամբ չեմ ուսումնասիրել, չեմ կարող վիճել պատմական փաստերի շուրջ», որի արդյունքում ուսանողները սկսեցին ընդվզել, բղավելով՝ ամո՜թ, այս մասին «Առավոտը» կարծիք հարցրեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցից:

Սերգեյ Շաքարյանցը խոսելով այն մասին, թե ինչով էր արդարացված Հասան Ջեմալի այցը՝ հետեւյալն ասաց. «Ես այդ միջոցառումների կազմակերպիչների ոչ տրամաբանությունն եմ հասկանում, ոչ էլ ցանկությունների ուղղությունը: Չմոռանանք, թե նա ում թոռն է, նա չի խոստովանում իր նախնիների մեղքերը, ներողություն էլ պրակտիկորեն չի խնդրում, ընդհակառակը` «Մոսկվա» կինոթատրոնում ասաց, որ ավազակները` այսինքն հայերը, սպանեցին… Բայց եթե նա լավ էր տրամադրված Հայաստանի նկատմամբ, պետք է ասեր, որ նրանք վրիժառուներ էին, որոնցից ամեն մեկը վրեժի իրավունք ուներ: Ես չեմ մեղադրում թուրքին, ստիպված եմ մեղադրել այն հայերին, որոնք ինչ-որ գրանտներ աշխատեցնելու, արդարացնելու նպատակով նման թուրքերի են բերում Երեւան: Նաեւ մեղադրում եմ այն պետական մարմիններին, որոնք աչքաթող են անում, ու գոնե չեն մեկնաբանում կատարվածը, այսքան իրադարձություններից հետո ինչ-որ բան չեն ասում: Ես հասկանում եմ, որ հիմա ընդունված է եվրոպական տոլեռանդություն խաղալը, բայց մի՞թե այս աստիճանի…Թուրքը գա Երեւան ու անպատվի մեր հերոսներին: Զարմանում եմ, որ նման մարդիկ՝ սա աչքաթող անողները, իրենց ՀՀ քաղաքացի են համարում: Համոզված եմ, որ այս ամենը կազմակերպիչներ ունի»:

Սերգեյ Շաքարյանցի խոսքով` Հասան Ջեմալն իր պապից ոչնչով չի տարբերվում, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ոմանց զարմացրել է բարձրացված աղմուկը, քաղաքագետը խորհուրդ տվեց նորից վերապրել ցեղասպանությունը, սակայն` «Թող զոհեր տան միայն իրենց ընտանիքներից ու այդ ժամանակ, երբ ցավ ու վիշտ զգան իրենց մաշկի վրա, հետո կխոսենք այդ մարդկանց հետ»:

Դիտարկմանն էլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արժե՞, արդյոք, այսպիսի մարդկանց հրավիրել Հայաստան, Սերգեյ Շաքարյանցն ասաց. «Բնականաբար՝ ոչ: Այ, եթե նման մարդիկ գան ու ներողություն խնդրեն հենց Ծիծեռնակաբերդում, այլ ոչ թե «Մոսկվա» կինոթատրոնում կամ ԵՊՀ-ում, արժեր ու սա կլիներ քայլ այն մասին, որ մեր դահիճների թոռները խոստովանում են ցեղասպանությունը: Իսկ կատարվածի առումով զարմանում եմ ոչ թե թուրքերի, այլ մեր հայերի վրա ու հասկանում եմ այսպես` նրանք ոչ թե հայ են, այլ թուրք ու պարզվում է, որ կան նաեւ թուրքամետ, թուրքասեր հայեր: Նրանք իրավունք չունեն հայ կոչվելու, պետք է զրկել ազգությունից»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M.Grigorian says:

    Ջեմալի թոռը ոչ թե եվրոպական թոլերանտություն է դրսևորում, այլ փորձում է լվանալ արյունը իր արյունարբու ցեղի վրայից: Չի ստացվի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031