Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկումները
Վերջերս հաճախակի կարելի է լսել, թե չնայած ընթերցողական ճգնաժամին, այնուամենայնիվ, Հայաստանում գրահրատարակչական ոլորտում մեծ ակտիվություն կա, ավելին՝ խոսվում է նան թարգմանական «բումի» մասին։ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է այդպիսի բնորոշում օգտագործել այսօր։ «Միանշանակ,- նշեց գրականագետը՝ հավելելով,- իհարկե, դա նախեւառաջ պետք է կապել որոշ անհատների՝ Սամվել Մկրտչյան, Զավեն Բոյաջյան, Արամ Թոփչյան, էլի ուրիշներ, գործունեության, մի քանի հրատարակչությունների, մասնավորապես՝ հենց մեր հրատարակչության որդեգրած քաղաքականության հետ»։ Նիկողոսյանի խոսքով, մի քանի տարի այլ հրատարակչություններ էին դաշտի, այսպես ասած, ընդգծված առաջատարը, բայց նրանք թարգմանում եւ հրատարակում էին համաշխարհային արդեն ճանաչված մշակութաբանական, փիլիսոփայական, գիտական ու գրական արժեքներ։
Այսօր թարգմանությունների բնույթն է ընդլայնվել։ Թարգմանվում են բազմաթիվ գեղարվեստական գրքեր, եւ շեշտը դրվում է ոչ միայն հանրահայտ անունների վրա, այլեւ ներկայացվում են նոր հեղինակներ։ Թարգմանական բումի առումով մեր զրուցակիցը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ այսօր գրեթե 90 տոկոսով թարգմանությունները կատարվում են բնագիր լեզուներից։ Նիկողոսյանի կարծիքով՝ թարգմանական բումի բնորոշիչներից մեկն էլ նախկինում չթարգմանված համաշխարհային կարեւոր արժեքների, մյուս կողմից՝ նախկին հանրահայտ թարգմանություններից հետո նույն գործը թարգմանելու խիզախությունն էր: «Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանությունը Սամվել Մկրտչյանի, Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», Ումբերտո Էկոյի «Վարդի անունից» վեպերի թարգմանությունը Զավեն Բոյաջյանի, Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատության» թարգմանությունը՝ Սերգեյ Մտեփանյանի, Շեքսպիրի «Համլետի» նոր թարգմանությունը Արամ Թոփչյանի կողմից մշակութային մեծ իրադարձություններ են։ Էլ չասած, որ վերջապես թարգմանվեց Օրուելի «1984»–ը, Պլատոնի զրեթե բոլոր երկերը …»,- փաստում է մեր զրուցակիցը։
Գրականագետի կարծիքով՝ թարգմանական այս շարժումն անտարակույս իր մեծ հետքը կթողնի նաեւ հայ գրականության զարգացման վրա։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Անտարես» հրատարակչության թարգմանական նոր ծրագրերին, Նիկողոսյանը հայտնեց. «Հայտարարել ենք «Կամուրջ» թարգմանչաց մրցույթը, որի նպատակը նոր թարգմանիչների հայտնաբերումն է։ Արդեն իսկ ունենք որոշ արդյունքներ այն առումով, որ 400-ից ավելի հայտ ենք ստացել, նաեւ լեհերենից, նորվեգերենից, եբրայերենից թարգմանություններ կատարելու համար։ 2015-ին հայ ընթերցողներին սպասվում են հրաշալի նոր թարգմանություններ՝ Միլան Կունդերա, Ժան-Պոլ Սարտր եւ այլն, չեմ ուզում փակագծերը մինչեւ վերջ բացել։ Սպասեք եւ կհամոզվեք, որ թարգմանական բում է»։
Կարդացեք նաև
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2014